Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերգեյ Լավրովի առաջարկը իրականում արտահայտում է իրավիճակի ամբողջ լրջությունը». Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 14,2020 16:14

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է իրավիճակի քաղաքական կարգավորում։ Ըստ Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին. «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Առաջարկները, որոնք մշակել են համանախագահները, շարունակում են մնալ բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է։ Խոսքը փուլային կարգավորման մասին է, որով պետք է ազատվեն Ղարաբաղին կից շրջանները՝ ապահովելով Ղարաբաղի անվտանգությունը։ Եվ նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը պետք է ապահովվի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ հուսալի կապ»:

Aravot.am-ի հետ զրույցում, Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին ասաց, որ ԱՀ-ն այսօր լուծում է կենսական խնդիրներ. պարտադրված պատերազմի, Ադրբեջանի սադրիչ գործելակերպի և միջազգային պայմանավորվածությունները չհարգելու պայմաններում Արցախի Հանրապետության գերխնդիրն այսօր սեփական ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրն է, հետևաբար մնացած հարցերն ածանցյալ են և քննարկումների տիրույթից դուրս:

Իսկ առհասարակ, մեր զրուցակիցը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից առանձնացվեց հակամարտության գոտում ճգնաժամային իրավիճակը, որն ինչպես յուրաքանչյուր ճգնաժամ, նոր քաղաքական լուծումներ առաջադրելու հնարավորություն է՝ ուղղված անվտանգային նշանակության խնդիրների լուծմանը, ինչպես նաև երկարատև քաղաքական լուծումներ ապահովելուն: «Ինչ վերաբերում է առայժմ դիվանագիտական լուծումները ռազմական մակարդակով ամրագրելու Սերգեյ Լավրովի առաջարկին, ապա սա իրականում արտահայտում է իրավիճակի ամբողջ լրջությունը և առավելագույն խնդիրը՝ հասնել հակամարտության սրացման թուլացմանը, քանի որ գործնականում հակամարտության ամբողջական լուծումը միջազգային հարաբերություններում ավելի շուտ ընդունված կարգից բացառություն է։ Սա գալիս է հիմնավորելու նաև ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ամենաակտիվ բովանդակային ներգրավվածությունը կողմերի՝ պաշտպանական գերատեսչությունների մակարդակով զսպումներ ապահովելու»:

Ինչ վերաբերում է շփման գծում խաղաղապահների տեղակայմանը, ինչի մասին նույնպես խոսեց ՌԴ ԱԳ նախարարը, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այդ հարցը՝ սկսած 1992 թվականից, շրջանառության մեջ էր, այն հայկական կողմից տարբեր ժամանակներում ոչ միանշանակ է ընդունվել, տարբեր ժամանակներում էլ ընդհանրապես դուրս էր մղվել քաղաքական դիսկուրսից: «Իրողություններով պայմանավորված ՌԴ այժմ այն առաջարկում է ռազմական դիտորդների ձևաչափում, ինչը ենթադրելի է, որ հոկտեմբերի 10-ին առաջարկվող վերիֆիկացիոն մեխանիզմների համակարգում է դիտարկվում: Այլ կերպ՝ առաջարկվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում մշտադիտարկման և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման պայմանավորվածությունների ձևափոխված տարբերակը: Նոր առաջարկում ՌԴ-ն շեշտում է սեփական ընդգրկուն դիտորդությունը, միաժամանակ չբացառելով, որ դա կարող է լինել միայն ռուսական ներկայությամբ՝ ընդգծելով Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հարաբերությունները»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թուրքիայի հետ կապված մտահոգություններն արտահայտված էին նաև լրագրողների հարցերում, որոնց տրված պատասխանները նախարարի կողմից համաչափ էին այդ մտահոգություններին, ուստի հարցազրույցի հիմնական ուղերձները ուղղված էին նաև Թուրքիային. «Սա գալիս է համալրելու պատերազմի վերսկսման ամբողջ ընթացքում ՌԴ-Թուրքիա ռազմաքաղաքական դիսկուրսը, որով ուղղակի և անուղղակի բացառվել է Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Բայց, այնուամենայնիվ, հարցազրույցում դիվանագիտական հակակշռող ժեստերի պակաս էլ չկար՝ նախարարի կողմից ընդգծվեց, որ ՌԴ-ն Սիրիայում Աստանայի ձևաչափում արդյունավետ համագործակցում է Թուրքիայի հետ: Դրանով հանդերձ, ՌԴ Թուրքիային երբեք չի համարել ստրատեգիական դաշնակից, նա գործընկեր է: Հատկանշվեց նաև, որ Ռուսաստանը չի կիսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ Թուրքիայի տեսակետը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031