Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ «պատմական» վճիռը բացառում է Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում. Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 14,2020 15:49

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի !!!

Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն, ըստ էության, բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:

Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաև փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլևս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն, ըստ էության, բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031