Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից երեխա է վիրավորվել․ «Ռումբը եկավ՝ մեր դաշտի մեջ պայթեց»

Հոկտեմբեր 14,2020 18:20

Ընտանիքը բերքահավաքի էր գնացել, նրանց պետք է միանային շատ աշխատողներ

Այսօր առավոտյան ադրբեջանական կողմի ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 14 ամյա բնակիչ։ Երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Վիրավորում ստացած տղայի հարը՝ Էդգար Արզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկներն վստահեցրել են՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում․«Վիճակը նորմալ է, շնչառությունն էլ նորմալ է։ Պետք է ԿՏ անեն, որ հասկանան՝ երբ են վիրահատելու»։

Տղան թիկունքից բեկորային վիրավորում է ստացել։ «Բեկորը մտել է փայծաղը, թոքը»,-ասաց երեխայի հայրը։ Նա դեպքից մանրամասներ պատմեց՝ հայրը, որդին եւ պապիկը իրենց հողատարածքում էին՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին մոտ, երկաթգծերի հարեւանությամբ, պատրաստվում էին կարտոֆիլի բերքը հավաքել․«Հենց մեր դաշտի մեջ եղավ դեպքը, մենք երեք հոգի էինք, բայց ահագին աշխատողներ պիտի գային։ Ռումբը, որ եկավ մեր դաշտի մեջ պայթեց, բոլորս փախանք, եթե չփախչեինք, հիմա ոչ մեկս կենդանի չէր լինի։ Հենց մեր կանգնած տեղն ընկավ»։ Երեխայի հոր պատմելով՝ մոտեցող ԱԹՍ-ի կամ տագնապի ձայն չեն լսել։
Էդգար Արզոյանն ասաց, որ ամբողջ գիշեր կրակոցների ձայներ են լսվել իրենց բնակավայրում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել