Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ ցավ ապրեցի Գեւորգի մահվան գույժը լսելիս

Հոկտեմբեր 15,2020 12:30

Առաջնագծում էլի զինվորներ ունենք մանկատնից

Արդեն մի քանի օր էր, որ գրառումներ կատարելս չէր ստացվում։ Ինքս իմ մտքերի, լրատվական միջոցների տեղեկատվության հետ էի ապրում։ Մերթ տխրելով մեր անդառնալի կորուստներով՝ ալեկոծվում էի, մերթ ուրախանալով մեր հաղթանակներով, Սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայերի միասնությամբ, մեր մեծ լրատվական թիմի արիական աշխատանքով, օրեր եմ անցկացրել մեծ հույսով ու հավատով, որ գիշերը լուսացնելու ենք, ու լսվելու է, որ լռել են բոլոր զենքերը, դրանք խաղաղության փուչիկների են վերածվել ու թեւածում են երկնքում։ Մեկ էլ, ուշի ուշով խնամել եմ 25 օր առաջ նվեր ստացած վարդերս, որոնց մի մասը պատերազմի լուրը ավետելու պահից սկսած սկսեցին թոշնել՝ մեկը մյուսի վրա հենարան փնտրելով, սակայն չեն թոռոմում։ Դրանց թերթիկները, տերեւները համարում եմ պատերազմի դաշտում կռվող այն զինվորները, որոնք թեժ պայքարի մեջ են, ես խնամում եմ նրանց՝ մայրական ջերմությամբ, իմ աղոթքներով։

Երեկ եւս ստացա վարդերի մի մեծ փունջ։ Անչափ ուրախացա, որ ինձ պահպանության հանձնվեց զինվորների մի մեծ խումբ. ավաղ, կարճ տեւեց ուրախությունս։ Լսեցի Վանաձորի մանկատան սան, երկկողմանի ծնողազուրկ Գեւորգի մահվան գույժը։ Մեծ ցավ ապրեցի. նաեւ մանկատան այն փխրուն սրտի տեր երեխաների համար, ովքեր շատ ծանր են տանում իրենց եղբոր մահը։ Առաջնագծում էլի զինվորներ ունենք մանկատնից։ Մենք մի ընտանիք ենք եղել՝ բանակ էլ ենք ճանապարհել, նրանց հարսանիքն էլ ենք արել, բայց եւ նման լուրը,,, սարսափելի էր։ Ահա այսպես օր եմ մթնեցնում. էլ դիմանալու չէ։ Թող լռեն բոլոր զենքերը: Խաղաղություն եմ ուզում, իհարկե, ինձ հետ միասին նաեւ աշխարհի բոլոր մայրերն են ցանկանում։

Կարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

փաստաբան

Լուսանկարում` Եղշատյան Գեւորգը

«Առավոտ» օրաթերթ
14.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031