«Վերջին օրերին, Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է լրջագույնս: Դեպքերը կտրուկ աճել են: Վերջին 14 օրվա ընթացքում դեպքերը կրկնապատկվել են»,- այսօր, հայկական միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Միայն երեկ եւ այսօր ռեկորդային թվեր են գրանցվել՝ 1058 եւ 1371 դեպք, համապատասխանաբար:
Համաճարակային իրավիճակի սրացումը, ԱՆ ներկայացուցիչը պայմանավորում է անվտանգության կանոնների չպահպանմամբ եւ բնակչության զգոնության թուլացմամբ: Ըստ նրա, վերջին իրադարձությունների արդյունքում բնակչության շփումները սերտացան, կուտակումներ եղան, հանրային տրանսպորտն էր սուղ եւ լեփ-լեցում փոխադրումներ էին իրականացվում, իսկ նման պայմաններում սոցիալական հեռավորության պահպանման մասին անիմաստ էր խոսելը:
Նա կարեւոր է համարում, որ այսօրվանից դպրոցներում դադարեցվել են դասապրոցեսները: Ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ հեռավար աշխատանքային ընթացքի անցնելու որոշումը՝ կախված աշխատանքի բնույթից: Համենայնդեպս, ԱՆ-ն գործատուներին հորդորում է՝ նման հնարավորության դեպքում ապահովել հեռավար աշխատանքային ընթացք, հատկապես, եթե հիմնարկներում կան ռիսկի խմբի մարդիկ:
Կարդացեք նաև
ԱՆ ներկայացուցիչը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ այդպիսով ապահովագրելով նաեւ համաճարակի՝ բանակ ներխուժելը:
ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի համավարակի վիճակագրություն ԶՈՒ-ի մասով, այս պահին չունենք: Քանի որ բանակը գտնվում է մարտական գործողությունների մեջ, նաեւ թեսթավորում չի իրականացվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ