«Ազատություն» ռ/կ. Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները իր դաշնակից Ադրբեջանին, ընդ որում, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս ավելացել և հասել է 77 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը:
Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար արտահանող ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ:
«Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», – նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպես, անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին, մինչդեռ, այդ ցուցանիշը հասել է 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։
Կարդացեք նաև
Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից ընդամենը 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Նույն այդ վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղն է գրավել Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:
Թուրք փորձագետ Թուրան Օգուզն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է մի ընկերություն, որը գործարկել է Սելչուկ Բայրաքթարը, ով 2016 թվականին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ: