Լրահոս
Օրվա լրահոսը

«COVID-19-ի հետ կապված իրավիճակը, ցավոք, հունիսյան իրավիճակից ավելի վատ վիճակում է». ՀՀ ԱՆ պաշտոնյա

Հոկտեմբեր 15,2020 16:03

«Իրավիճակը, ցավոք, արդեն հունիսյան իրավիճակից ավելի վատ վիճակում է»,- «Մեդիա կենտրոնում» «Պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճ. ինչպե՞ս պայքարել» թեմայով քննարկմանը ահազանգեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նա փաստեց՝ եթե հունիսին ամեն օր ունենում էինք COVID-19-ի օրական 700-ի կարգի դեպք, ապա վերջին օրերին իրոք ունենք ռեկորդային թվեր:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1374 նոր դեպք:

Լուսինե Պարոնյանի փաստմամբ՝ դրա պատճառը նաև պատերազմական իրավիճակն է. մարդկանց կուտակումներ, փոխադրամիջոցներում կուտակումներ, թուլացել է մարդկանց զգոնությունը:

Այս առիթով նա ասաց. «Փոխանակ մենք օգնենք մեր առաջնագծին, մենք մեր առողջապահական համակարգը կանգնեցնում ենք բարդ իրավիճակի առաջ: Միևնույն է, հիվանդանոցների տեղերի թիվը սահմանափակ է: Պետք է ընտրություն լինի՝ հիվանդների՞ն բուժել, թե՞ Արցախից տեղափոխված վիրավոր զինվորներին: Այս ամենը լավ հասկանալով՝ մեր բնակչությունը պիտի կրկնապատկի իր զգոնությունը»:

Լուսինե Պարոնյանն ասաց, որ վարակի վարքագծի փոփոխություն չի նկատվում ու մանրամասնեց. «Վիրուսի վարքագծի փոփոխություն չի նկատվում վարակելիության իմաստով, թեև ավելի թեթև դեպքերն ավելի շատ են, քան նախկինում: Այս պահին կան 10 հազար ակտիվ դեպքեր, որոնցից 1600-ն է հիվանդանոցում գտնվում»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանն այս առիթով նկատեց. «Ամռան ամիսների ընթացքում մենք հասանք բավականին բարձր մակարդակի՝ հատկապես դիմակների կրման առումով և ունեցանք թվերի խիստ նվազումներ: Այն, ինչ սկսվեց դեռ սեպտեմբերի սկզբին՝ թվերի աճը, նկատվում է բոլոր երկրներում: Բնական է՝ երբեմն մարդիկ հոգնում են այդ նոր վարքից, օրինակ՝ դիմակ կրելուց, և իրենց համար պետք էր ինչ-որ արդարացում դիմակ չկրելու համար: Դա մարդկային ու հասկանալի է: Նույն միտումները դիտվում են տարբեր երկրներում: Մենք տեսնում ենք՝ վարչական լծակները չեն գործում այս պահին հասկանալի պատճառներով, քանի որ մեր վարչական օղակները զբաղված են շատ կարևոր հարցերով՝ ուժերը մոբիլիզացնելով, որ կարողանանք ռազմաճակատին ճիշտ օգնություն ցույց տալ: Այստեղ բնակչությունը մնում է իր գիտակցության հետ»:

Ըստ Վարդուհի Պետրոսյանի՝ այս պարագայում մարդկանց պետք է բացատրել, որ պետք է հետևել կանոններին ոչ թե սեփական առողջության համար, այլ որ թիկունքն ամուր լինի: Համեմատելով ներկայիս իրավիճակը նախկինի հետ՝ նա ասաց. «Մենք հասել էինք մի կետի, որ բոլոր թեստավորվողների հինգ տոկոսն էր դրական, իսկ այսօրվա դրությամբ նորից հասել ենք 35 տոկոսի: Բարձր թիվ է, և անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031