Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգարժան ռաբունապետ, Դուք ծնվել եւ մեծացել եք Հայաստանում, ուստի պիտի որ լավ իմանաք Հայի բնույթն ու էությունը»

Հոկտեմբեր 15,2020 13:00

Երեկ ՀՀ-ում Հրեական կրոնական համայնքի գլխավոր ռաբունապետին բողոքի նոտա փոխանցվեց: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը:

Բողոքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգարժան պարոն Գերշոն Մեիր Բուրշտեյն.

Հայաստան աշխարհը ներքաշվել է լայնածավալ եւ անհավասար պատերազմի մեջ՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական զավթիչ ուժերի եւ դրանց կողմից սատարվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների: Այս պատերազմը Հայի ու թուրքի պատերազմ չէ, այլ արժեհամակարգերի ու քաղաքակրթությունների պատերազմ է, մեր դեմ դուրս են եկել ահաբեկչական եւ միջազգային տեռորիստական ուժերը՝ ցեղասպան Թուրքիայի հովանավորությամբ, սակայն այս ճակատագրական պահին Հայը կրկին անգամ մնացել է մենակ, ինքն ու իր հավատը, իր Հայրենասեր ու քաղաքակիրթ տեսակով հանդերձ: Սա տեսակի ինքնապաշտպանության պատերազմ է:

Պատերազմը Արցախում կամաց-կամաց ավելի պարզորոշ է ցուցադրում իր իրական բնույթը, որպեսզի բոլորս հասկանանք, որ այն անմարդկության պատերազմն է Մարդկության դեմ, նյութի պատերազմ Հոգու դեմ:

Վերջին օրերին հաճախ տրվող հարցերից է, թե ինչու այս կամ այն երկիրը չի միջամտում Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, չի սաստում ագրեսոր ազերաթուրքիային: Եթե գիտակցենք այս պատերազմի դեմքն ու բնույթը, հարցի մեջ կգտնենք դրա պատասխանը, քանզի այն շատ պարզ է եւ հասկանալի:

Արցախում սանձազերծված պատերազմը իրականում ազատության եւ տեսակի ինքնապաշտպանության գոյամարտ է: Այն հասկանալի չէ արեւմուտքին ու արեւելքին, հյուսիսին ու հարավին, քանզի նրանք վաղուց կորցրել են տեսակ հասկացությունը, մուտացվել են նյութի ու այլասերման մեջ:

Այս առումով Արցախը իր վրա է կենտրոնացրել հավատի, ազգի, տեսակի, Մարդկության պահպանման մարտահրավերը, քանզի այստեղ կա ցեղաբնակ տեղաբնակների ամուր տեսակ, որը Հայ է կոչվում:

Մենք մեր  ազատության եւ  իրավունքների կռիվն ենք մղում ընդդեմ զավթիչների: Այս պատերազմը, բացի Արդարի ու Բանականի հաղթանակից, որեւէ այլընտրանք չունի:

Հարգարժան ռաբունապետ, Դուք ծնվել եւ մեծացել եք Հայաստանում, ուստի պիտի որ լավ իմանաք Հայի բնույթն ու էությունը, մեր  խաղաղասեր եւ ստեղծագործ հոգին: Պետք է, որ լավ տեղեկացված լինեք նաեւ այս պատերազմի իրական պատմության ու դրդապատճառների մասին:

Հրեաների պետությունը` Իսրայելը, չի դադարում սպառազինել ագրեսոր ու ցեղասպան պետությանը, որը սպառնում է վերացնել մեզ: Մարդկության դեմ  սանձազերծված այս պատերազմում ծայրաստիճան անմարդկային պետք է լինել, որպեսզի շարունակել սպառազինել ագրեսորին, սա հասկանում են բոլորը, համոզված եմ, որ լավ գիտակցում է պահի պատասխանատվությունը նաեւ Հրեա ժողովուրդը, սակայն վերը շարադրված աղաղակող փաստերը շարունակվում է անտեսվել Իսրայելի կառավարող շրջանակների կողմից, ավելին` նրանք հովանավորում ու սպառազինում են ցեղասպան ագրեսոր, տեռորիստական ուժերին:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եւ պահանջում ենք ձեր հնարավորության եւ իրավասության շրջանակներում հորդորել Իսրայելի կառավարությանն անմիջապես դադարեցնել ագրեսոր պետությանը` Ադրբեջանին  սպառազինելը, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ այդ մասին»:

Սեփ. լր.

Ա. Մինչ ռաբունապետին կհանձնվեր նամակը, իրանագետ Վարդան Ոսկանյանը լրատվամիջոցներով բարձրաձայնեց. «Միշտ էլ անհնար եմ համարել խորացնել Իսրայելի հետ հարաբերություններն այն պայմաններում, երբ այդ պետությունը մեր հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկրին՝ Ադրբեջանին, ամենատարբեր ձեւերով օժանդակություն է ցուցաբերում: Լկտիություն ու անբարոյականություն է Իսրայելի կողմից հումանիտար օգնության անվան տակ այս օրերին Ադրբեջանին զենք-զինամթերք մատակարարելը: Ապրիլյան պատերազմի ժամանակ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների ղեկավարման ամբողջ գործընթացն իրականացնում էին հենց իսրայելցի օպերատորները: Դա եւս աններելի հանցանք է»:

«Առավոտ» օրաթերթ
14.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031