Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական օդուժը մարտական գործողություններին մասնակցում է Ադրբեջանի ռազմական ավիացիայի կազմում

Հոկտեմբեր 15,2020 16:14

Այսօր ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը լրագրողներին պետք է ներկայացներ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին փաստեր: Սակայն խոսքը սկսեց լուրով, թե րոպեներ առաջ մեր բանակը խոցել է հակառակորդի հերթական ՍՈՒ-25 գրոհիչը:

Գարիկ Մովսեսյանի խոսքով, թուրքական F-16 ինքնաթիռները Ադրբեջան են բերվել հուլիսին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախօրեին ու չեն վերադարձել Թուրքիա, մնացել են Գյանջայում ու դեռ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Վարդենիսի, Հադրութի, Ստեփանակերտի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի սկսած պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին ինքնաթիռների հերթափոխ է իրականացվել ու նոր եկած ինքնաթիռները ակտիվ մասնակցել են մարտական գործողություններին՝ Հայաստանի եւ Արցախի ռմբակոծում եւ հրթիռակոծում:

Ապացույցներ.

1.Սեպտեմբերի 27-ին թուրքական զինված ուժերի F-16 երկու ինքնաթիռ խախտել են Հայաստանի օդային սահմանն ու ռմբակոծել Վարդենիսի Մեծ Մասրիկ եւ Սոթք բնակավայրերը:

2.Սեպտեմբերի 29-ին ժամը 12:16-ի մոտ Մինգեչաուրի ջրամբարի մոտ հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռները նկատել են մեր ՍՈՒ-25 ինքնաթիռը, որը հանրապետության խորքից գնում էր դեպի սահման: Թուրքերը խոցել են մեր ինքնաթիռը:

Այս ամենի դեմ Հայաստանի բողոքներից հետո Թուրքիան իր ինքնաթիռները տեղափոխել է Գաբալա օդանավակայան եւ մարտական գործողություններին մասնակցում է Ադրբեջանի ռազմական ավիացիայի կազմում՝ նախ օդ են բարձրանում թուրքական, ապա ադրբեջանական ինքնաթիռները:

Այս ամենը վերլուծելով, Գարիկ Մովսեսյանը թվարկեց թուրքական օդուժի առջեւ դրված խնդիրները. Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, Հայաստանին եւ Արցախին ռմբակոծելու ընթացքում աջակցում եւ գործողությունների պատսպարում:

Ի հավելումն, Ադրբեջանը կիրառում է թուրքական եւ իսրայելական ԱԹՍ-ներ:

Մինչ օրս մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամու 180 օդային հարձակման միջոց, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031