Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում

Հոկտեմբեր 14,2020 17:42
Nato

Հասցեատերեր.

Ջեյմս Ապատուրայ,
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Դեսպինա Աֆենտուլին,
ՆԱՏՕ Բրյուսել, Կովկասի պատասխանատու
Ռոզարիա Պուգլիսի, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունները Հայաստանում

 

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական
էսկալացիային ուղղված գործողությունները

ԴԻՄՈՒՄ

1949թ․ ընդունված Հյուսիսանտլանտյան դաշնագրի հիման վրա ստեղծված Դաշինքի նպատակն է երաշխավորել իր անդամների ազատությունն ու անվտանգությունը քաղաքական և ռազմական միջոցներով:

Դաշինքը ստեղծվել է հավաքական պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների նկատմամբ հանձնառության հաստատմամբ։ Դաշնագրի ներքո անդամ պետությունները, այդ թվում 1951թ․ միացած Թուրքիան պարտավորվել են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով և իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակին: Դաշինքը խթանում է ժողովրդավարական արժեքները և հնարավորություն է տալիս անդամներին խորհրդակցել և համագործակցել պաշտպանության և անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, լուծել խնդիրներ, ձևավորել վստահություն և երկարաժամկետ հեռանկարում կանխել հակամարտությունները: Դաշինքի անդամ երկրների համար առանցքային է համարվում ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը։

2020թ․ իրականությունը տարբերվում է դաշնագրի մշակման և փոփոխությունների ժամանակաշրջանի ռիսկերի և դերակատարների առումով, սակայն վերոնշյալ սկզբունքներն, այնուամենայնիվ, պետք է անփոփոխ լինեն։

Եվրոպական մայրցամաքում հաճախ ուղիղ ռազմական վտանգին փոխարինում է տեղեկատվական պատերազմի վտանգը, ինչի ուղղությամբ դեռևս պատշաճ գործողություններ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ իրական ռազմաքաղաքական սպառնալիքները տեղափոխվել են Միջին Արևելք և դեպի Կենտրոնական Ասիա։ Այս տարածաշրջանների գրեթե բոլոր հակամարտություններում առանցքային դերակատար է Թուրքիան, որն ուղղակի ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը, մասնավորապես, Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում։

Ըստ անկախ հետաքննությունների, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկան ահաբեկիչների, որոնք ուղղակիորեն մասնակցում են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ՝ մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, մինչ Դաշինքի անդամ պետությունը ահաբեկիչների է հավաքագրում և օգտագործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խրախուսելով ահաբեկչության տարածումը և առավել ապակայունացնելով իրավիճակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2020 սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման համար, այլ նաև պատերազմի ընթացքում քննադատել և խոչընդոտել է Ղարաբաղյան հակամարտությամբ խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ զինադադարի կոչերն անընդունելի են։ Պատերազմի անցած երկու շաբաթների ընթացքում ամեն օր ադրբեջանական ռազմական բեռնատար օդանավերը թռիչքներ են կատարել դեպի Թուրքիա։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրել է զոհերի և տուժածների նաև խաղաղ բնակչության շրջանում։

Դրանով հանդերձ Թուրքիայի վարչակազմն իր անթաքույց ագրեսիվ գործողություններով ոչ միայն նպաստում է Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի ռազմական ագրեսիային, այլև ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Սա ոչ թե ուղղակի միջազգային այդ մեխանիզմի կարգավիճակի և ձևաչափի փոփոխություն է ենթադրում, այլև վտանգի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի  հիմնարար սկզբունքներից մեկը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։

2020 հոկտեմբերի 12-ին թուրքական Հաբեր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիմնավորելով, թե ինչու Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ունենա, ասել է, որ՝  «Այսօր Թուրքիան ուժային կենտրոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով: Արևմուտքում շատերը չեն ցանկանում դա ընդունել, դա նրանց զայրացնում է: Նրանք սովոր են նրան, որ, ցավոք, անցյալ դարում, երբեմն նրանց խոսքերը բարձր արժեք ունեին թուրքական քաղաքականության մեջ: Բայց այսօր Թուրքիան բացարձակապես անկախ քաղաքականություն է վարում և դարձել է համաշխարհային մասշտաբի ուժ: Առանց Թուրքիայի ո՞ր հարցն է լուծվում մեր տարածաշրջանում: Տեսեք, Թուրքիան իր խոսքն է ասում Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, և սա իրականություն է: Նրա հետ պետք է հաշվի նստել»:

Այս հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը վարում է միայն սեփական շահերի, այլ ոչ թե Դաշնագրում ամրագրված սկզբունքների առաջմղման կամ մյուս անդամ պետությունների հետ փոխօգնության ոգով։ Նման քաղաքականության շարունակումը կհանգեցնի ոչ միայն ՆԱՏՕ-ի որպես անվտանգության և խաղաղության երաշխավոր կազմակերպության  հեղինակազրկմանը տարածաշրջանում, այլև ահաբեկչության տարածմանը Կովկասում՝ խորացնելով հումանիտար աղետը։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք․

  • Հրատապ  միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,
  • Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝ տալով ռազմաքաղաքական գնահատական,
  • Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,
  • Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,
  • Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու  տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031