Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է արվի առավելագույնը, որ Հայաստանում գտնվող արցախցի երեխաները հաճախեն դպրոց, մանկապարտեզ». Անահիտ Բախշյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 15,2020 11:57

«Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված երեխաները պարտադիր կերպով պետք է օգտվեն կրթության իրենց իրավունքից։ Նրանք մեկ օր անգամ չպետք է հետ մնան դպրոցական ծրագրից, իսկ ավելի փոքրերը պետք է հաճախեն նախակրթարաններ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից հետո Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերը ռմբակոծության տակ պահելու պատճառով Արցախից Հայաստան, Հայաստանի տարբեր քաղաքներ ու բնակավայրեր են տեղափոխվել բավական մեծ թվով արցախցիներ՝ հիմնականում կանայք և երեխաներ, ինչպես նաև տարեցներ։

«Արցախից տեղափոխված երեխաները պետք է իրացնեն իրենց կրթության իրավունքը, իսկ թե ինչպես՝ դա արդեն պատկան մարմինների գործն է։ Պետք է արվի առավելագույնը, որ Հայաստանում գտնվող արցախցի երեխաները հաճախեն դպրոց, մանկապարտեզ։ ՀՀ տարածքի ցանկացած կետում գտնվող արցախցի երեխան պետք է գնա դպրոց՝ առանց այլևայլության։ Դա ցանկացած վարչական շրջանի, համայնքի, դպրոցի տնօրենի պարտականությունն է այդ երեխաներին ապահովել կրթությամբ։ Հակառակ քայլը դավաճանություն է։ Այսօր Հայաստանի տարածքում չպետք է լինի դպրոց, մանկապարտեզ, որի դուռը արցախցի ծնողը ծեծի ու ներսից բացող չլինի, կամ իրեն մերժեն։ Նույնն էլ նախակրթարանները։ Սա էլ մի ճակատ է, կրթության ճակատն է, ու այդ ճակատում էլ պետք է արվի առավելագույնը։ Հայ երեխան, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, պետք է գնա դպրոց՝ լինի խաղաղություն, թե պատերազմ։ Սա մեր ՏԻՄ մարմինների թիվ մեկ պարտականությունը պետք է լինի այսօր»,- ընդգծեց Բախշյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս հաստատեցին, որ ամեն ինչ արվում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը ապահովելու համար։ Դպրոց հաճախել ցանկացող ցանկացած երեխայի դպրոցի կողմից տրամադրվում են անհրաժեշտ բոլոր գրքերը, գրենական պիտույքները:

Պատահականության սկզբունքով մեր զանգահարած դպրոցներում, մանկապարտեզներում, այո, կային շատ արցախցի երեխաներ։ Մեզ փոխանցեցին, որ երեխաները իրենց շատ լավ են զգում, ակտիվ մասնակցում են դասերին, ու ամեն ինչ արվում է, որ նրանք որևէ բանի կարիք չունենան։

Մեր զրուցակից արցախցի մի քանի ծնողներ հաստատեցին, որ իրենց երեխաները դպրոց հաճախում են։

Կային, սակայն, ծողներ, որոնք դեռ երեխաներին դպրոց չէին ուղարկում։ Ծնողներից մեկն ասաց, որ երեխաները դեռ սթրեսային վիճակում են, ամեն աղմուկից, անգամ մեքենաների ազդանշաններից վախենում են, ու այս պահին հոգեբաններն են աշխատում երեխաների հետ։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031