Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր միասնակամությամբ ու համախմբվածությամբ մենք հասնելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, հաղթելու ենք. «Հանուն Հանրապետության»

Հոկտեմբեր 14,2020 19:04

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շարունակվում է, հակառակորդը՝ արհամարհելով միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն ու հորդորները, ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակում է հրետակոծել Արցախի ու Հայաստանի բնակավայրերը։ Իրավիճակն իրապես օրհասական է, ինչի մասին վկայեցին այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին հղած իրենց ուղերձներում։

Երկու հայկական պետությունների ղեկավարների հիմնական ուղերձն է, որ չնայած ծանր իրավիճակին, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր հայրենքիը, այն պաշտպանելու ենք մինչև վերջ, ինչի համար անհրաժեշտ է համազգային համախմբում ու միասնականություն։ Մենք վճռականորեն կռվում ենք մեզ պարտադրված այս պատերազմում և վստահաբար հաղթելու ենք այն։ Ցավոք սակայն, ռազմաճակատում ընթացող պատերազմին զուգահեռ բացասական զարգացումներ են արձանագրվում նաև քաղաքական, դիվանագիտական ասպարեզում։ Հրապարակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ծրագրեր, որոնց ընդհանուր իմաստը հայկական կողմի միակողմանի զիջումներն են՝ տարածքներ, խաղաղության, բայց ոչ Արցախի կարգավիճակի դիմաց։

Հիմնախնդրի լուծման այդ տարբերակը Հայաստանի նոր իշխանությունը ժառանգություն է ստացել նախկինից, սրանով ի սկզբանե մերժել է այն։ Եվ եթե այդ՝ մեզ միակողմանի զիջումներ պարտադրող և Ադրբեջանի ու երրորդ երկրների շահերը բավարարարող տարբերակը մերժելի էր մինչև սեպտեմբերի 27–ը, ապա այն առավել ևս մերժելի է այսօր՝ պատերազմի պայմաններում, երբ մեր հերոսական բանակը անդառնալի կորուստների գնով պաշտպանում է հայրենիքում ու նրանում ապրելու մեր իրավունքը։ Հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ պարտադրված պատերազմի ծանր պայմաններում հայտարարել ու հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը։ Դա սակայն նշանակում է ոչ թե միակողմանի զիջումներ, ինչը ենթադրում է մեզ ներկայացվող լուծման տարբերակը, այլ փոխզիջումներ, կարգավորման այնպիսի բանաձև, որի դեպքում զիջման դիմաց հայկական կողմը համարժեք զիջում հակառակ կողմից։ Մեզ համար դա Արցախի ինքնորոշման իրավունքն է, առանց որի հայկական կողմի որևէ զիջում չի կարող ընդունելի լինել։
Հետևաբար ղարաբաղյան հակամարտության բոլոր տարբերակները, որոնցում հաշվի չի առնվում այդ առանցքային բաղադրիչը, ոչ թե խաղաղության հաստատման, այլ նոր պատերազմներ երաշխավոող լուծումներ են։ Մենք մերժել և մերժելու ենք այդ լուծումները, որովհետև այս պատերազմում կռվում ենք վերջնական հաղթանակ արձանագրելու ու Արցախի ժողովրդի ինքնորոշման վերջնական ամրագրմանը հասնելու համար։ Այս բոլոր առանցքային ուղերձները հայկական կողմը վերահաստատեց ամենաբարձր մակարդակով՝ ամրագրելով այն կարմիր գծերը, որոնցից անդին որևէ տարբերակ չի կարող ընդունելի լինել մեզ համար։

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն այս օրհասական պահին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր զինված ուժերին՝ մեզ պարտադրված պատերազմում վերջնական հաղթանակ արձանագրելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ապահովելու սրբազան գործում։ Մեր միասնակամությամբ ու համախմբվածությամբ մենք հասնելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, հաղթելու ենք՝ ի հեճուկս ադրբեջանաթուրքական զավթողական և ահաբեկչական կազմավորման, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ Արցախի ու Հայաստանի հետ կարող են խոսել ուժի պարտադրանքի և վերջնագրերի լեզվով։

Աստված պահապան Արցախ և Հայաստան աշխարհ:

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031