Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը պետք է շարունակվի

Հոկտեմբեր 15,2020 10:00

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ջիհադիստներն ինքնաթիռներն ուղղեցին Նյու-Յորքի երկնաքերերի եւ այլ թիրախների վրա: Դա, ըստ էության, պատերազմ էր Միացյալ Նահանգների դեմ: Չխորանանք, թե ինչու այդ սարսափելի ահաբեկչությունը տեղի ունեցավ եւ ինչպես ԱՄՆ-ը դրան պատասխանեց: Չփորձեմ նաեւ մեկնաբանել, թե ինչու է այդ երկիրն այդքան անտարբեր, երբ նույն ջիհադիստներն այժմ հարձակվում են Արցախի վրա՝ երեւի Վաշինգթոնում մտածում են Կովկասն իրենցից շատ հեռու է, չնայած ժամանակակից աշխարհում «հեռու-մոտիկ» հասկացությունները խիստ հարաբերական են: Բայց խոսքն այլ բանի մասին է:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով զոհվեց մոտ երեք հազար մարդ: Դուք տեսե՞լ եք զոհվածների դիակների լուսանկարները: Ոչ, աշխարհի ամենաժողովրդավարական պետություններից մեկն ամեն ինչ արեց, որ Առեւտրի համաշխարհային կենտրոնի ավերակներում ոչ մի նկարահանում չկատարվի, որ չտարածվեն ո՛չ դիակների, ո՛չ էլ բուն ավերակների պատկերները: Ինչո՞ւ: Որովհետեւ ահաբեկիչների նպատակը հենց դա է՝ իրենց արած դաժան գործի PR-ը, ամերիկացիների ոգին ընկճելը, նրանց մեջ հուսահատություն սերմանելը: Նյու-Յորքի եւ ընդհանրապես ԱՄՆ այն ժամանակվա իշխանությունների տրամաբանությունը հետեւյալն էր. սգալ կորուստներն՝ այո: Բայց դա անել հնարավորինս զուսպ եւ արժանապատիվ:

Հիմա երբ նույն ահաբեկիչները պատերազմ են մղում հայ ժողովրդի դեմ, ես չեմ ուզում մեր կողմից տեսնել խեղճության կամ ընկճվածության որեւէ դրսեւորում: Բոլորի աչքերն են լցվում, բոլորի կոկորդի մեջ ցավն է ամփոփվում, երբ հրապարակվում են մեր զոհված հերոսների անունները: Բայց նման, մարդկայնորեն հասկանալի ռեակցիան, իմ կարծիքով, պետք է հաղթահարվի՝ նաեւ հանուն այդ նահատակների հիշատակի: Պայքարը պետք է շարունակվի՝ գործնական, սառնասիրտ, ամենօրյա: Պայքարը ոչ միայն ռազմաճակատում, այլեւ թիկունքում, ամեն հայի, ինչպես նաեւ՝ մեր երկրի այլազգի քաղաքացիների ջանքերով:

Այն պատանիները, որոնք օգնություն են հավաքում եւ ուղարկում կարիքավորներին, նույնպես պայքարում են: Մեր այն հայրենակիցները, որոնք օգնում են Արցախին, որոնք աշխարհի տարբեր երկրներում դուրս են եկել փողոցներ, նույնպես պայքարի մեջ են: Ժամանակավոր կացարաններում ապրող երեխաների մասին հոգացողները պայքարի մի մասն են:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարում թավջութակ նվագողն էլ է դիմադրում թշնամուն: Եվ այդպես ամեն մեկը՝ թեկուզ իր աշխատավայրում, իր սովորական պարտականությունները կատարելիս, բայց ավելի լավ, ավելի բարձր որակով, քան երբեւէ:

Աշխարհը որոշել է ստուգել մեր ժողովրդի դիմադրողականությունը: Աշխարհում, ըստ երեւույթին, չեն գիտակցում, թե ում հետ գործ ունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախ.ԱԹՍ արտադրող երկրներին պետք չեն նրանց ոչնչացնող մարդիկ,նրանց պետք են այդ հրթիռներից փախչողներ.
    երկրորդ.մեր լրատվամիջոցներին.պետք չեն ձեր նյութերը՝զոհվածը տան միակ զավակն էր,չտեսավ նորածնին,պատրաստվում էր ամուսնանալ և այլ նմանատիպ զեղումները՝դրանք
    միայն ոգին թուլացնող զեղումներ են.
    երրորդ.անցած երկու շաբաթյա լրատվությունից եկա այն համոզման,որ ամենավտանգավոր սնունդը դա ժամկետանց լուրերն են,որոնք օրվա ընթացքում կրկնվում են ամեն ժամ բոլոր հեռուստաալիքներով և ամեն անգամ այն ներկայացվում է որպես նորություն՝քրքրելով հեռուստադիտողների նյարդերը:Խնդրում եմ,խղճացեք մեզ ….

  2. Հ.Շ. says:

    լաւ… տասը հատ ձեռնոց, մինչեւ արմուկները, վրայ-վրայի դնելով, նորէն ջանանք մի բան արտայայտել…

    ոեւէ մէկը որեւէ «ընկճվածութիւն» չէր ունենար, եթէ այս պատերազմին դրդապատճառը չլինէր այն, ինչ որ է…

    եթէ համոզուած ենք որ այս պատերազմը խուսափելի էր, եւ արտադրանքն է՝ մեր սխալներին, ինչպէ՞ս չհիւծինք, մեր ամէն մի զոհին հետ…

    եթէ կարողանային այս միտքը աւելի հեռու տանիլ, այստեղ պիտի մէջբերէինք Պատուարժան Տիկին Հակոբյանի սկզբնական խաղաղապաշտ խօսքերի մի յատուկ նախադասութիւնը, մի քանի բառերը… քանզի հիմա, ճակատագրի երգիծանքով, իր իսկ այդ մասին տուած բացատրութեան հիման վրայ, այդ խօսքերը աւելի շուտ կիրառելի են իր ու իրենց պատճառով տեղի ունեցող այս պատերազմին…

    (իսկ «դիմացկոտութեան» մասին ալ, թերեւս պէտք է որ այդ յատկութիւնը գործադրուէր նախկին, ներքին կացութեան նկատմամբ եւս, որպէսզի «յօնքը շտկելու համար, աչքը չհանէինք» – յատկապէս տեղին ասացուածք մը, նկատի առնելով խնդրոյ առարկայ հաւաքական կուրացման ազդակը – )

  3. Զոհրաբ says:

    Ապարդյուն փորձում եմ պատկերացնել պատերազմի պատճառը սեփական հայրենիքում փնտրող «հայրենասերի», տվյալ դեպքում՝ «իր ու իրենց պատճառով տեղի ունեցող այս պատերազմին» համոզմունքի հեղինակ Հ.Շ-ի նման մարդկանց տեսակը…

    • Հ.Շ. says:

      հանգիստ եղէք, ես այսու հրաժարում եմ «հայրենասէր»ի տիտղոսից, եթէ երբեւիցէ ունեցել եմ այդպիսի բան.

      շատ յստակ է որ խօսում եմ պատերազմի այս մէկ, յատուկ բռնկումին մասին. որ ուղղակի արդիւնքն ու հետեւանքն է ձեր այդ «յեղափոխութեան». այսինքն՝ Ձեր տեսակի, բուն իսկական «հայրենասէրների» ցանկութեան եւ արարքներին, անմրցելի դուխի՛ն.

      իմ տեսակի ոչ-հայրենասէրների խղճին վրայ չէ, գոնէ, այս մէկ պատերազմին թափուած մեր երեխաների արիւնը.

  4. Աննա says:

    Հարգելի դաշնակ Հ.Շ, հավատացեք այս մի պատերազմի արյունն էլ է ձեր խղճին, քանզի դավաճան կուսակցությանդ ակտիվ օժանդակությամբ է հյուծվել ու կողոպտվել այս երկիրը և մեր բանակը

    • Հ.Շ. says:

      . առանց Դաշնակցութեան, այժմու Հայաստանը տառացիօրէն գոյութիւն չէր ունենար. սա պատմական, առարկայական, անհերքելի փաստ է.
      սակայն մեր ամենամեծ սխալը, Անկախութեան վերահաստատումէն ետք՝ պաշտօնապէս Հայաստան վերադառնալ, այդտեղ կանոնաւոր կառոյց գոյացնելը եղաւ…
      ինչ անենք.. խաբուեցանք…

      . իսկ այն ինչ կը վերաբերի «բանակը կողոպտելու» այդ զրպարտութեան, որ զուր ջանք մըն է «արդարացնելու» համար այժմու վիճակը, նոյնիսկ եթէ զայն ընդունինք որպէս երեւակայական վարկած, ձեր այժմու իշխանութիւնը երկու տարի ունէր, թէականօրէն պէտք եղածը սրբագրելու համար… փոխանակ զինուորներուն հրամցուող դոլմաներու պատկերներ տարածելու, մինչ իրենք իրենց պարգեւավճարներ էին շնորհում ու լափում… իսկ ի միջի այլոց, Չինաստանում Փաշինյանին համտեսած բադն ալ, անուշ լինի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031