Պատերազմի մեկնարկից օրեր անց, երբ խոսվում էր օդային տագնապ հայտարարելու հնարավորության մասին, և թե ինչ պետք է քաղաքացիներն անեն այդ իրավիճակում, առաջին հարցը, որ բարձրացվեց՝ իսկ որտե՞ղ պետք է պատսպարվենք: Գաղտնիք չէ, որ, օրինակ՝ նկուղներում շատ դեպքերում բացառապես կոյուղին է, դրանցից շատերն ուղղակի պիտանի չեն որպես ապաստարան շահագործման:
Թերևս այս հարցերը հաշվի առնելով էլ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքաշինության նախագահի մի շարք հրամաններում: Նշվում է, որ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող, արդիականացվող, ընդլայնվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների համար նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, նորոգման, դրանցում քաղաքացիական պաշտպանության կառույցների շենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման մասով գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը լրամշակման կարիք ունեն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծի ամբողջական փաթեթը սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը և լրամշակվել ներկայացված առաջարկությունների համաձայն:
Նախագծի վերջնական մշակված տարբերակը ներկայացվել է արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում:
Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսում ու դրանք որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ հասարակական շենքերում կարևորվում է դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ (հատկապես բնակելի, դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն):
Կարդացեք նաև
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։