Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի Գյումրիի բնակարանում զինվորների համար գիշեր-ցերեկ քնապարկեր են կարում

Հոկտեմբեր 14,2020 17:38

Գալստյանների ընտանիքին պատկանող բնակարանը, որը գտնվում է Գյումրու Անի թաղամասում, արդեն հինգերորդ օրն է՝ վերածվել է զինվորների համար քնապարկեր կարող արտադրամասի։ Գալստյանները հարազատներով, հարևաններով, ծանոթներով զօր ու գիշեր լծվել են այս գործին․ կտորի վրա դրված յուրաքանչյուր կարի հետ իրենց օրհնանք են փոխանցում, որ հայրենիքը պաշտպանող զինվորն անփորձանք լինի ու գլուխը դնի տաք, փափուկ քնապարկում։

Նախաձեռնությունն ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի մարտերում հաղթանակած հերոս Թելման Մարկոսյանինն է, նա կտոր գնելու ֆինանսական հարցերն է լուծում, Գալստյաններն էլ իրենց ծանոթ-հարազատների հետ գիշեր-ցերեկ կարում են։


Արտադրամասի վերածված բնակարանում եռուզեռ է․ մենք այնտեղ եղանք երեկոյան ժամի․ մի կողմից բարձր միացված հեռուստացույցն է՝ անընդմեջ հետևում են նորություններին, մյուս կողմից՝ կարի մեքենաների աղմուկն է: Ներկաների հուզմունքն՝ արցունքներն ու ոգևորությունն այստեղ միախառնված են։

Հետաքրքիրն այն է, որ այս օրերին դերձակ են դարձել ուսուցիչները, որոնք երբևէ կարի մեքենային մոտեցած անգամ չկային։

Տանտերը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սամբիստ Սերգեյ Գալստյանի հայրն է՝ Սպարտակ Գալստյանը։ Սամբիստն այժմ ապրում է Սալոնիկում։ Նրա հայրը պատմում է, որ պատերազմը սկսվելուն պես ցանկություն հայտնեց որպես կամավոր ռազմաճակատ մեկնելու, սակայն մերժեցին՝ պատճառաբանելով տարիքը, ինքն էլ որոշեց թիկունքից հզորացնել բանակը։

«Ես որևէ կուսակցություն երբևէ չեմ ընդունել, իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է։ Ես անում եմ հոգուս հանգստության համար։ Ամեն ինչ անելու եմ հանուն մեր հաղթանակի: Մեր երեխեքը թող անփորձանք լինեն։ Երբ հաղորդում են մեր զոհված երեխեքի անունները, թողնում, գնում եմ, որ չլսեմ, քիչ մնա խելագարվեմ, բոլորիս համար դարդ ու ցավ է։ 3 միլիոնով 100 միլիոնի դեմ ենք ելել, բայց մեկ է՝ հաղթելու ենք, հին պատմությունը չպիտի թույլ տանք կրկնվի», -հուզվում է Սպարտակ Գալստյանը։

Նա նշում է, որ իր ամբողջ կյանքում կարի գործարանում է աշխատել։ Նրան օգնում է նաև իր դերձակ ընկերը՝ Ռոբերտ Զաքարյանը, որն այս նախաձեռնության մասին իմանալուն պես՝ շտապել է օգնելու։

«Եթե չես կարող ֆրոնտ գնալ, պիտի այստեղ մի բանով օգնես՝ քո աշխատանքով», -ասաց Ռոբերտ Զաքարյանը։ Նա ասաց, որ ամեն մի կարը դնելիս՝ օրհնանք է հնչեցնում զինվորներին՝ անփորձանք լինեք, չվիրավորվեք, առողջ վերադառնաք։

Տանտիրոջ դուստրերից մեկը՝ Հոռոմի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հերմինե Գալստյանն էլ ասում է, որ օրվա մեջ մի ժամ հազիվ են հանգստանում, չորս օր է՝ գիշերները չեն քնել, որ քնապարկերն առաջնագիծ հասցնեն։

«Մեր զինվորներին գոնե ցրտից պաշտպանենք, չեմ ասում թշնամուց, բայց ցրտից հաստատ կարողանանք պաշտպանել։ Եթե առաջնագծում չենք, ուրեմն թիկունքից պիտի օգնենք մեր զինվորին»,-ասում է Հերմինե Գալստյանը։

Լուսինե Խաչատրյանն էլ այս օրերին մանկավարժից վերածվել է դերձակի, ասում է՝ իր խաղաղ քնի համար պարտական է մեր զինվորներին, երազում է, որ նրանք ողջ, առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։

Ամեն մի քնապարկում նամակ, մաղթանք, օրհնանք կա՝ հասցեագրված զինվորներին։

«Եթե կարում ես սիրով, ջերմությամբ, այդ էներգետիկան անցնում է քո զինվորին», -ասում է Հերմինե Գալստյանը։

Ի դեպ, նա հարսանյաց սրահ ունի, ասում է՝ նախքան պատերազմը բազմաթիվ հարսանիքների պատվերներ ուներ, նախապես գրանցել էր, այժմ մի ցանկություն ունի՝ թող բոլոր փեսաները ողջ-առողջ վերադառնան, ինքն էլ բոլորի հարսանիքներն անվճար կկազմակերպի ու հաղթանակի տոնի կվերածի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031