Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանել է միջազգային դիտորդների խումբ՝ աշխատելու ՀՀ-ում եւ Արցախում

Հոկտեմբեր 15,2020 16:53

«Amnesty international-ից բացի, հանդիպել եմ նաեւ International partnership for human rights-ի արձագանքին, որը հեղինակավոր կառույց է: Շատ զարմանալի է, որ այս պահին փոքր թվով միջազգային կառույցներ են արձագանքել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ ձեռնարկած պատերազմին միջազգային կառույցների արձագանքներին՝ ասաց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ նախագահ Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել էր՝ ոչ մի արդարացում չկա, թե ինչու են միջազգային կառույցները լռում, թե ինչու չեն գալիս Արցախ եւ արձանագրում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները:

Տիկին Կարապետյանը նշեց. «Թե ինչու միջազգային կառույցները չեն արձագանքում, դժվարանում եմ ասել, բայց իրականում դա անթույլատրելի է, որովհետեւ իրավապաշտպան կառույցը, անկախ իր հարաբերություններից, անձնական կապերից, գուցե նաեւ՝ նախասիրություններից, պետք է կարողանա հստակ դիրքորոշում հայտնել: Ավելին՝ պետք է կարողանա հստակ նշել երկու կողմերի խնդիրներն էլ: Հասկանում եմ, որ շատերի համար տեղեկատվության պակաս կա, որովհետեւ թե Հայաստանը, եւ թե Ադրբեջանը հայտարարում են իրադարձությունների մասին, որոնք, սակայն, ստացվում են իրար հակառակ: Գուցե միջազգային իրավապաշտպան կառույցները չեն կարողանում գնահատել իրավիճակը, որովհետեւ դեռ ինքնուրույն բավարար տեղեկատվություն չեն կարողացել հավաքագրել, այսինքն՝ իրենց տեսակետից չկան անկողմնակալ աղբյուրներ, եւ այդ դեպքում դժվար է արձագանքելը: Ամեն դեպքում, գոնե երկու կողմերին ուղղված կոչերով պետք է հանդես գային այս ընթացքում»:

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում է միջազգային դիտորդների խումբ. «Նաեւ տեղի մասնագետների հետ փորձելու ենք փաստահավաք աշխատանք անել, այսինքն՝ աջակցությունն, այնուամենայնիվ, կա: Նրանք ընդունել են «Հելսինկյան ասոցիացիայի» առաջարկը եւ իրենք էլ են կարեւորում, որ տեղում՝ առաջին ձեռքից պետք է հավաքագրենք ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հիմա զբաղված ենք դրանով: Տեղյակ եմ նաեւ, որ հայաստանյան կազմակերպություններն էլ են դրանով զբաղված, իսկ այս մեկը տարբերվում է միջազգային փորձագետների ներկայությամբ, եւ գուցե ավելի վստահելի կլինի նրանց աշխատանքը՝ որպես փաստերի անկողմնակալ արձանագրում: Նաեւ մենք էինք դիմել մեր միջազգային գործընկերներին, իսկ Հայաստանում արձագանքեցին նաեւ տեղի կառույցները: Հիմա նախապատրաստվում են խմբերը՝ Հայաստանի եւ Արցախի տարածքում մշտադիտարկում անելու համար: Խոսքը ռազմական հանցագործությունների ուսումնասիրման միջազգային փորձ ունեցող մասնագետների մասին է, որոնք աշխատել են, օրինակ, Վրաստանում, Ուկրաինայում եւ եկել են միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031