Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված պատերազմով պայմաններ թելադրելը չի ընդունվում

Հոկտեմբեր 14,2020 18:45

Անկարան ու Բաքուն փորձում են խլեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձայնը

Բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել արցախյան պատերազմի պայմաններում: Մի կողմից լայնածավալ պատերազմն է շարունակվում, մյուս կողմից՝ դիվանագիտական: Թուրք-ադրբեջանական դաշինքը ձգտում է լայնածավալ պատերազմով ոչ միայն փոխել արցախյան բանակցային ձեւաչափը, այլեւ՝ տարածքներ վերադարձել, ըստ ամենայնի՝ խաղաղության խոստումների դիմաց սակարկություններ անելով:

Այսօր ռուսաստանյան մի շարք ռադիոկայանների հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին բացահայտել է կարգավորման դետալներ, որոնց մասին նա ավելի վաղ էր խոսել եւ խոշոր հաշվով, նրա հայտարարություններում նորություն չկա: Նա ասել է՝ քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները այդ մասին մնում են բանակցությունների սեղանին: «Իհարկե քաղաքական կարգավորում հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են եւ շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչեւ վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ», նկատել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ղարաբաղում պետք է անհապաղ ներդրվեն հրադադարի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներ։ «Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների գծով եւ համաձայնեցնել հրադադարի վերահսկողության այն նույն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռեւս ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել։ Համապատասխան ազդակները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը», – ասել է Լավրովը: Մոսկվան համարում է, որ այդ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Լավրովը նույնիսկ չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը աջակցել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով բանակցային ձեւաչափի պահպանմանը, նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան բանակցային ձեւաչափին մաս կազմելու Թուրքիայի առաջարկի վերաբերյալ լրագրողի հարցի: «Մոսկվայում նախ եւ առաջ հիմնվում են այն բանի վրա, որ վերջերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպման երեք մասնակիցները հաստատել են բանակցային ձեւաչափի չփոփոխվելու սկզբունքը», նշել է Կրեմլի խոսնակը։

Նկատենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ Անկարան պետք է միանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները եւ «վերադարձնի տարածքները Ադրբեջանին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, մասնավորապես՝ Վաշինգտոնն ու Մոսկվան սեպտեմբերի 27-ին Արցախին պարտադրված պատերազմի պայմաններում պաշտոնական Անկարայի հանդուգն կեցվածքի նկատմամբ որքան զուսպ եղան, թուրքական պահանջներն էլ ավելի սաստկացան: Ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, պետք է արձանագրել, որ թուրքական ներխուժմանը Հարավային Կովկաս եւ մեր տարածաշրջանը վարձկան ահաբեկիչներով լցնելու թուրքական քաղաքականությանն առաջին եւ համարժեք արձագանքը հնչեց հենց Փարիզից:

Նկատենք, որ Թուրքիան ու Ադրբեջանն ակնհայտորեն փորձում են խլեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձայնը: Արդյոք պատահականությո՞ւն է այն, որ այսօր Լավրովի ասուլիսի ընթացքում քաղաքական կարգավորման վերաբերյալ հույսերի արտահայտման համատեքստում չհիշատակվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը…

Մինչդեռ հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Շտեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը համատեղ հայտարարությամբ շատ կարեւոր արձանագրում էին արել: Նրանք կոչ էին անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները կատարելու ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքները կանխելու նպատակով, անհապաղ կյանքի կոչել մարդասիրական հրադադարը, ապա նշվել էր. «Կոչ են արել անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմները։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից հետո համանախագահները նշել են, որ աշխատում են երկու կողմի հետ էլ Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ»։ Այս հայտարարությունը ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցի ու բանակցություններին զուգահեռ, մինչդեռ Անկարան ու Բաքուն լծվել են նոր ձեւաչափով՝ պայմաններ թելադրելու քաղաքականությանը: Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր համանախագահների հետ եւ առանձնահատուկ ընդգծել էր տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման եւ այդ ռեժիմի ամրապնդման կարեւոր միջոց:

Ռուսաստանն այսօր, կարելի է ասել, աշխատում է բոլոր ճակատներում՝ թե՛ արեւմուտքի, թե՛ Թուրքիայի հետ: ԵՄ-ի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջեւ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդրին:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա առայժմ բացառապես ԱՄՆ պետքարտուղարից են հնչում հայտարարություններ, եւ կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող ԱՄՆ-ը արդեն երկու շաբաթից ավելի ամենազուսպ ու ամենազգուշավոր պետությունն է եւ որի զսպվածությունն ու զգուշավորությունը արդեն հայ հասարակության մեջ որոշակի հարցականներ է առաջացնում:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեկ հանդես է եկել հերթական կոչով: Նա Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել պահպանել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը. «ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եւ դադարեցնել հարվածները Գյանջայի եւ Ստեփանակերտի ուղղությամբ: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար եւ շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը», – գրել է նա Twitter- ի իր էջում։

Նկատենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը երեկ ուշագրավ հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես շեշտել էր. «Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր եւ չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու եւ երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը»: Նա նշել էր, որ ամերիկյան վարչակազմը պետք է դադարեցնի փաղաքշական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ: «Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը եւ ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը», նշել էր Բայդենը:

Արցախյան բանակցություններում Թուրքիայի մասնակցության աղետալի ազդեցության մասին այսօր խոսել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Անկարայի մասնակցությունը ԼՂ-ի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան կարող է սրել իրավիճակը, ասել է նա:

Նկատենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը կարծիք էր հայտնել, թե՝ «Անկարան չի առարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ վարել՝ Բաքվի, Երեւանի, Անկարայի եւ Մոսկվայի մասնակցությամբ»: «Այս ձեւաչափը, իմ կարծիքով, կործանարար է ԼՂ-ի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձեւաչափով Անկարան, ի տարբերություն Մոսկվայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի դիրքը կրկնօրինակելը: Հետեւաբար, դրանում չկա ավելացված արժեք, բայց կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար», հակադարձել է Կոսաչովը:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին ուղերձով, նշելով. «Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման»:

Վերջին մի քանի օրերին Փաշինյանը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հատուկ ընդգծում է հետեւյալ միտքը՝ «հումանիտար ճգնաժամը կանխելու միջոցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է»: Փաշինյանի այսօրվա ելույթից կարելի է եզրակացնել հետեւյալը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմով հայկական կողմից կորզել «տարածքներ՝ խաղաղության հաստատման խոստման դիմաց» բանաձեւի ընդունումը պաշտոնական Երեւանը չի ընդունում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031