Հարցազրույց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ.
– Պարոն Տեր-Աբրահամյան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ հրադադարի հաստատման բանալին համարելով դիտորդների տեղակայում շփման գծում: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը: Ըստ ձեզ՝ դիտորդները կարո՞ղ են հրադադարի հաստատման երաշխիք լինել:
– Իհարկե, չեն կարող: Ինչպե՞ս կարող են դիտորդները երաշխավորել հրադադարը: Կամ ի՞նչը պետք է դիտեն: Այսօրվա տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում, երբ նույնիսկ շարքային քաղաքացին ցանկության դեպքում կարող է ճշտել ռազմական վիդեոների գեոլոկացիան, զորքերի իրական տեղաշարժերը եւ այլն, այդ ի՞նչը կարող է թաքնված լինել, որ դիտարկման կարիք ունի մեծ տերությունների համար: Ի՞նչ է, ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է աշխարհում, որ Ադրբեջանն է սկսել այս պատերազմը: Այդ փաստն իմանալու համար դիտորդի կարիք չկա: Փաստը բոլորին հայտնի է, սակայն դատապարտող չկա:
Եվ դիտորդներն ի՞նչ պետք է անեն: Ասենք թե արձանագրեցին, որ հրադադարը խախտված է: Չնայած առանց դիտորդների էլ պարզ է, որ դա խախտված է ու ում կողմից է խախտված: Ի՞նչ պիտի անեն հետո:
Կարդացեք նաև
Իսկ եթե խոսքը խաղաղապահների մասին է, այլ ոչ թե պարզապես դիտորդների, ապա կարելի է մի ամբողջ հատոր գրել նրա մասին, թե ինչու եւ ինչպես խաղաղապահները չեն կարող երաշխիք լինել խաղաղության:
Բայց ես միայն մի բան հիշեցնեմ. մենք այդ փորձն ունենք ու հենց Ղարաբաղում: Ի վերջո, մինչեւ 1992-ի սկիզբն այնտեղ սովետական զորք է եղել, մինչև այդ Պոլյանիչկոյի հատուկ կառավարումն է եղել, ու ի՞նչ, դա մեզ պաշտպանե՞լ է, խաղաղություն բերե՞լ է:
Շատերը գուցե չգիտեն, բայց սրանից 100 տարի առաջ՝ 1920-ի գարնանը, Դրոյի զորքերն արդեն մտել էին Ղարաբաղ՝ այն ազատագրելու, Հայաստանին միացնելու նպատակով: Բայց 1920-ի մայիսին այնտեղ հասավ Կարմիր բանակը՝ իբր խաղաղապահ նպատակով: Նրանք ասացին՝ մենք եկել են՝ «ազգամիջյան բախումները» դադարեցնենք, իսկ հետո կորոշվի՝ ումն է Ղարաբաղը: Այդպես ենք մենք կորցրել Լեռնային Ղարաբաղը: Նույնը տեղի ունեցավ Նախիջեւանի հետ 1920-ի հուլիս-օգոստոսին: Հայկական զորքը Նախիջեւանի դռանն էր, երբ հասավ նույն Կարմիր բանակն ու ասաց՝ եկել եմ խաղաղեցնելու: Այսքան պատմական փորձը մեզ հերիք չէ՞:
Ի վերջո, մի բան պետք է հասկանանք՝ զորքերը չեն լինում խաղաղապահ կամ ոչ խաղաղապահ: Նրանք լինում են այս կամ երկրինը եւ պաշտպանում են իրենց երկրի շահը: Եթե Ղարաբաղում հայտնվի որեւէ խաղաղապահ զորք, ապա այդ զորքի տեր երկիրն է տիրապետելու իրավիճակը Ղարաբաղում, եւ նա է որոշելու՝ երբ պատերազմ լինի, երբ խաղաղություն, երբ որ կողմին պատժի, որին խրախուսի եւ ում հաշվին խրախուսի: Այս բոլորը մենք անցել ենք, ու մի բան է վկայում մեր ամբողջ փորձը՝ հային կարող է պաշտպանել միայն հայկական բանակը: Եթե դա էլ չկարողացավ, էլ ուրիշ ոչ ոք:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում