Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հարցազրույցը հարավկորեական «TBS eFM» ռադիոկայանի եթերում
«Այս պատերազմը՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելը, Արցախի ժողովրդի համար ունի էքզիստենցիալ նշանակություն. սա պայքար է հանուն ապրելու իրավունքի:
Արցախի հայերը պայքարում են իրենց դարավոր նախնիների տներում ապրելու իրավունքի համար, իսկ Ալիևն իր զինվորներին ուղարկում է զոհվելու բացառապես տարածքի համար: Ադրբեջանի պլանների մեջ որևէ կերպ չի մտնում, որպեսզի Արցախում բնակվող հայերը շարունակեն ապրել այնտեղ:
Թուրքիան բացահայտ կերպով աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին թե՛ քաղաքական և քարոզչական, թե՛ ռազմատեխնիկականկան և թե՛ այլ ոլորտներում՝ այդ թվում նաև փոխադրելով հազարավոր վարձկան ահաբեկիչների Սիրիայից և այլ երկրներից: Թուրքիան դեմ է հանդես գալիս հրադադարի բոլոր կոչերին, այդ թվում՝ ԵԱՀԿ համանախագահ երկրների կոչին և միմիայն հրահրում է ադրբեջանական ագրեսիան: Ավելին՝ բացառապես միակողմանի մոտեցում ունեցող Անկարան փորձում է փոխել նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափը, ինչը, կարծում եմ, վերոնշալ փաստերի համատեքստում անընդունելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների համար»: