Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից կամավոր Հայաստան ժամանած քաղաքացիների հիմնական խնդիրն այսօր կացարանով եւ սննդով ապահովելու հարցերն են». փոխնախարար

Հոկտեմբեր 15,2020 16:26

«Եթե այսօր ունենանք ռազմական իրավիճակի դադար, միեւնույն է, մարդկանց խնդիրները պետք է փուլ առ փուլ լուծվեն, քանի որ մարդկանց վերադարձը մեկ օրում տեղի չի ունենա»,-այսօր այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ: Թեման՝ Արցախից ժամանող քաղաքացիների խնդիրներն էին:

Տիկին Ժամակոչյանն ասաց, որ այդ ընտանիքներին շարունակելու են աջակցել ապագայում էլ, սակայն նախարարության սկզբունքային մոտեցումն է, որ արցախցիներին պատրաստակամ են աջակցել Արցախում, երբ ապահովի նրանց վերադարձը: Իսկ մինչ այդ` նախարարությունը զբաղված է համակարգման աշխատանքներով, կարիքների գնահատմամբ ու ուղղորդմամբ. «Նախարարությունը պատրաստ է սոցիալական ծառայություններ տրամադրել՝ խնամքի, սոցիալ-հոգեբանական վերականգնողական եւ այլն»:

Փոխնախարարն ասաց, որ Արցախից կամավոր Հայաստան ժամանած քաղաքացիների հիմնական խնդիրն այսօր կացարանով եւ սննդով ապահովելու հարցերն են:

Հարցին՝ ինչ լրացուցիչ միջոցներ են ներգրավել այդ խնդիրները լուծելու համար, Աննա Ժամակոչյանը պատասխանեց, որ ընթացիկ բյուջետային միջոցները նույն սկզբունքով ծախսել են, ինչը մինչ այժմ, քանի որ աջակցությունը հիմնականում ցուցաբերվում է գործընկեր հասարակական կազմակերպությունների, բարեգործների եւ քաղաքացիական հասարակության միջոցներով:

Քննարկման մասնակից Վորլդ Վիժն Հայաստանի Շահերի պաշտպանության եւ համագործակցության գծով փորձագետ Գայանե Մարտիրոսյանն ասաց, որ տրամադրել են տաք հագուստ, սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ: Ըստ նրա, Վորլդ Վիժն-ը վերանայում է իր ծրագրային ռեսուրսները, որ կարողանա ավելի մեծ քանակությամբ մարդկանց օգնել: Ներկայումս օգնում է 1500 ընտանիքի, սակայն բանակցություն են վարում ծրագրերի ֆինանսավորողների հետ, որպեսզի մինչեւ 9 հազար ընտանիքի կարողանան տրամադրել աջակցություն:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ տնօրեն Սաթենիկ Բաղդասարյանը գտնում է, որ պետությունը պետք է հստակ արգելի ինքնագործունեությունը, երբ անհասցե ու անհասկանալի ուղղությամբ գնացող ապրանքներ են հախուռն հավաքագրում. «Երբ մարդիկ որոշում են լավ բան անել, բայց ստացվում է, որ ոչ միայն չեն օգնում, այլ խանգարում են գործընթացին»:

Սաթենիկ Բաղդասարյանը կարեւոր համարեց պետության դերը երկրի ներսում գործող միջազգային կառույցների հետ աշխատանք տանելու հարցում եւս. «Որպեսզի հումանիտար մանդատ ունեցող կառույցները սկսեն երկրի ներսում փոխել իրենց գործունեության առաջնահերթությունները»:

Ասաց նաեւ, որ իրենց կազմակերպությունը աջակցում է տեղական մակարդակում ճգնաժամի հետեւանքների մեղմմանը, առաջնակի կարիքների բավարարման համար, որը ներառում է կացարանի, սննդի, հիգիենայի պարագաների տրամադրում, ուղղորդում տեղական ինքնակառավարման մարմիններ, սոցապնախարարություն եւ աջակցել է հագուստի տրամադրման հարցում:

Ըստ Սաթենիկ Բաղդասարյանի, այս օրերին նաեւ մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված քայլեր են կատարում, ինչպես նաեւ միջազգային կառույցներին հավաստի տեղեկատվություն են փոխանցում: «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, բողոքի ցույցերով արձագանքում է նաեւ միջազգային կառույցների զգուշավոր հայտարարություններին, կոչերին:

Կորոնավիրուսի աճի տեմպերով պայմանավորված էլ իրականացնում են իրազեկման աշխատանքներ ու դիմակներ են բաժանում: Երեւանի բոլոր համայնքներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031