ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը «Մեդիա կենտրոնում» «Պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճ. ինչպե՞ս պայքարել» թեմայով քննարկմանն արձանագրեց՝ իրավիճակը բավականին ծանր է՝ կապված պատերազմական պայմանների և համավարակի տարածման հետ:
Նա հայտարարեց. «Սրա վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է եղել, որտեղ նշվել է, որ անհրաժեշտ է կասեցնել պատերազմական գործողությունները, որոնց հետևանքով մասնավորապես համավարակի տարածումն ավելի մեծ է դառնում: Խնդրի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, նշել է, որ պատերազմական գործողություններն անհրաժեշտ է դադարեցնել, քանի որ սա բարդացնում է առողջապահական համակարգի վիճակը՝ էլ ավելի մեծ բեռ ստեղծելով վերջինիս համար»:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում մշակված է արտակարգ իրավիճակի սանդղակ՝ 0-3 միավորանոց: Այնուհետև հայտնեց՝ ըստ ԱՀԿ-ի՝ տվյալ զինված հակամարտությունը ստացել է 2 միավոր ու շարունակեց. «Տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն արդեն սահմանել է, որ սա երկրորդ մակարդակի արտակարգ իրավիճակ է, և ինչը նշանակում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ի վիճակի է և լիազորված ավելացնելու այն աջակցությունը, որը տրամադրվում է երկրին»:
Հարցին՝ արդյոք այս պահին համագործակցո՞ւմ են ՀՀ կառավարություն հետ, Եգոր Զայցևը պատասխանեց. «Իհարկե, ՀՀ կառավարության հետ կա սերտ համագործություն: Գնահատման առաքելություն ենք իրականացրել դեպի ՀՀ: Հստակ ամրագրվել են այն արձագանքման հնարավորությունները, որոնք պիտի իրականացվեն ԱՀԿ կողմից: Մշակված էր նաև այն ելակետային գնահատման մակարդակը, որից պետք է ելնեին բոլոր համատեղ աշխատանքները: Ցավոք, պատերազմական իրավիճակում ամեն ինչ փոխվեց, և դա նշանակում է՝ հիմա պետք է նախատեսված աշխատանքներում ճշգրտումներ մտցնենք: Մենք նաև թեստերի տրամադրման, հաղորդակցության հարցերով ենք համագործակցում ՀՀ կառավարության հետ, գնումների, խորհրդատվական ծառայությունների տրամադրման հարցով: Եվ այս պահին մենք նախատեսված ուղղությունները փորձում ենք վերաձևակերպել, քանի որ գործընթացները, որ տեղի են ունենում այս պահին, նախարարության հետ քննարկում ենք: Այս պահին քննարկվում է առաջին օգնության պարագաների տրամադրումը, հավանաբար կարիք կլինի հրավիրել մասնագետների թիմեր ՀՀ: Մեր գրասենյակի կողմից արդեն կապ է հաստատվել միջազգային փորձագետների հետ, որոնք արտակարգ իրավիճակներում աջակցություն տրամադրման փորձ ունեն. մի քանիսը ՀՀ-ում են, մյուսներին կհրավիրենք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպիսի՞ն է իրավիճակը ամբողջ աշխարհում, Եգոր Զայցևը պատասխանեց. «Իրավիճակն աշխարհում այնքան էլ դրական չէ: Այս պահին 38 միլիոն գրանցված դեպք կա, մահվան դեպքերի թիվը մեկ միլիոնն անցել է: Դա հսկայական թիվ է: Եվրոպական տարածաշրջանում նույնպես բավականին անբարենպաստ իրավիճակ է: Արևելյան Եվրոպայում՝ Չեխիայում, Սլովակիայում իրավիճակը ծանր է: Ոչ բարենպաստ իրավիճակ է նաև հետխորհրդային տարածքում՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս: Հարավային Կովկասում էլ իրավիճակը փոխվեց. մասնավորապես Վրաստանում, որտեղ ամիսներ առաջ իրավիճակը համարվում էր համեմատաբար լավ: Այս պահին դեպքերի թիվն արագորեն աճում է: Մասնավորապես ՀՀ-ում էլ ավելի շատ՝ պատերազմական իրավիճակի պատճառով: Այս պահին ընդհանուր վերարտադրության թիվը մեկից ավելի է»:
Եգոր Զայցևը տեղեկացրեց՝ հավանաբար պատվաստումներն ավելի շուտ կլինեն, քան COVID-19-ի դեմ դեղորայքը: Նա նշեց, որ այս պահին երեք պատվաստանյութ արդեն գտնվում է երրորդ՝ վերջնական փուլում: Նա հավաստիացրեց՝ այն պահին, երբ պատվաստանյութերն անհրաժեշտ թվով հասանելի կլինեն, ՀՀ-ին կտրամադրվեն դրանք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի