Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Եվսեև. Ստացվում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է փորձում կարգավորել այս զինված հակամարտությունը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2020 11:30

«Հրապարակի» հարցազրույցը ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ

Պարոն Եվսեեւ, այսօր հայ ժողովրդին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ երկրներ, որոնք ունեին այդ հնարավորությունը, ճիշտ չգնահատելով իրավիճակը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ ռազմավարական զսպման ճանապարհով չգնացին։ Ավելին՝ նա այդ իրավիճակը նմանեցրեց 1938 թ Մյունխենյան համաձայնագրի հետ (կամ «Մյունխենի դավաճանություն» անունն ստացած համաձայնագիր՝ Ֆրանսիայի եւ նացիստական Գերմանիայի միջեւ, որով Ֆրանսիան չպետք է ռազմական օգնություն տրամադրեր Չեխոսլովակիային, Գերմանիայի կողմից Սուդետների մարզի գալիք օկուպացիայի ժամանակ` դավաճանելով ֆրանսչեխոսլովակյան դաշինքին եւ նացիստական Գերմանիային  թույլատրելով բռնակցել Սուդետների մարզը, որը Չեխոսլովակիայի արեւմտյան տարածաշրջանն էր՝ 800 հազար բնակչությամբ): Ի՞նչ կասեք։

– Կարող եմ ասել հետեւյալը․ Թուրքիան, որը 1992-14994թթ․ պատերազմի ժամանակ հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման օգտին, այս անգամ ակտիվ մասնակցում է դրան իր F-16 կործանիչներով, հարվածային անօդաչուներով։ Պետությունները, որոնք կարող էին լուրջ ազդեցություն ունենալ պատերազմի դադարեցման հարցում, կցանկանայի նշել՝ ԵԱՀԿ ՄԽ 2 համանախագահ երկրներն են՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Ֆրանսիան, չգիտես ինչու, կարծում է, որ իր համար ամենագլխավորը ոչ թե Լեռնային Ղարաբաղում պատերազմն է, այլ  այն, որ Թուրքիան նվազեցնի իր ակտիվությունն Աֆրիկայում՝ Լիբիայում եւ այլ աֆրիկյան երկրներում։ Ֆրանսիայի համար, չգիտես ինչու, Լեռնային Ղարաբաղի հարցը երկրորդ պլանում է։ Համարում եմ, որ սա միանգամայն անընդունելի է․ եթե Ֆրանսիան այդքան ակտիվ պաշտպանում է Նավալնիի հարցով հակառուսական հայտարարությունները, ապա ինչո՞ւ չի օգնում, որ հակաթուրքական հայտարարություններ ընդունվեն։

Լավ, ենթադրենք՝ այդպես է, բայց չէ՞ որ Ֆրանսիան Հարավայում Կովկասում չկա, ավանդաբար՝ Ռուսաստանն է այստեղ։

– Այո։ Բայց եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անհրաժեշտ ջանքեր գործադրեին, Ֆրանսիան կարող էր ԵՄ-ում  առաջ տանել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, արգելել անօդաչուներով հարվածները, իսկ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա կարող էր ֆինանսատնտեսական ճնշումներ գործադրել։ Բայց չեն անում, ու ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է փորձում կարգավորել այս զինված հակամարտությունը։ Սա հիմա ամենամեծ խնդիրն է։ Ֆորմալ, այո, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ են (Ղարաբաղի հարցում՝ որպես ՄԽ համանախագահ երկրներ), բայց իրենց ռեալ օգնությունն ինչ-որ չկա։ Ինչո՞ւ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց այսպես պահում։ Այդպես են պահում՝ մտածելով, որ եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, կթուլացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նրանց էլ ավելի հեշտ կլինի Հայաստանի վրա ազդեցություն գործելը։ Սա է Վաշինգտոնի ու Փարիզի պահվածքի պատճառը։

Նորից եմ ասում՝ բոլորը, իսկ Ռուսաստա՞նը։

– Ռուսաստանը միակ պետությունն է, նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում, որը կարողացավ Լեռնային Ղարաբաղում հումանիտար դադարի հասնել, դադար, որն առժամանակ պահպանվեց։ Երկրորդը․ եթե չլիներ Գյումրիի ռուսական 102-րդ բազան, Հայաստանը վաղուց արդեն  թիկունքից՝ Նաիջեւանից եւս հարված ստացած կլիներ։ Բացի սա, Հայաստանը չէր կարողանա ապահովել  Արցախի հակաօդային պաշտպանության  ծածկույթը, քանի որ Ռուսաստանը, միգուցե ոչ լրիվ ծավալով, բայց ինչ-որ մի կերպ ապահովում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը։ Ահա սա է անում Ռուսաստանը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031