Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վանաձորի կարի արտադրամասերում հանուն զինվորի՝ արտաժամյա գրաֆիկով են աշխատում. «Մենք  էլ կգնանք իրենց կողքը կկանգնենք, մենակ թե երեխեքի մատը փուշ չմտնի»

Հոկտեմբեր 15,2020 21:00

Պատերազմի առաջին իսկ օրից թիկունքը կանգնեց զինվորների կողքին: Վանաձորում գործող «Սարտոն» եւ «Գլորիա» կարի ֆաբրիկաները նույնպես իրենց ներդրումն ունեցան այս գործում: Ցուցաբերելով ոչ միայն դրամական աջակցություն՝ նաեւ սկսեցին ճակատում գտնվող հերոսների համար կարել անհրաժեշտ իրեր:

Մարինե Առաքելյան

«Սարտոն» կարի ֆաբրիկայի գլխավոր ինժեներ Մարինե Առաքելյանն ասում է, որ տնօրենի նախաձեռնությանը աշխատակիցները ոգեւորությամբ են արձագանքնել: Աշխատանքից հետո, մի կողմ դնելով հոգնածությունը, եռանդով ու սիրով մնում են ու ճակատ ուղարկելու համար քնապարկեր ու թիկնոցներ կարում. «Ճիշտ է, պատերազմի համար է, լավ առիթի համար չէ, բայց բոլորը սիրով, առանց ստիպելու ու պարտադրանքի աշխատանքից հետո մնում են ու կարում: Մենակ ցանկանում եմ, որ այս պատերազմը շուտ ավարտվի, տղաները շուտ հետ գան, ոչ մի մայր արցունք չթափի: Սպասում ենք միայն հաղթանակի»:

Ֆաբրիկայի աշխատակցուհի Արաքսյա Խաչատրյանն ասում է, որ քնապարկերի ու թիկնոցների հետ սեր ու ջերմություն են ուղարկում՝ փոխարենն այնտեղից սպասելով միայն լավ նորության. «Մեծ սիրով ենք կարում, որպեսզի այս սերը փոխանցվի մեր զինվորին: Որ երբ այդ հագուստը կրի, ինքը զգա, թե ինչ ջերմությունով ենք մենք դա կարել իրենց համար: Ուզում եմ, որ մեր զինվորները չընկճվեն մարտի դաշտում, իմանան, որ մեծ թիկունք ունեն, եւ իրենց սպասողներ կան: Մենք  էլ կգնանք իրենց կողքը կկանգնենք, մենակ թե երեխեքի մատը փուշ չմտնի, վերադառնան իրենց տները»:

«Սարտոն» կարի ֆաբրիկան 300 քնապարկ եւ 100 թիկնոց է ուղարկել զինվորներին, այժմ աշխատում են նոր խմբաքանակի վրա:

Լեռնիկ Վարդանյան

Նոր խմբաքանակի  վրա են աշխատում նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները: 1000 հատ տաք ծածկոցի, անջրաթափանց սավանների ու ձմեռային արտահագուստի առաջին խմբաքանակը արդեն հասել է իր հասցեատերերին, այժմ նորերն են կարում, որ սահմանում կանգնած զինվորը հանկարծ չմրսի. «Ամեն ոք ունի հարազատ, որ այսօր գտնվում է ճակատում, եւ յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում, որպեսզի րոպե առաջ այդ հագուստը տեղ հասնի: Պետք լինի՝ գիշերն էլ կմնանք, որպեսզի կարողանանք աջակցենք մեր զինվորին: Տա Աստված, այս հագուստը, որը հիմա կարում ենք, հագնեն միայն խաղաղ ժամանակ»,- ասում է ֆաբրիկայի արտադրության տնօրեն Լեռնիկ Վարդանյանը:

Այստեղ եւս աշխատում են արտաժամյա գրաֆիկով: Աշխատում են հույսով, որ պատերազմին հաշված րոպեներ են մնացել, եւ որ իրենց զինվորը ողջ ու առողջ վերադառնալու է տուն. «Զուգահեռում ենք մեր աշխատանքները նաեւ պատվիրատուների հետ, եւ մինչեւ երեկոյան 22:00-ն մնում են գործից հետո, որպեսզի կարեն: Նույնիսկ մեր աշխատանքից ազատված բանվորուհիներն էլ եկել են, նստել-կարել, որպեսզի մենք հասցնենք առաքենք, քանի որ դրա կարիքը խիստ ունեն: Չեմ կարծում, որ մեր որեւէ աշխատակից կարող է դեմ գնալ, բոլորը մեծ սիրով աշխատում են»,- ասում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրության տնօրեն Հասմիկ Ջուլհակյանը:

Հասմիկ Ջուլհակյան

Թամարա Աքուլյանի որդին նույնպես սահմանում է: Ասում է՝ այժմ ինքը ֆիզիկապես տղայի կողքին գտնվելու հնարավորություն չունի, բայց վստահ է՝ մայրական աղոթքները հաստատ իրենց գործն անում են. «Իմ տղան էլ է դիրքերում, փորձում ենք մի օգուտ էլ մենք տանք: Ոնց ճանապարհել ենք, այդպես էլ ընդունենք, թեկուզ վիրավոր, բայց ամենակարեւորը, որ մեր երեխաները վերադառնան: Միայն լավ նորության ենք սպասում: Այս կերպ էլ փորձում ենք մեր երեխաներին աջակցել»:

Արտադրամասերում կարված անհրաժեշտ իրերի հետ ուղարկում են նաեւ իրենց օրհնանքներն ու աղոթքները, իսկ հագուստների գրպանները դնում են կոնֆետ, ծխախոտ, գուլպաներ ու այլ իրեր, որոնք մայրը կուղարկի իր երեխայի համար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031