«Հենց այսօր հակառակորդը ռմբակոծել է Մարտունի քաղաքը»,- հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարտունիի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
Քանի որ բնակիչները ապաստարանում են եղել, ռմբակոծության պատճառով զոհեր և վիրավորներ չեն եղել․ «Սեպտեմբերի 27-ից քաղաքացիական բնակչության շրջանում ունենք 5 զոհ և 10-ից ավելի վիրավորներ։ Եվ հենց առաջին օրը զոհվել է 9 տարեկան աղջիկ և վիրավորվել են երկու մանկահասակ երեխաներ»։
Էդիկ Ավանեսյանը նշեց, որ Մարտունիի բնակիչներին ապահովում են սննդով, ջրով և անհրաժեշտ պարագաներով և իրենք պատրաստ են բոլոր սցենարներին․ «Էլեկտրականությունը կա, ջուրը կա, կապը կա։ Հնարավորություն ունենք բնակչին ամեն ինչով ապահովելու, բայց եթե իրավիճակն այսպես շարունակվի, կլինի հումանիտար ճգնաժամ»։
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, Էդիկ Ավանեսյանն ասաց, որ այս պահի դրությամբ 100-ից ավելի տներ են ավերվել, տներ էլ կան, որոնց 2-3 անգամ են հարվածել․ «Մոտ 30-ից ավելի հասարակական օբյեկտներ՝ դպրոցներ և մանկապարտեզներ։ Եվ շատ մեծ քանակությամբ քաղաքացիական և պետական ծառայության ավտոմեքենաներ, որոնց այս քանակը ստույգ այս պահին չեմ կարող ասել, որովհետև րոպեներ առաջ հրետանակոծվել է, և այս պահին տեղեկություն է հավաքվում՝ որտեղ և ինչ է կատարվել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ