Թուրքիայի «ադրբեջանական գրոհը»
ՏԱՎՈւՇՅԱՆ ԹԵԺԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ
2020թ․ հուլիսին տեղի ունեցած Տավուշյան թեժացումը բացասական հետևանքներ արձանագրեց Ադրբեջանի և հատկապես Իլհամ Ալիևի համար՝ դիրքային (տարածքային) կորուստներ, ադրբեջանական «ուժեղ» բանակի իմիջի և այդպիսով նաև այդ բանակով, նրա սպառազինություններով շարունակ հպարտացած Ի․ Ալիևի հեղինակության վնասում։ Ավելին, Տավուշյան թեժացումը հանգեցրեց Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճին. այդ օրերին Թուրքիան արեց ադրբեջանամետ բազմաթիվ ու բազմամակարդակ հայտարարություններ՝ անգամ սպառնալով Հայաստանին։ Մեր նախկին հոդվածներից մեկում առանձնացրել ենք 6 գործոն, թե Տավուշյան թեժացման ժամանակ ինչու էր Թուրքիայի արձագանքը վերջին տարիների համար աննախադեպ կոշտ և ընդգծել, որ տվյալ գործոններն առկա չեն եղել 2016թ․ ապրիլյան թեժացման ժամանակ, այլ կերպ ասած՝ նոր իրողություններ էին։
Տավուշյան թեժացումից հետո Թուրքիան Ադրբեջանին աջակցեց նաև գործնականում․ Բաքվում ու Նախիջևանում անցկացվեցին TurAz Kartalı-2020 զորավարժությունները։ Թեև հայտարարվել էր, թե «դրանք պլանային են», հակված ենք համարել, որ դրանց անցկացման որոշումը կայացվել է Տավուշյան թեժացման օրերին Անկարա ադրբեջանական ռազմական պատվիրակության այցի ընթացքում, որում ընդգրկված էր նաև Նախիջևանում առանձին համազորային բանակի հրամանատարը։ Ընդգծել էինք, որ այդ զորավարժություններով ոչ միայն Ի․ Ալիևը, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում էր առաջին հերթին փրկել Տավուշյան թեժացման արդյունքներով սասանված իր հեղինակությունը․ 2019թ. հունվարին Էրդողանը հայտարարել էր, որ «1990-ականների սկզբներին Թուրքիան («Հին Թուրքիա») հզոր պետություն չէր, ինչի համար էլ չկարողացավ կանխել Ղարաբաղի օկուպացիան»։ Այս ամենին զուգահեռ Էրդողանը հայտարարում է, որ ««Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով»։ Փաստորեն «Նոր Թուրքիան» էլ չկարողացավ կանխել Ադրբեջանի տարածքային կորուստները։
Եվ ահա Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բանավոր ու գործնական աջակցությունից հետո եկավ երկու երկրների միջև «հաշվապահություն» անելու ժամանակը՝ պարզելու համար, թե այս անգամ Ադրբեջանն ինչպես և ինչքան է վճարելու Թուրքիային։ Նախկինում քանիցս տեսել ենք, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան բանավոր աջակցել է Ադրբեջանին, հանդես է եկել ադրբեջանամետ, սակայն իրականում Ադրբեջանին ոչինչ չտվող հայտարարություններով և փոխարենն Ադրբեջանից կորզել է տնտեսական մեծ զիջումներ։ Հենց այդ պատճառով է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը շաղկապում է ոչ թե 1921թ․ Կարսի պայմանագրի (ներկայիս սահմանի) ընդունման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելու հետ (Հայաստանին ներկայացրած 3 նախապայմաններից 2-ը, որոնք ուղիղ առնչվում են Թուրքիային), այլ հենց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ (Հայաստանին Թուրքիայի ներկայացրած երրորդ նախապայմանը, որն ուղիղ չի առնչվում նրան)։ Նաև տվյալ անհեթեթ իրավիճակից դուրս գալու համար է, որ Թուրքիան Տավուշյան թեժացումից հետո սկսել է մեծապես շրջանառության մեջ դնել «մեկ ազգ, երկու պետություն» թեզը և այդպիսով Ադրբեջանի դեմ լուրջ «գրոհ» սկսել միանգամից 3 «ճակատով»։
Կարդացեք նաև
«ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈւ ՊԵՏՈւԹՅԱՆ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈւՂՂՈւԹՅՈւՆԸ
Քանի որ Տավուշյան թեժացման ժամանակ/հետո Թուրքիայի աջակցությունը բավական մեծ էր, որոշակի առումով՝ նաև աննախադեպ, ուստիև համարժեք պետք է լիներ նաև Ադրբեջանի վճարելիք գինը։ Թուրքիան անմիջապես Ադրբեջանից պահանջեց համաձայնվել երկու երկրների քաղաքացիների կողմից սահմանները ID քարտերով հատելուն, վիզային ռեժիմն ամբողջովին վերացնելուն, ազատ առևտրի պայմանագիր կնքելուն և այդպիսով ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելուն։ Հիշեցնենք, որ տևական համառությունից հետո՝ 2019թ․, Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիներին թույլատրեց առանց վիզայի 30 օր գտնվել երկրում (Թուրքիան 2007թ. է վերացրել վիզային ռեժիմն Ադրբեջանի համար)։ Չենք բացառում, որ Ադրբեջանն այդ քայլին գնաց պայմանով, որ Թուրքիան կրկնակի թանկացնի ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզայի վճարը։ Թուրքիայի համար այս խնդիրն ուներ նաև հոգեբանական կողմ․ նա Վրաստանի հետ ունի ոչ վիզային ռեժիմ (2011թ․-ից Թուրքիայի ու Վրաստանի քաղաքացիները սահմանները հատում են նաև ID քարտերով)։ Փաստորեն «եղբայրական» Ադրբեջանի տվյալ պահվածքը չէր տեղավորվում «մեկ ազգ, երկու պետություն» թեզի շրջանակներում՝ ի ցույց դնելով դրա բլեֆային բնույթը։ Ադրբեջանը նույն կերպ չէր ցանկանում Թուրքիայի հետ ստորագրել ազատ/արտոնյալ ռեժիմով առևտրային պայմանագիր, չէր համաձայնվում, որ Թուրքիան Նախիջևանի հետ սահմանին ստեղծի ազատ առևտրի գոտի։ Ընդգծենք, որ Թուրքիան Վրաստանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, ինչի շնորհիվ 2007թ․-ից դարձել է նրա թիվ մեկ առևտրային գործընկերը։ Ի պատասխան՝ Թուրքիան ձգձգում էր «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի իր հատվածի կառուցումը (վիզային ռեժիմի վերացումն ու ազատ/արտոնյալ առևտրի ռեժիմի պայմանագիրը դրականորեն կազդեր ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար նախատեսված ԲԹԿ-ի վրա)։ Արդյունքում Ադրբեջանը տեղի տվեց․ 2017թ․ ամռանը նա համաձայնեց Թուրքիայի կողմից Նախիջևանի հետ սահմանին ազատ առևտրի գոտի ձևավորելուն, իսկ 2020թ․ փետրվարին Թուրքիայի հետ ստորագրեց արտոնյալ առևտրի ռեժիմի մասին համաձայնագիր։
Ադրբեջանը Թուրքիային նաև մատակարարում է ամենաէժան գնով գազը, ինչը հարիր է «մեկ ազգ, երկու պետություն» թեզին։ Թուրքիան կարողացավ հասնել նրան, որ 2019թ․ Ադրբեջանն իր խոշոր գազամատակարարների թվում 3-րդ տեղից բարձրացավ 2-րդ տեղ՝ գերազանցելով Իրանը, իսկ 2020թ․՝ արդեն 1-ին տեղ՝ գերազանցելով Ռուսաստանը (վերջինիս մասնաբաժինը մի քանի տարի առաջվա 55-60%-ի փոխարեն նվազել է անգամ 10%-ից)։ Ընդ որում՝ Թուրքիան ծրագրել է է՛լ ավելի մեծացնել ադրբեջանական գազի ներկրումը։ Ադբեջանական նավթի ճնշող մեծամասնությունն էլ արտաքին շուկաներ է ուղարկվում Թուրքիայի տարածքով («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղ)։ Ներդրումային ոլորտում նույնպես Թուրքիայի համար լուրջ խնդիրներ չկան։ Ադրբեջանը խոշոր ներդրումներ (17 միլիարդ $) է անում Թուրքիայի տնտեսության մեջ, որոնք եռակի գերազանցում են Ադրբեջանում Թուրքիայի արած ներդրումների ծավալը։ Օրինակ, 2018թ․ հոկտեմբերին Իզմիրում բացված Star նավթավերամշակման գործարանի նախագիծը գնահատվում է 6 միլիարդ $, ինչը Թուրքիայի տնտեսությունում մասնավոր սեկտորի արած խոշորագույն ներդրումն է (Star-ն ունակ է տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հում նավթ)։ Ադրբեջանի հետ համատեղ գազային (TANAP) և երկաթուղային (ԲԹԿ, հետագայում նաև «Կարս-Իգդիր-Նախիջևան») նախագծերը Թուրքիային հնարավորություն են ընձեռում վերածվելու գազային (միգուցե աշխարհի խոշորագույն) և երկաթուղային («Հյուսիս-Հարավ», «Արևմուտք-Արևելք») խոշոր հանգույցի։
Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի այս տնտեսական ձեռքբերումները մեծապես կապված էին Հայկական լծակի գործադրման հետ։ Թուրքիան, կանաչ լույս վառելով «ֆուտբոլային դիվանագիտության» առջև, կարողացավ առերևույթ ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորապատկեր և այդպիսով ահաբեկել Ադրբեջանին։ Ի․ Ալիևը, ով մշտապես վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու քաղաքականություն, շատ էր հպարտանում իր այդ քաղաքականության «ձեռքբերումներով», հայտնվել էր կրակի առջև, եթե Թուրքիան բացեր Հայաստանի հետ սահմանը։ Դեպքերի նման զարգացումից խուսափելու համար Ալիևը հարկադրված էր համաձայնել գազը Թուրքիայի տարածքով (TANAP) Եվրոպա ուղարկելուն (ռուսական «Գազպրոմը» պատրաստ էր գնելու արտահանման ենթակա ողջ ադրբեջանական գազը), Թուրքիայում ադրբեջանական ներդրումները (Star գործարան) մեծացնելուն, ինչպես նաև (2010թ․) Թուրքիայի հետ Ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր ստորագրելուն։ Ընդգծենք, որ այսօր էլ Հայկական լծակն ամենաարդյունավետ ու գործուն լծակն է Թուրքիայի ձեռքում՝ ընդդեմ Ադրբեջանի։ Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան կարողացավ Ադրբեջանին ստիպել՝ խոշոր զիջումների գնալու տնտեսական կարևոր ոլորտներում, տնտեսական համատեքստում Ադրբեջանին զգալիորեն (գրեթե ամբողջովին) համապատասխանեցնել «մեկ ազգ, երկու պետություն» թեզին, ինչը կշարունակվի նաև առաջիկայում։
«ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈւ ՊԵՏՈւԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ (ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ) ՈւՂՂՈւԹՅՈւՆԸ
Տավուշյան թեժացման արդյունքները պարարտ հող ստեղծեցին, որ Թուրքիան կտրուկ մեծացնի նաև իր քաղաքական ազդեցությունն Ադրբեջանի վրա։ Դա անելու համար ստեղծվեց նաև հրաշալի առիթ․ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սրեց իրավիճակը։ Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ը դատապարտեց Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապօրինի ու սադրիչ գործողությունները։ Օգոստոսի 17-ին Թուրքիայի ԱԳՆ-ը զայրույթ հայտնեց, որ «Հայաստանը ներկայացնում է Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն»։ Ընդգծենք, որ ի տարբերություն թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանը Հունաստանին աջակցում է ոչ նրա համար, որ տնտեսական որևէ զիջում կորզի նրանից։ Ի դեպ, Հունաստանին ու Կիպրոսին աջակցելու պլանում Հայաստանը կորցնելու բան չունի․ այդ աջակցությունը ոչ մի կերպ չի նվազեցնում «Էրդողանական Թուրքիայի» հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը, քանի որ ներկայումս այդպիսի հեռանկար պարզապես գոյություն չունի։ Ավելին, Էգեյան ու Միջերկրական ծովերի զարգացումների շուրջ Հունաստանին ու Կիպրոսին աջակցելն աստիճանաբար կծանրացնի Հայաստանի նժարը և կմեծացնի սեփական (քիչ թե շատ) պահանջարկը Թուրքիայի համար։
Նույն օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի գործունեությանն Արևելյան Միջերկրականում և քննադատեց Հայաստանին՝ այդ հարցում կարծիք հայտնելու համար։ Օգոստոսի 19-ին էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ Ադրբեջանական այս արձագանքները կարելի է համարել ուշացած․ Հայաստանը, Հունաստանի հետ չլինելով «մեկ ազգ, երկու պետություն», ավելի շուտ աջակցություն հայտնեց նրան, մինչդեռ Ադրբեջանը փաստորեն չէր շտապում աջակցել Թուրքիային։ Այն, որ Ադրբեջանը, ի վերջո, գնաց այդ քայլին, ունի երկու կարևոր պատճառ։ Դրանցից մեկը Տավուշյան թեժացման ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի հայտնած աջակցությունն էր, իսկ երկրորդը՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, ինչն Ադրբեջանին դրդեց աջակցել Թուրքիային։ Ընդ որում՝ Հաջիևը և Աբդուլաևան իրենց հայտարարություններում ավելի շատ քննադատում էին ՀՀ-ին՝ ոչ սեփական տարածաշրջանի թեմայով կարծիք հայտնելու համար, քան աջակցություն էին հայտնում Թուրքիային։ Ստացվում է, որ ՀՀ-ն Արևելյան Միջերկրական զարգացումների շուրջ որքան հաճախ աջակցություն հայտնի Հունաստանին ու Կիպրոսին, առնվազն նույնքան հաճախ (եթե ոչ ավելի) Ադրբեջանը հարկադրված կլինի իր աջակցությունը հայտնել Թուրքիային և ձեռք բերել նոր խնդիրներ։ Այդպիսով, Հայաստանը հնարավորություն է ստացել Ադրբեջանին մղելու անցանկալի գործողությունների և ամեն անգամ ապացուցելու, որ «մեկ ազգ, երկու պետությունը» սոսկ բլեֆ չէ, որ «Թուրքիայի ցավը նաև իր ցավն է»։
Թուրքական կողմը, կարծես թե, չէր նկատում այս աջակցությունն Ադրբեջանից, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց սեպտեմբերի 2-ին, երբ Ի․ Ալիևը Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպելիս հայտարարեց, որ Ադրբեջանն անվարան աջակցում է ու աջակցելու է Թուրքիային բոլոր հարցերում, նաև Արևելյան Միջերկրականում ։ Ալիևը նաև մտահոգություն հայտնեց «Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի միջև եռակողմ ռազմական համագործակցության» համար։ Ալիևի այս հայտարարությունը ողջունեցին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով նաև իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեց երկկողմ կապերն ու տարածաշրջանային հարցերը, Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը։ Ադրբեջանական մամուլի պնդմամբ՝ Ի․ Ալիևի հայտարարությունը ֆուրոր առաջացրեց Թուրքիայում․ դրան արձագանքել են Anadolu, IHA լրատվական գործակալությունները, TRT HABER, CNN Turk, A HABER, TGRT HABER հեռուստաալիքները, Milliyet, Hurriyet, Sözcü, Star, Daily Sabah, Takvim թերթերը։
Ի․ Ալիևի այս հայտարարությունը գալիս է հաստատելու այն միտումը, որ Ադրբեջանը գնալով դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը։ Ադրբեջանը հայտնվել է շրջակա տարածաշրջաններում Թուրքիային (անգամ չուզենալով) աջակցելու և (արտա)տարածաշրջանային երկրների (Իսրայել, ԱՄԷ, Ֆրանսիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս) հետ հարաբերությունները փչացնելու ռիսկի առջև։ Դա կարող է հանգեցնել Ադրբեջանի մանևրելու հնարավորությունների նվազեցմանը և նրա մեկուսացմանը։ Այն, որ թուրքական կողմն ինտենսիվ արձագանքեց Ալիևի հայտարարությանը, վկայում է, որ նա ակնդետ հետևել և սպասել է հենց Ադրբեջանի նախագահի մակարդակով աջակցության։ Ուշագրավ է, որ եթե Թուրքիայից «պահանջվում է» Ադրբեջանին աջակցել միայն «Հայկական հարցում», ապա Ադրբեջանից պահանջվում է Թուրքիային աջակցել բազում հարցերում (սեպտեմբերի 25-ին Ալիևը հայտարարեց, որ «ԵԱՀԿ ՄԽ բոլոր 11 անդամները պետք է ակտիվորեն ներգրավվեն բանակցային գործընթացում»՝ ակնարկելով Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին)։ Ուշագրավ է, որ Թուրքիան Ադրբեջանից աջակցություն է պահանջում նաև մեդիա ոլորտում և «Սփյուռքի» մակարդակով․ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձևավորում են միասնական մեդիա հարթակ, իսկ օգոստոսին Արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների գծով գերատեսչության ղեկավար Աբդուլլահ Էրենն Ադրբեջանի՝ Սփյուռքի հետ աշխատանքների գծով Պետական կոմիտեի ղեկավար Ֆուադ Մուրադովի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Մեկ ազգը չի կարող ունենալ երկու սփյուռք»։
Ալիևի համար իրավիճակը գնալով ավելի է բարդանալու, քանի որ թուրքական կողմի ճնշումը միայն ուժգնանալու է․ Թուրքիան Ադրբեջանից կարող է պահանջել վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ ինքը հանուն Ադրբեջանի տարիներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Իհարկե, Ադրբեջանը շարունակում է մասշտաբային ներդրումներով, համատեղ նախագծերով և այլնով կերակրել Թուրքիային, որպեսզի նա աչք փակի նաև Իսրայելի հետ իր լավ հարաբերությունների վրա, սակայն Թուրքիայի դիրքորոշումը կարող է կոշտանալ՝ կախված տարածաշրջանային զարգացումներից։ Թուրքիան նաև կարող է Ադրբեջանից պահանջել ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որն Արևելյան Միջերկրականում առկա դիմակայության կիզակետում է և որին աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան (ադրբեջանական կողմը պնդում է, որ եթե ճանաչի ՀԿԹՀ-ը, ապա միանգամից 15 երկիր կճանաչի Արցախի Հանրապետությունը)։ Կամ էլ Թուրքիան կարող է առայժմ վերստին աչք փակել այդ ամենի վրա՝ պայմանով, որ Ադրբեջանը մեծացնի տնտեսական օգուտները, նորանոր զիջումների գնա կարևոր հարցերում։ Ամեն դեպքում Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները, ՀԿԹՀ-ը չճանաչելը չեն տեղավորվում «մեկ ազգ, երկու պետության» թեզի շրջանակներում, և Թուրքիան դեռ աշխատելու տեղ ունի այս կապակցությամբ։
«ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈւ ՊԵՏՈւԹՅԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՈւՂՂՈւԹՅՈւՆԸ
Օգոստոսի 11-ին Անկարա մեկնեցին Ադրբեջանի պաշտպանության ու արտգործնախարարներ Զաքիր Հասանովը և Ջ․ Բայրամովը, որոնց ընդունեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ օգոստոսի 13-ին արդեն Ի․ Ալիևն ընդունեց Թուրքիայի ռազմական ղեկավարությանը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ։ Ալիևը վստահություն հայտնեց, որ «Թուրքիան առաջիկայում դառնալու է Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»` ընդգծելով, որ «Տավուշյան թեժացման ժամանակ Թուրքիան դարձավ իրենց առաջինը և միանշանակ աջակցող երկիրը»։ Հատկանշական էր, որ դրա նախօրեին Ի․ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում դժգոհել էր Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի (400 տ) կապակցությամբ:
Այստեղ ակնհայտ է, որ վերջին տարիներին սեփական ռազմարդյունաբերությունը զգալիորեն զարգացրած Թուրքիային ձեռնտու չէ, որ «եղբայրական» Ադրբեջանն ավելի շատ սպառազինություն է գնում Ռուսաստանից ու Իսրայելից։ Տվյալ պատկերը չի բխում նաև «մեկ ազգ, երկու պետություն» թեզի տրամաբանությունից, և Թուրքիան, բնականաբար, ձգտում է շտկել իրավիճակը՝ ֆինանսական որոշակի կարողություններով օժտված Ադրբեջանը դիտարկելով նաև որպես սեփական զենքի լավ գնորդ և նաև գովազդող։ Ըստ ամենայնի, ներկայումս Թուրքիան արդեն սկսել է ստիպել Ադրբեջանին՝ գնելու սեփական արտադրության զենքեր, և այդ խնդիրը թերևս քննարկվել է Բայրամովի թուրքական այցի ժամանակ (միայն վերջին պահին է հայտնի դարձել, որ Հասանովը նույնպես մեկնում է Անկարա)։
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2012-2016թթ․ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 69%, ապա գալիս էին Իսրայելը (22%) և Բելառուսը (3․6%)։ Մինչդեռ 2015-2019թթ. Ադրբեջանի թիվ 1 մատակարարն Իսրայելն է (60%), երկրորդ տեղում Ռուսաստանն է (31%), իսկ երրորդ տեղում՝ Թուրքիան (3․2%)։ Ալիևի խոսքերը վկայում են, որ առաջիկայում Թուրքիան այս ցուցակում պետք է բարձրանա առաջին տեղ՝ առաջ անցելով Իսրայելից ու Ռուսաստանից։ Թերևս ակնհայտ է, որ վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան Ադրբեջանից պահանջել է վերանայել Իսրայելի (և միգուցե նաև Ռուսաստանի) հետ ռազմական սերտ շփումները, աստիճանաբար հրաժարվել իսրայելական զենքից, հատկապես ԱԹՍ-երից և փոխարենը նախապատվություն տալ թուրքական զենքին՝ առաջին հերթին ԱԹՍ-երին։
Թուրքիան, թերևս, սկսել է նաև Ադրբեջանում սեփական ռազմական ներկայության հաստատումը․ եթե նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում էին 1-2 համատեղ զորավարժություն, ապա վերջին շրջանում դրանք դարձել են բավական հաճախակի։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայում, և Թուրքիան, թերևս, գտել է դա շրջանցելու տարբերակը. հաճախակի զորավարժությունները նրան հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում։
ԱՄՓՈՓՈւՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
Այսպիսով կարելի է ասել, որ Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով։ Պատահական չէ, որ սեպտեմբերին Թուրքիայի նախագահի աշխատակազմը 10 րոպեանոց տեսահոլովակ էր պատրաստել «մեկ ազգ, երկու պետություն» թեզի մասին, որում շեշտվում էր Տավուշյան թեժացման ժամանակ/հետո Ադրբեջանին Թուրքիայի աջակցելը և դրանով ակնարկում, որ Ադրբեջանը շատ է պարտական Թուրքիային (սեպտեմբերի 15-ին Նուրի փաշայի «Իսլամական բանակի» կողմից «Բաքվի ազատագրման» 102-ամյակի տոնումը նույնպես ծառայում էր դրան)։ Եթե նախկինում հենց ադրբեջանական կողմն էր շարունակ բարձրաձայնում այդ թեզի մասին՝ հուսալով Թուրքիայից աջակցություն ստանալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և այդպիսով նաև ի ցույց դնելով, որ միայնակ չէ, ապա վերջին շրջանում տվյալ թեզի նախաձեռնությունը փաստորեն իր ձեռքն է վերցրել հենց Թուրքիան։ Վերջինս այդպիսով կարողանում է առավել ամրապնդել սեփական դիրքերն Ադրբեջանում՝ նրան գրեթե ամբողջովին բերելով սեփական տիրույթ։ Բացի այդ Թուրքիան այդպիսով փորձում է հիմնավորել Այսրկովկասում իր ներկայիս մեծ ակտիվությունը (սեպտեմբերի 16-ին Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարեց, որ «իրենք որպես իրենց հայրենիք հավասարաչափ համարում են թե՛ Անատոլիան, թե՛ Ղարաբաղը»)։ Այս ամենը վկայում է, որ Թուրքիային այլևս չեն բավարարում ադրբեջանական կողմի «ստանդարտ» քայլերը, ինչպիսիք են Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում Բայրամովի կողմից դեսպանների թվում առաջինը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպելը և նոր կարգավիճակում առաջին արտասահմանյան այցը հենց դեպի Թուրքիա կատարելը։
Այսպիսով, Տավուշյան թեժացման արդյունքներով Ադրբեջանն արդեն իսկ զգալիորեն կորցրել է սուբյեկտայնությունը, առաջիկայում նույնպես կշարունակվի Թուրքիայի կողմից Ադրբեջանի «գաղութացման» գործընթացը, ինչին էապես նպաստելու է Թուրքիայի կողմից «մեկ ազգ, երկու պետություն» թեզի խաղարկումը։ Ներկայումս Թուրքիան իրեն, թերևս, ամբողջովին պահում է «մեկ ազգ, երկու պետություն» թեզին հարիր և դեռ մի բան էլ ավելին․ թուրքական կողմը սեպտեմբերին տարբեր մակարդակով (ՊՆ, Չավուշօղլու, նախագահի աշխատակազմ) արձագանքեց սահմանագծում ադրբեջանցի 1 զինծառայողի «զոհվելուն»՝ անգամ այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ-ը չհաստատեց այդ կորուստը։ Սա, թերևս, աննախադեպ իրադարձություն է, ինչպես նաև այն, որ Թուրքիայի ՊՆ-ը «սպանված» ադրբեջանցի զինծառայողին որակեր որպես «իրենց շեհիթ»)։
Ստացվում է, որ Ադրբեջանի վրա սեփական ազդեցությունը մեծացնելու համատեքստում Թուրքիային առաջիկայում կարող են անգամ պետք չգալ հայ-ադրբեջանական սահմանային մի քանի օրյա թեժացումները։ Թուրքիան այսուհետ կարող է բարձր մակարդակով և ինտենսիվորեն արձագանքել սահմանագծում անգամ 1 ադրբեջանցի զինծառայողի սպանվելուն՝ դրանից բխող հետևանքներով։ Կարելի է ասել, որ Թուրքիան այդպիսով գտել է իրավիճակից դուրս գալու ելքը, եթե հանկարծ Ի․ Ալիևն այսուհետ ցուցաբերի խելամտություն ու նաև որոշակի ինքնուրույնություն և այլևս երբեք չդիմի սահմանային որևէ արկածախնդրության՝ մի քանի օրյա թեժացումների՝ քաջ գիտակցելով, որ նմանատիպ յուրաքանչյուր միջադեպ և հատկապես իր համար վատ հետևանքներ արձանագրած, Ադրբեջանը դարձնում է առավել խոցելի ու կախյալ երկիր Թուրքիայից (եթե, իհարկե, Ալիևը դեմ չէ այդ կախվածությանը)։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)