«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղրզոյան Մաթոսի հետ ծանոթացել եմ 1988թ․-ին արցախյան շարժման ժամանակ՝ Արթիկի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման ընթացքում։ Նրա կողմից կազմավորած ջոկատը առաջիններից էր, որ մասնակցեց Հայաստանի սահմանների պաշտպանությանը՝ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Այդ ժամանակ Հայաստանի ամենալարված հատվածն էր։
1991թ․-ին Մաթոսը ընտրվեց Արթիկի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։ Մի քանի ամիս հետո աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց գործադիր կոմիտեին՝ գտնելով, որ պետական պաշտոնը իրենը չի, բայց ընդառաջելով գործադիր կոմիտեի խնդրանքները՝ նա ավարտին հասցրեց իր կողմից ղեկավարվող սեփականաշնորհման գործընթացը, որը իրականացրեց ամենաբարձր մակարդակով և թողեց պետական պաշտոնը։
Նա աշխատում էր իր տնտեսությունը ստեղծել, միաժամանակ՝ իր մասնագիտությամբ աջակցելով տարածաշրջանի գյուղացիությանը։
Մաթոսը չէր հանդուրժում այն մթնոլորտը, որ ձևավորվել էր Հայաստանում և անում էր իրենից կախվածը խոչընդոտելու քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորմանը և պատահական չէ, որ նա հայտնվեց մարդակեր համակարգի թիրախում՝ 1997-2000թթ․-ին ամեն կերպ փորձում էին շինծու քրեական գործով նրան մեկուսացնել՝ ինչը չհաջողվեց։
Ղրզոյան Մաթոսը մեծ ներդրում ունեցավ Հայաստանում ձևավորված քոչարյանա-սարգսյանական կլանի դեմ պայքարում։ Նա 1998թ․-ին դարձավ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրներից մեկը, Շիրակի մարզի պատասխանատուն և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2006թ․-ին ակտիվ դերակատարում ունեցավ «Այլընտրանք» հասարակական քաղաքական կազմակերպության աշխատանքներին, 2007թ․-ին՝ «Իմպիչմենթ» դաշինքի ակտիվ մասնակից, 2008-2012թթ․-ին «Հայ Ազգային Կոնգրես» շարժման առաջամարտիկներից։ Նա շատ էր նեղվում, որ իր պայքարակից ընկերները գտնվում են անազատության մեջ և օր ու գիշեր պայքարում էր նրանց ազատության համար։ Նա իր հարկի տակ էր ընդունում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նստած բոլոր քաղբանտարկյալների հարազատներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։
Կարդացեք նաև
Մաթոսը հայի մարդու այն տեսակն էր, որին, ցավոք, շատ քիչ կարող ես հանդիպել։ Նա չէր հանդուրժում անարդարությունը, կեղծիքը, սուտը, նա ընտանիքի լավ հայր էր, պապիկ, ընկեր և ամենակարևորը հայրենիքի նվիրյալ։
Աստված հոգիդ լուսավորի, Մաթոս ջան։
Փա՜ռք մեր բոլոր զոհերին։
Փա՜ռք մեր բանակին»։