Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սաթյան. «Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում. մենք նվիրյալ ազգ ենք». «Փաստ»

Հոկտեմբեր 15,2020 11:14

Տղաները սահմանին պատմություն են կերտում, ամենացավալին՝ երբեմն սեփական կյանքի գնով: Իսկ մեզ «պարտքի տակ են թողնում», չէ որ պայքարում են մեր ու ապագա սերունդների համար:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տղաների սխրանքների մասին խոսելիս շեշտում է՝ զարմանալի ոչինչ չկա, այդպես էլ պետք է լիներ։ «Մենք միշտ էլ հիանալի զորավարներ, զինվորականներ ենք ունեցել։ Հիմա էլ մեր զինված ուժերում նույն պատկերն է։ Այլ կերպ լինել չէր կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաթյանը։ Նշում է՝ նույն համատեքստում սպասելի էր նաև թիկունքի համախմբումն ընդհանուր նպատակի շուրջ։

«Հայի համար չպետք է գոյություն ունենա որևէ կուսակցություն, մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը կլինի «Հայ»։ Բազմաթիվ պետություններ ու ազգեր են վերացել միայն այն պատճառով, որ միասնական չեն եղել, իսկ մենք հայերս մինչ օրս կանք, որովհետև ունենք այդ կարողությունը համախմբվելու ամենածանր պահերին։ Իհարկե, թափթփուկներ միշտ էլ լինում են, ընդ որում, յուրաքանչյուր ազգի մեջ։ Մենք պետք է միշտ ու բոլոր պայմաններում համախմբված լինենք։ Պետք է դառնանք մեկ բռունցք և դիմակայենք թշնամուն և որևէ մեկը չի կարող այդ դեպքում հաղթել մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։

Սաթյանը նշում է՝ մենք ու մեր երեխաները պետք է շարունակենք ապրել և դառնանք տղաների գործի շարունակողը։ «Մենք պետք է հպարտ քայլենք, որ ունեցել ենք նրանց՝ իրենց սրբազան պարտքը կատարող մեր երեխաներին, հայրերին ու եղբայրներին»,-նշում է նա։ Իսկ վերջում Արամ Սաթյանը հավելում է՝ այսօր յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ «Ամեն ինչին պետք է պատրաստ լինել, որտեղ էլ բնակվելիս լինես՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում։ Մենք նվիրյալ ազգ ենք, ուղղակի մեզանից շատ դեպքերում խաբելով շատ բաներ խլել են։ Խոնարհվում եմ իմ ազգի, բոլոր նահատակների, թիկունքն ամուր պահող քաղաքացիների առջև։ Ամեն մեկն անում է այն, ինչն ինքը չի կարող չանել։ Այլ կերպ լինել չի կարող։ Հաղթենք ու խաղաղ ապրենք։

Այս օրերին գրել եմ «Երգ հաղթականը», որը վերջնական փուլում է։ Այսինքն՝ ես հավատացել ու այսօր էլ հավատում եմ հաղթանակին, այլ կերպ լինել չէր կարող։ Խաղաղություն մեր երկրին»,-եզրափակում է Արամ Սաթյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031