«Յոթ որդով սեղան նստես» օրհնանքն ամենատարածվածներից է հայ հասարակության շրջանում: Հատկապես ավանդական հայ ընտանիքներում կարեւորում է արական սեռի երեխան, ու նորապսակներին մաղթում են, որ գոնե առաջնեկը տղա լինի, որ օջախը ծխա: Ավելի ժամանակակից երիտասարդ հայրիկները, որոնք աղջիկ երեխաներ ունեն, տղաների հայրիկ իրենց ընկերներին կատակով խայթում են, թե տղայից տղա է ծնվում, լավ տղայից՝ աղջիկ: Ցավոք, պտղի սեռով պայմանավորված` հղիության ընդհատումները մի շրջան Հայաստանում վախեցնող թվերի տեսք ունեին:
Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն-2019» վիճակագրական տարեգրքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականին մինչև 12 շաբաթական հղիության փուլում արհեստական ընդհատումների 9207 դեպք է գրանցվել, իսկ 12-22 շաբաթականում հղիության փուլում արված ընդհատումների թիվը կազմել է 1197։
Ամեն տարի հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը: Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ Աղջիկ երեխայի միջազգային օրը նշել է 2012 թ. հոկտեմբերի 11-ին: Արդեն քանի տարի է, հայ հայրիկները սիրով են նշում այդ օրը, եւ ֆեյսբուքի իրենց էջերում հրապարակում են իրենց դուստրերի լուսանկարները՝ գրելով, թե որքան երջանիկ են: Յուրատեսակ այդ ֆլեշմոբի շնորհիվ սոցիալական ցանցը այդ օրը բարիանում ու գեղեցկանում է:
Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Եվա Օհանյանը նշում է, որ արքետիպային կարծրատիպ է արու զավակ ունենալը կարեւորելը, որովհետեւ մենք ճակատագրի բերումով մշտապես պատերազմի մեջ ենք գտնվել ու գտնվում. «Արու զավակը ենթագիտակցորեն պաշտպան եւ զինվոր է, ազգանվան ու տոհմի շարունակողը: Այդ մտայնությունն առաջ ավելի շատ էր, եւ մարզերում հիմա էլ ընդունված է: Շատ դեպքերում աղջիկկներն իրենց նեղացած ու ճնշված էին զգում: Ինքս էլ ինձ վրա դա զգացել եմ, որովհետեւ ավելի վաղ սերնդի ներկայացուցիչ եմ: Մենք այժմ շատ դեպքերում առնչվում ենք նաեւ այն իրականության հետ, որ տղաները մեկնում են արտագնա աշխատանքի, եւ ծնողները մնում են աղջիկների հույսին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վերջին շրջանում աղջիկ երեխաների հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը, Եվա Օհանյանը պարզաբանելիս՝ վկայակոչում է Ֆրեյդին. «Հայրերն ավելի շատ կապված են լինում աղջիկների հետ, բայց դա տեղի է ունենում, երբ բալիկները երկու-երեք տարեկան են, եւ հայրիկները սկսում են հասկանալ աղջիկ ունենալու քաղցրությունը: Պատկերը հիմա փոխվել է, ֆլեշմոբերը, սելեկտիվ աբորտները շատ-շատ էին մեզ մոտ, եւ սելեկտիվ աբորտների հետեւանքը այն եղավ, որ կանայք վնասեցին իրենց առողջությունը, պակասեց գենոֆոնդը, դրա համար մի քիչ ազատվում ենք այդ արքետիպից:
Մյուս կողմից՝ պատերազմից հետո միտում կա, որ ավելի շատ տղաներ են ծնվում: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի, որովհետեւ մենք տրավմատիկ սթրեսի մեջ ենք այս պահին գտնվում, մեր պաշտպանական մեխանիզմներն են մեզ պահում, մենք կհասկանանք, թե ինչ է կատարվել ավելի ուշ, երբ կմտնենք հետտրավմատիկ սթրեսի փուլի մեջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ