Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուրանոցների տիրոջը ազատեք, նոր Ծառուկյանի հյուրանոցներում Արցախից եկածներին տեղավորեք»

Հոկտեմբեր 15,2020 13:30

Ծառուկյանի կապերը, Բաթոյանի աշխատանքը եւ Մարուքյանի առաջարկը՝ հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած մոտ 4000 տղաների համաներելու մասին

Այս պատերազմական ծանր օրերին ԲՀԿ պատգամավորները գրեթե ամեն ճեպազրույցում, ամեն հարցազրույցում հորդորում են իշխանություններին կալանքից ազատել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որ իր միջոցները, կապերն օգտագործի՝ հարցերը լուծելու համար: Ու երբ լրագրողներից մեկը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեց՝ ազատության մեջ Ծառուկյանը քանի՞ անգամ է Լուկաշենկոյին հորդորել, խոչընդոտել, որ զենք չվաճառի Ադրբեջանին, վերջինս նեղվեց, թե՝ էդ հարցերը հրապարակային հո չէ՞ր անելու:

Ծառուկյանին ազատելու նախաձեռնությամբ է հանդես եկել նաեւ «Լուսավոր Հայաստանը»:

«Առավոտը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ կալանավայրում Ծառուկյանը չի՞ կարող իր միջոցները փոխանցել բանակին՝ հիմնադրամին, անպայման պիտի ազատության մե՞ջ լինի՝ նա պատասխանեց. «Ես չեմ զբաղվում նրանով՝ պարզելու, թե Ծառուկյանն ինչ է անում իր միջոցները: Ես որքանով գիտեմ, մեր գործընկերներն ասել են, որ շատ բան արվել է, բայց կապի միջոցներ չկան բնականաբար, դրան գումարած նաեւ տեսակցություններն արգելված են: Հետեւաբար ո՞նց եք պատկերացնում, որ իր կապերն օգտագործի: Միջոցները հասկացանք: Օրինակ, մի քանի օր առաջ ինձ մեկը զանգել էր, ասում էր՝ հնարավո՞ր է Ծառուկյանի հյուրանոցներում Արցախից մարդկանց տեղավորել: Ես ասեցի՝ հա, հնարավոր է, բայց կարո՞ղ է միգուցե պետք է քննարկել էդ հյուրանոցների տիրոջը ազատ արձակել, որ այդ մարդը զբաղվի դրանով: Որքանով ես գիտեմ, ինչքան տեղ ունեն՝ տեղավորել են, բայց երբ որ բոլոր ուժերը իրենց բոլոր ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ են դնում եւ բոլորը նետվում են պատերազմի կամ պատերազմի թիկունքը պահելու գործին, ես կարծում եմ, որ կարելի է կալանքը փոխել ստորագրությունով, մարդը դուրս գա: Պարզ է, քննությունը գնում է, եթե մեղավոր է՝ դատարան կգնա, կդատվի, իր պատիժը կկրի, այդտեղ ի՞նչ խնդիր կա»:

Գիտենք, որ բացի այս, նաեւ քրեակատարողական հիմնարկներից են հայտարարություններ տարածում, թե մեզ ազատեք, գնանք Արցախ՝ կռվի: Այս առնչությամբ Մարուքյանն ասաց. «Ով դատապարտված անձ է, նրան ազատ արձակելը… Ծառուկյանը դատապարտված չի, խափանման միջոցի հարց է, տարբեր ռեժիմներ են, իսկ մյուսների մասով չեմ կարող ասել, պետք է համաներում լինի, որ լինի: Ես  առաջարկել էի այլ բան՝ մոտ 4000 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ կան՝ տղամարդ, գտնվում են հետախուզման մեջ, եկեք համաներում անենք, հետ գան երկիր: Դա ասել եմ պատերազմից առաջ, պատերազմի  ժամանակ էլ վերահաստատել եմ ասածս, անգամ դա չի արվել, որ հետ գան, ինչ-որ ձեւ պիտանի լինեն այդ մարդիկ, հիմա բանտում նստածին կազատե՞ն»:

Թե ինչո՞ւ են Արցախից եկածները ծանոթներ մեջ գցում՝ Ծառուկյանի հյուրանոցներում տեղավորվելու համար, երբ կան պետական կացարաններ, այս առնչությամբ մենք զրուցեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Հարցին՝ հակառակորդի ագրեսիայի հետեւանքով Արցախից եկած շատ ընտանիքներ ամառային հագուստով իրենց տներից հրատապ դուրս են եկել ու հիմա այդ ընտանիքներին հագուստով, սննդով ու կացարանով ապահովելու անհրաժեշտություն կա, որով զբաղվում են տարբեր կազմակերպություններ, ֆեյսբուքյան նախաձեռնություններ, անհատներ, նախարարությանը ինչո՞ւ չեն դիմում՝ նախարարը պատասխանեց. «Մարդիկ դիմում են մեզ, բայց այդ հարցերը մենք հիմա կարգավորում ենք ՏԻՄ-երի հետ՝ հեռախոսահամարներ ու պատասխանատուներ ունենք նշանակված ՏԻՄ-երում: Այսպես ասած պահեստային կենտրոններից ՏԻՄ-երը աշխատում են եւ տրամադրում են: Մենք հիմա ավելի շատ ճգնաժամային աջակցություն կառավարում ենք իրականացնում: Այս պահին դա իրականացում է  այս միջոցով:  Եթե հետագայում կարողանանք ավելի կանոնակարգված դա իրականացնել, այսինքն, ֆինանսավորում հատկացնել՝ այլ կերպ կանենք»:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս պահին մարդկանց կացարաններում տեղավորելու խնդիր չկա. «Մենք չունենք այդպիսի ինֆորմացիա, որ կան մարդիկ, որոնք հայտնվել են, օրինակ, Երեւանում ու չգիտեն ուր գնալ: Եթե կան այդպիսի մարդիկ, կարող են դիմել նախարարությանը, 1-2 ժամում խնդիրը կլուծվի: Մենք հենց անցակետում տեղեկանում ենք, օրինակ, եթե կա շարժվող մեքենա դեպի Երեւան, քանի քաղաքացի են, որ չունեն կացարանի հնարավորություն, մեզ միանգամից տեղեկացնում են ու ուղղորդում ենք այնտեղ, որտեղ կա հնարավորություն: Ոստիկանության հետ սերտ աշխատում ենք: Ամբողջ գործընթացը կազմակերպվում է: Հիմա մեծ հոսք չունենք, հիմա ավելի շատ քաղաքացիները տեղից տեղ են ուզում տեղափոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031