The Wall Street Journal ամերիկյան պարբերականը տեղեկություններ է հավաքել այն մասին, որ Թուրքիայի հավաքագրած գրոհայինները Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Հոդվածում ասվում է, որ «սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր գրոհայիններ, Թուրքիայի աջակցությամբ, մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջեւ կռիվներին, ևս հարյուրավորներ պատրաստվում են տեղափոխության»։ Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում իր 2 աղբյուրները, որոնք կապ ունեն գրոհայինների տեղակայման հետ։
Այդ աղբյուրները հայտնում են, որ հուլիսից սիրիացի գրոհայինների խմբավորումների շրջանում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Թուրքիան զինյալներ է հավաքագրում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Իսկ սեպտեմբերի կեսից սկսվեց այդ գրոհայինների տեղակայումը հակամարտության գոտում։ Թերթը նշում է, որ հարյուրավոր գրոհայիններ են տեղակայվել հակամարտության գոտում, սակայն տասնյակներն արդեն հետ են վերադարձել՝ մարտերի դաժանությունից սարսափած։
Թերթը մեջբերում է սիրիացի մի զինյալի, որի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ մեկնող գրոհայիններին ամսական 2 հազար դոլար են վճարում։ Մեկ այլ զինյալ էլ նշել է, որ սիրիացի զինյալների շարքերը նոսրանում են, մոտ 200 հոգի խնդրել է իրենց հետ ուղարկել Սիրիա։
Կարդացեք նաև
Այս տեղեկությունները հաստատում է նաև ֆրանսիական France 24-ը, որի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքով տեղափոխված հարյուրավոր սիրիացի գրոհայիններ մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ մարտերին։ Հարյուրավորները պատրաստվում են վերադառնալ, քանի որ հրաժարվում են կռվել նման պայմաններում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ