Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։
Փոխվարչապետն ընդգծել է որ Ադրբեջանի և Թուրքիայի հանցավոր գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը և խաղաղ բնակչության թիրախավորումը չեն կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից և որ Արցախի ժողովրդի գոյութենական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ և իրականացմամբ։
Կարդացեք նաև
Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին կառուցողական համագործակցության համար:
Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում նաև առաջիկա մասհանումների իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները:
Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը գոհունակությամբ են նշել, որ արդեն ուժի մեջ են մտել երկու նոր բյուջետային աջակցության ծրագրեր՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ 1» և «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»:
Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ չնայած կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններին Կառավարությունը նաև շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ կառավարություն