Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման զինատեսակների օգտագործումը բացահայտում է քաղաքացիական բնակչությանը բնաջնջելու միտումը». իրավապաշտպան

Հոկտեմբեր 15,2020 18:16

«Հաշվի առնելով դեպքերի զարգացումները, արձագանքի ձեւերը, հնչեղությունը, տարածումը` միանշանակ կարող եմ պնդել, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը համարժեք չէ: Շատ ավելի փոքր մասշտաբի մարդու իրավունքների խնդիրներին անհամեմատ ավելի մեծ աղմուկ է հաջորդել, մինչդեռ այս հակամարտությունն աննախադեպ է՝ արգելված զինատեսակների գործածությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ ձեռնարկած պատերազմին միջազգային կառույցների արձագանքներին՝ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել էր՝ ոչ մի արդարացում չկա, թե ինչու են միջազգային իրավապաշտպան կառույցները լռում, թե ինչու չեն գալիս Արցախ եւ արձանագրում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները:

Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ պատմության մեջ դժվար է գտնել պատերազմներ, երբ նման փոքր տարածքում նման ինտենսիվությամբ օգտագործվել են հրթիռային-կասետային զինատեսակներ, որոնց գործածությունն արգելված է քաղաքացիական բնակավայրերում. «Հումանիտար իրավունքի կարեւորագույն սկզբունքն է՝ քաղաքացիական բնակավայրի եւ ռազմական օբյեկտի, զինվորական անձանց տարբերակումը, ինչն այս դեպքում չի ապահովվել: Նման զինատեսակների օգտագործումը բացահայտում է քաղաքացիական բնակչությանը բնաջնջելու միտումն Ադրբեջանի կողմից: Նման պայմաններում միջազգային կառույցների արձագանքը գնահատում են անհամարժեք»:

Թե որոնք կարող են լինել նման արձագանքի պատճառները, մեր զրուցակիցը նշեց. «Ցավով պետք է ընդունել այն իրողությունը, որ միջազգային կառույցները գտնվում են ֆինանսավորման գոտիներում, ունեն իրենց ցանցերը եւ ենթարկվում են ցանցային ազդեցությունների եւ չեն կարող ամբողջովին օբյեկտիվ գործունեություն իրականացնել: Նաեւ հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը մեծապես ասոցացվում է նավթային բիզնես վարող ազդեցիկ պետությունների եւ լոբբիստական խմբերի հետ, որոնք էլ անխուսափելիորեն առնչվում են իրավապաշտպան դաշտին, ուստի փորձում են չներքաշվել այս հարցերի լուսաբանմանը եւ արհեստականորեն իրենց չզրկել ադրբեջանական ֆինանսավորման ուղղակի կամ անուղղակի աղբյուրներից: Մեծ քաղաքականության մեջ մարդու իրավունքները եւ արժեքները ստորադասվում են հանուն շահերի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031