Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի մի շարք քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում հայությանը

Հոկտեմբեր 14,2020 17:19

Սեպտեմբերի 13-ին Հռոմում տեղի ունեցավ հայ համայնքի ցույցը Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Մասնակիցների ձեռքում էին տարբեր պաստառներ. «Հայաստանը խաղաղություն է ուզում», «հայերը թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ», «վերջ պանթուրքական ագրեսիային»:

Խաղաղ ցույցի ժամանակ ելույթ ունեցան մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Սարգիս Ղազարյանը, որը մանրամասներ ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղի  են ունենում պատերազմական հանցագործություններ և հանցանքներ մարդկության դեմ և ընդգծեց, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի: Իր խոսքում Ղազարյանը շեշտեց. «Մեր նախնիները հաղթել են մահին, և մենք պետք է ապրենք»:

Հայերից բացի՝ ցույցին ներկա էին նաև իտալացիներ, այդ թվում մի շարք քաղաքական գործիչներ: «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, որը ներկա էր հավաքին՝  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունը, որն ապրում է մեզ մտերիմ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և «Լեգայի» աջակցությունն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»:

Ցույցին ներկա էր նաև Եվրոպական խորհրդարանի անդամ Աննա Բոնֆրիսկոն, որը իր խոսքում նշեց, որ «Լեգա» կուսակցությունն առաջինն էր, որ սեպտեմբերի 27-ին՝ հակամարտության սրումից մեկ ժամ հետո բարձրաձայնել էր խնդիրը՝ ավելացնելով. «Եվրոպան պետք է պաշտպանի Հայաստանին, որովհետև Հայաստանին պաշտպանելով՝ Եվրոպան պաշտպանում է ինքն իրեն»:

Մասնակիցների թվում էին նաև Իտալիայի Պատգամավորների պալատի անդամներ Անդրեա Դելմաստրոն, Ջուլիո Չենտեմերոն և սենատոր Մանուել Վեսկովին: Վերջինս ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր Մոնտեչիտորիո հրապարակում էի՝ ի աջակցություն հայերի, հանուն Լեռնային Ղարաբաղի խաղաղության: Իտալիային և Հայաստանին միացնում են արժեքները»:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031