«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ոչ այնքան էթնիկ խնդիր է, որքան այն, որ երեք բռնապետներ հարձակվում են իրենց մեջ ծաղկող ժողովրդավարությունը ոչնչացնելու համար»,- Opendemocrasy.net-ում այսպես է սկսում իր վերլուծությունը իրավաբան Վահան Բուռնազյանը։
Այս միտքը կարելի էր հերքել՝ ցույց տալով քարտեզը, որում երևում է, որ երկու թուրքական պետությունների միավորմանը Հայաստանն է խանգարում, անկախ այն բանից՝ այն ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ։
Կարելի էր հերքել նաև 20-րդ դարի սկզբին և վերջերին հայերի ցեղասպանությունների պատմությամբ, երբ հայերը կոտորվում էին իրենց էթնիկ պատկանելության համար, անկախ այն բանից՝ ժողովրդավա՞ր էին, թե՞ ոչ։
Բայց «ժողովրդավարացման» թեզն ավելի ու ավելի մեծ պատուհաս է դառնում Հայաստանի և աշխարհի գլխին, ուրեմն արժի ավելի մանրամասն համոզել՝ ինքներս մեզ հարցեր տալով։
Կարդացեք նաև
Արդյո՞ք ժողովրդավարության ազդեցության գոտու երկրները չեն աշխատում Հայաստանի դեմ։
Արդյո՞ք ուկրաինական ժողովրդավարությունը, որի հենասյունը հակառուսությունն է, չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի ընդգրկմամբ, ու ռազմական դաշնակցության մեջ մտնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ ի վնաս Հայաստանի։ Այդպես է։
Արդյո՞ք վրացական ժողովրդավարությունը չի, որ թույլատրում է Թուրքիային ահաբեկիչներ ու զենք ներմուծել տարածաշրջան՝ հայերի դեմ կռվելու համար։ Արդյո՞ք վրացական այդպիսի ժողովրդավարության հայրը՝ Միխեիլ Սահակաշվիլին, որի հենասյունը ևս հակառուսությունն է, իր աջակցությունը չի հայտնում Ադրբեջանին այս հակամարտությունում։ Ու կրկին, արդյո՞ք ժողովրդավար Վրաստանը չի, որ ռազմական դաշնակցության մեջ է բռնապետական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ ի վնաս Հայաստանի: Այդպես է։
Արդյո՞ք իսրայելական ժողովրդավարություն չի, որ վերջինս զենք է վաճառում Ադրբեջանին, և բրիտանական ժողովրդավարություն չի, որ վերջինս նորանոր պայմաններ է ստեղծում Ադրբեջանից էներգակիրներ արտահանելու Եվրոպա՝ ժողովրդավարության օջախ։ Այդպես է։
Արդյո՞ք ՆԱՏՕ-ի անդամ ժողովրդավար երկրները չեն, որ հնարավորություն են ստեղծում իրենց դաշնակցի՝ Թուրքիայի առաջխաղացման համար՝ ի վնաս Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի։ Այդպես է։
Արդյո՞ք Իրանը, որին նույնպես Ամերիկայի ազդեցության գոտին ներկայացնում է որպես հրեշավոր դիկտատուրա, Հայաստանի միակ վստահելի սահմանակիցը չի։ Այդպես է։
Արդյո՞ք այդ ժողովրդավարությունները չէին, որ բռնապետության արշավի անվան տակ աղետի գոտիներ դարձրին Սիրիան, Լիբիան, Իրաքը ու թույլ տվեցին, որ Թուրքիան ոչնչացնի Քրդստանը։ Ու արդյունքում այդ «ժողովրդավարություններն» օգտագործվեցին հայերի դեմ՝ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչներ բերելով պատերազմի ճակատ։ Այդպես է։
Արդյո՞ք այդ ժողովրդավարությունները չեն, որ ամեն անպատեհ առիթով պատժամիջոցներ են կիրառում Իրանի ու Ռուսաստանի դեմ, սակայն Թուրքիայի հանցագործությունների վրա աչք են փակում։ Այդպես է։
Ուրեմն, ոչ թե պետություններն են վերացնում ժողովրդավարությունն, այլ ժողովրդավարությունը՝ պետություններին, և եթե ժողովրդավարությունը վարկաբեկվել է, ապա պետք է քննադատությունն ուղղել հասցեատիրոջը, ոչ թե այս հակամարտության դերակատարներով «ոչժողովրդավարությամբ» կապել միմյանց։
Հիմա մյուս հարցերի շարանը, թե արդյո՞ք Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Ներկայիս Հայաստանը ժողովրդավարության հետ կապվում է միայն մեկ իրողությամբ՝ ԱԺ 2018 թվականի ընտրություններով, որը որակված է՝ ազատ և արդար։ Բայց այն հիմնասյունը, որն ապահովում է ժողովրդավարությունը՝ իշխանական ճյուղերի տարանջատումը, լիովին քանդված է, ու այդ քանդմանը նպաստել են այն ժողովրդավարական տերությունները, որոնք «ժողովրդավարություն» են պարտադրում աշխարհին։
Հայաստանն էլ նրանց համար կկոչվի ժողովրդավար, քանի դեռ իշխանությունը զբաղված է հակառուսական գործունեությամբ։ Այն է՝ իշխանության գալով Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին՝ իր հայրենակից գեներալին ՀԱՊԿ-ից ու դատական գործ բացեց նրա դեմ, դատական գործ սկսվեց ռուսական ընկերությունների դեմ, հանրային հեռուստատեսությամբ և իշխանությանը կից լրատվամիջոցներով արվում էր հակառուսական, ամերիկամետ և թուրքերի հետ եղբայրության քարոզչություն, պետական ապարատներում ներդրվեցին հակառուս գործիչներ։ Ուրեմն, հարկ է չշփոթել իրական ժողովրդավարությունը արևմտյան՝ «հակառուսական «ժողովրդավարության» հետ»։
Հիմա մյուս հարցը։ Արդյո՞ք Ադրբեջանը, եթե ժողովրդավար լիներ, չէր հարձակվի Հայաստանի վրա։ Ադրբեջանի բռնապետության դեմ պայքարի և «ժողովրդավարության» խորհրդանիշներից մեկը՝ լրագրող Խադիջա Իսմայլիովան, ողջ պատերազմի ժամանակ հակահայ քարոզչություն է անում նույն ոգով, ինչ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա ստեր է տարածում, թե հայերն ուզում են գրավել Ջավախքն ու Նախիջևանը, և թե այս պատերազմը դաս է հայերին։ Նրա հետ համակարծիք են ադրբեջանցի «ժողովրդավարները»։ Ուրեմն Ադրբեջանում բռնապետական համակարգի պատճառով չէ, որ ուզում են վերացնել հայերին, այլ ինքնության առաջխաղացման մաս է դա՝ էթնիկ հարց։
Այս հակամարտությունը էթնիկ խնդիր է հայ-թուրք-ադրբեջանական պայքարում, և արևմտյան «ժողովրդավարության»՝ պետությունների կործանման հարց Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Եվ պետությունները հաճախ բռնապետական են դառնում հենց այդ կեղծ «ժողովրդավարություններից» պաշտպանվելու համար։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
Best sobering article I’ve read in Aravot in a long time
“…իշխանության գալով Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին՝ իր հայրենակից գեներալին ՀԱՊԿ-ից ու դատական գործ բացեց նրա դեմ, դատական գործ սկսվեց ռուսական ընկերությունների դեմ, հանրային հեռուստատեսությամբ և իշխանությանը կից լրատվամիջոցներով արվում էր հակառուսական, ամերիկամետ և թուրքերի հետ եղբայրության քարոզչություն, պետական ապարատներում ներդրվեցին հակառուս գործիչներ։ Ուրեմն…” – ուրեմն, վերենշված պնդումները միտումնավոր խեղաթյուրված են, լավագույն դեպքում կարճատես և մակերեսային են: ՎՏԱՆԳԸ ՆՐԱՆՈՒՄ Է, ՈՐ ՆՄԱՆ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ: Իսկ այս օրերին նման “եզրակացությունները” ոմանց համար հեռու գնացող նպատակներ են սպասարկում: