Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը երկրորդեցին Դավիթ Տոնոյանին՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»

Հոկտեմբեր 14,2020 16:58

«Հայաստանի և Արցախի նախագահները նույն կոչն էին հղում հանրությանը՝ համազգային կոնսոլիդացիայի և մոբիլիզացիայի մասին: Իրավիճակը, ինչպես ներկայացրին երկու նախագահները, շատ ծանր է, հակառակորդը որոշակի առաջխաղացումներ և ճեղքումներ է ունեցել, և հիմա միայն համազգային մոբիլիզացիայի շնորհիվ նրան կարող ենք դուրս մղել Հայաստանի տարածքից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանն ուղղված կոչերին:

Արմեն Վարդանյան

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանը նույնն արեց ավելի համընդգրկուն՝ եկավ հարցի ակունքներից, պատմեց, թե ինչպես ենք հասել այսօրվան, ասաց, որ Ադրբեջանն ավելի ապակառուցողական դիրքերից է հանդես եկել բանակցություններում, պահանջել է Արցախի ազատագրված 5 շրջանները՝ դրա փոխարեն չխոստանալով ոչինչ: «Այսինքն, եթե հայկական կողմը տարել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» տարբերակը, ապա Ադրբեջանն առաջարկել «տարածքներ՝ ոչնչի կամ խաղաղության խոստման դիմաց»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նաև ամբողջ աշխարհին հիշեցրեց, որ Թուրքիան է ներքաշված այս հակամարտության մեջ և, եթե, համաշխարհային խաղացողները չկանգնեցնեն նրան, ապա հետևանքները շատ ծանր կլինեն ոչ միայն Հայաստանի, այլև առհասարակ այս տարածաշրջանում շահեր ունեցող միջազգային դերակատարների համար. օրինակ, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան: «Այսպիսով նա փորձում էր այնպես անել, որ այդ երկրները հակազդեն Թուրքիայի ապակառուցողական և կազմաքանդիչ գործողություններին»,- կարծում է մեր զրուցակիցը:

Aravot.am-ի դիտարկմանը՝ թե Արայիկ Հարությունյանը, թե Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին, որ իրավիճակն օրհասական է, մեր ռեսուրսները սակավ են, սակայն երկուսն էլ հայտարարեցին, որ պայքարելու ենք մինչեւ վերջ. սա ինչպե՞ս կմեկնաբանեք. Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին, նվազագույն պլանով մենք պետք է հետ բերենք այն կորցրած տարածքները, որոնց մասին նաև Նիկոլ Փաշինյանը խոսեց: Իսկ առավելագույն պլանով, պետք է մենք առաջխաղացում ունենանք, ինչպես ժամանակին Դավիթ Տոնոյանն էր ասում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Իհարկե, պետք է ջանանք, որ Ալիևը պատասխանատվություն կրի իր պատերազմական գործողությունների համար, մի բան, ինչը չարեցինք 2016թ. ապրիլյանից հետո»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031