Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չպետք է մոռանալ ապրել առօրյա կյանքով, աշխատանքով»․ հոգեբան Կիմա Գևորգյան

Հոկտեմբեր 14,2020 21:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանի հետ։

-Ինչպես հայտնի է, հոգեկան առողջությունը մարդու ընդհանուր առողջության կարևորագույն բաղադրամասն ու երբեմն նաև նախապայմանն է, ինչպե՞ս հոգ տանել հոգեկան առողջության մասին, երբ գտնվում ես «երկու կրակի արանքում»՝ մի կողմից պանդեմիայի, մյուս կողմից՝ պատերազմի։

-Շատերին թվում է, որ կարևոր է հետևել միայն ֆիզիկական առողջությանը: Բայց քանի որ մարդը ունի նաև հոգեկան աշխարհ, որը տեսանելի և շոշափելի չէ, ապա պակաս կարևոր չէ հետևել հոգեկան առողջությանը: Վերջինս ուղղակիորեն ազդում է ֆիզիկական առողջության վրա և առաջացնում տարբեր մարմնային խնդիրներ: Հոգեկան առողջության մասին պետք է միշտ հոգ տանել՝ ցանկացած տարիքում ու իրավիճակում: Իսկ պանդեմիան ու պատերազմն այն իրավիճակներն են, որոնք առաջացնում են ինչպես բացասական ապրումներ, հույզեր, տագնապներ ու վախեր, այնպես էլ նոր իրավիճակին հարմարվելու դժվարություն:

– Իսկ ինչպե՞ս հաղթահարել պատերազմի վախերն ու տագնապները՝ կա՞ն արդյոք մեթոդներ, որոնք կօգնեն հնարավորինս խուսափել հոգեկան առողջության խաթարումից։

– Իհարկե, պատերազմն իր հետ առաջացնում է տարբեր վախեր` կորցնելու վախ, մահվան վախ, ապագայի հանդեպ անորոշություն և այլն: Պատերազմական իրավիճակում շատ կարևոր է հոգեպես պատրաստվածությունը, ճիշտ տեղեկացվածությունը, թե օրինակ ինչպես պետք է պահել տագնապի ազդանշանի դեպքում, ինչպես և որտեղ պատսպարվել, ինչ ունենալ առաջին անհրաժեշտության դեպքում և այլն:

Եվ իհարկե, չպետք է մոռանալ ապրել առօրյա կյանքով, աշխատանքով, հետևել իրական, պաշտոնական լուրերին, քանի որ հիմա պատերազմ է ոչ միայն սահմանին, այլև մեդիա դաշտում, որտեղ բազմաթիվ ապատեղեկատվություն և աղավաղված տեղեկատվություն կա, ինչն էլ ավելի է բարձրացնում մարդկանց մոտ տագնապի մակարդակը:

– Այսօր հոգեբանական աջակցության կարիք ունեն գրեթե բոլորը, սակայն պատերազմից անմիջականորեն տուժածներն՝ առավել ևս։ Մեր օրերում նրանք ինչպե՞ս կարող են ստանալ հոգեբանական պրոֆեսիոնալ աջակցություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատերը հնարավորություն չունեն դիմելու մասնագիտացված կենտրոններին։

– Հայաստանում այժմ բազմաթիվ հոգեբանական կենտրոններ կան, այդ թվում նաև մեր`«Ժեստ» հոգեբանական կենտրոնը, որը ցուցաբերում է անվճար հոգեբանական մասնագիտացված աջակցություն:

– Հոգեկան ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ աճող սերնդի մեջ․ հոգեբանները նշում են, որ պատերազմի մասին պետք է խոսել երեխաների հետ․ դա ինչպե՞ս ճիշտ անել։

– Պատերազմական իրավիճակը և ռազմական գործողությունները ցանկացած մարդու համար ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից են: Ինչպես ցանկացած տրավմատիկ իրավիճակ, սա ևս բացասական մեծ ազդեցություն է ունենում երեխայի զարգացման և նրա հետագա հոգեկան առողջության վրա: Պատերազմական տրավման կարող է տարատեսակ հետևանքներ ունենալ. երեխան կարող է ականատես լինել մահվան, հարազատի կորստին, իր կենցաղի և առօրյայի փոփոխությանը, ընտանիքի տառապանքին և այլն:

Պատերազմի մասին պետք է խոսել երեխայի հետ և տալ նրա հարցերին մատչելի պատասխաններ: Երեխան, ում կյանքում լինում է հարազատի կամ ծանոթի կորուստ, պետք է իմանա դրա իրական պատճառը, և որ մահն անդառնալի երևույթ է, որպեսզի ամբողջ կյանքում չապրի ծնողին կամ հարազատին սպասելով: Երեխային պետք է բացատրել, որ մահը կյանքի անքակտելի մասն է, դրա տրամաբանական ավարտը, ինչը բնորոշ է բոլոր կենդանի էակներին:

Զրուցեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031