Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա-ի կոչն իշխող ուժի ներկայացուցիչներն ի գիտություն են ընդունել

Հոկտեմբեր 14,2020 15:42

«Տարբեր խորհրդարանական հարթակներում մենք բարձրացնում ենք հարցը, խոսում ենք դրա կարեւորության եւ անհրաժեշտության մասին, ասում ենք, որ թուրքադրբեջանական տանդեմին դիմագրավելու միակ ձեւը դա է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են պաշտոնական Երեւանի կողմից:

Սոս Ավետիսյան

Արված քայլերից ակնկալիքների մասին խոսել այս պահին, իշխող ուժը ներկայացնող պատգամավորը չի ցանկանում: Ասաց՝ դրա մասին դեռ կխոսենք, իսկ այս պահին մեր խնդիրը ռազմաճակատում է, զինվորների հետ լինելն ու թիկունքն ապահովելը:

Ի դեպ, Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չունենալու մասին երեկ խոսել էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ կոչով դիմելով ՀՀ վարչապետին, որում, մասնավորաբար, ասվում է. «Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, մեզ դրել է նոր իրավիճակի առաջ` իր ռազմական, քաղաքական, իրավական և աշխարհաքաղաքական կողմերով ու հետևանքներով: Հետևաբար, ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը մտածելու տեղիք տա ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա»:

Ադրբեջան-Արցախ ընթացող պատերազմի զարգացումներին մոտիկից հետևողը, ըստ Արամ Ա Կաթողիկոսի, պետք է տեսնի մի քանի կարևոր դրվագ. «Առաջին`Ադրբեջանը վայելում է Թուրքիայի քաղաքական ու ռազմական անվերապահ ու ամբողջական աջակցությունը և Իսրայելի մասնագիտական ներուժը: Երկրորդ` ներկա պատերազմը սոսկ տեղական բնույթ չունի, այլ հղի է տարածաշրջանային և միջազգային հետևանքներ ունենալու լայն հավանականություններով: Երրորդ` Թուրքիան իր պանթուրանական ու ծավալապաշտական քաղաքականությանը նոր ձևավորում ու շեշտադրում տալով, Միջին Արևելքից ու իսլամական աշխարհից սկսած մինչև արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցությունը տարածելու իր հետևողական ջանքերին զուգահեռ, այժմ նույնը փորձում է անել Կովկասում` շահագործելով Ադրբեջանին»:

Արամ Ա-ի ուղերձում նաեւ ասվում է. «Հայոց բանակը հերոսությամբ շարունակում է պաշտպանել Արցախը, մեր իրավունքը ու արժանապատվությունը: Արյուն թափեցինք, ահավոր ավերածություն ունեցանք, հսկա դժվարությունների դեմ հանդիման կանգնեցինք, սակայն շարունակում ենք պայքարել: Թուրքական աջակցությամբ ու իսրայելական զինուժով օժտված ազերիական հարձակումների դեմն առնելն ինքնին հաղթանակ է: Բանակի կողքին Հայաստանի ու Արցախի դիվանագիտական արշավը, Սփյուռքի կողմից լայնածավալ քարոզչությունը, կազմակերպված բողոքի ու աջակցության ցույցերը մեր ողջ ժողովուրդը զորակոչի ենթարկեցին: Իրավիճակը շարունակում է մնալ կնճռոտ ու փխրուն: 30 տարի շարունակ աշխարհին ասացինք` Արցախը մերն է, մեր ինքնորոշման իրավունքն արյան գնով հաստատեցինք և մեր հայացքները, մեր մտքերն ու աշխատանքն ուղղեցինք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Անցնող տարիներին այս գծով նաև խոհեմ զգուշավորություն ցույց տվեցինք` առիթ տալով քաղաքական բանակցություններին: Սակայն, ներկա պատերազմը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանը հավատարիմ չէ բանակցություններին և բացահայտորեն վայելելով Թուրքիայի ամբողջական աջակցությունը, մեզ հանգիստ չի թողնելու` դիմելով պատերազմի»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ չենք կարող մի քանի տարին մեկ մարդկային զոհեր տալ, ինչպես նաև ենթարկվել նյութական և տնտեսական ահավոր վնասների: Կաթողիկոսը նշել է, որ անհրաժեշտ է հստակ ճշգրտել ռազմավարական ու մարտավարական մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ հանգրվաններով, միշտ իրապաշտ ոգով և համահունչ ներկա աշխարհաքաղաքական պայմաններին. «Առաջին, անհրաժեշտ է ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական բանակցությունները: Երկրորդ, ծրագրված աշխատանք տանել Արցախի միջազգային ճանաչման գծով: Այլևս չենք կարող երկար սպասել, սա ի վնաս մեզ է` ամեն իմաստով: Գիտենք, որ նման քայլը կարող է նոր բարդություններ ստեղծել, սակայն այլ ճանապարհ չկա: Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները: Երրորդ, ինչպիսին էլ լինել Ռուսաստանի ներկա մարտավարական մոտեցումներն ու հաշվարկները, Ռուսաստանը երբեք չպետք է թույլ տա իր կողքին այլ ուժի ներկայությունը Կովկասում: Այս համոզմունքից ելնելով, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը պետք է լինի փոխադարձ վստահության հիման վրա ու հասարակության շահերով պայմանավորված: Չորրորդ, Արցախի ճանաչում ապահովելու հույժ կարևոր իրավաքաղաքական նախաձեռնությունը միջազգային համայնքին ներկայացնելը լուրջ նախապատրաստություն, պարբերական և դիվանագիտական լայնածավալ աշխատանք և հետևողական գործընթաց է ենթադրում, որին հարկ է լծվել անմիջապես: Միջազգային օրենքը տալիս է ճանաչման տարբեր տեսակները, եղանակներն ու պահանջները: Անհրաժեշտ է համապարփակ ու մասնագիտական մոտեցումով ուսումնասիրել ճանաչմանն առնչվող խնդիրներն ու կոնկրետ պարագաները»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում նաեւ նկատում է. «Ռազմական ասպարեզում հաղթական տանելն առանցքն է, իսկ միջազգային կարծիքի հայանպաստ դիրքորոշումը մեր հաջողության մղիչ ուժը: Հարկ է լինել զգոն ու խոհեմ և միշտ միակամ: Հետևաբար, կոչ եմ ուղղում Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զինադադարի ամրապնդումից անմիջապես հետո իր մոտ հրավիրի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչներին` միասնաբար խորհրդակցելու իրավիճակի և հետագա զարգացումների մասին: Նման հավաքը պետք է ցույց տա մեր ժողովրդի միասնական ոգին ու ամուր կեցվածքը և մյուս կողմից պետք է առիթ հանդիսանա տեսակետների ու մոտեցումների փոխանակման»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջարկել է նաև հիշյալ հավաքից հետո փորձագետներից բաղկացած հանձնախումբ կազմել, որը վարչապետի գլխավորությամբ կկարողանա ծրագրել միջազգային ճանաչմանն առնչվող գործընթացը` իր իրավագիտական, դիվանագիտական, հարաբերությունների և քարոզչական կողմերով:

Արամ Ա-ի այս առաջարկները, ըստ իշխող ուժի պատգամավորների, ընդունվել են ի գիտություն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031