Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհը պետք է ընդունի, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են քաղաքակրթության առաջնագծում. Սերբիայում ՀՀ դեսպան

Հոկտեմբեր 14,2020 14:26

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հայտարարությունը «Պոլիտիկա» օրաթերթում

Սեպտեմբերի 27-ին` վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օդային, հրթիռային ու ցամաքային գրոհներ ձեռնարկեցին Արցախի շփման գծի ողջ երկայնքով (Լեռնային Ղարաբաղ): Ադրբեջանական բանակը կիրառեց տանկեր, ուղղաթիռներ, ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր, «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինչպես նաև «Պոլոնեզ» և «Լորա» հեռահար հրթիռներ: Ավելին, թուրքական F16 կործանիչները նկատվել են շփման գծի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ պետական սահմանի մոտ: Հայաստանի Հանրապետության արևելքում գտնվող հայկական Վարդենիս քաղաքը ևս ենթարկվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:

Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա), ինչպես նաև ողջ միջազգային հանրության ռազմական գործողությունների հրատապ դադարեցման կոչերը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ շարունակում են լայնամասշտաբ հակամարտությունները՝ նպատակ ունենալով ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Չնայած միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանը, թուրքական ռազմական աջակցությամբ, օգտագործելով ռազմական հնարավորությունների ողջ ծավալը, իր զինված ուժերի շարքերի մեջ ընդգրկել է նաև Մերձավոր Արևելքի այլ հակամարտության գոտիներից տեղափոխված հազարավոր ահաբեկիչների: Արցախի ողջ տարածքը, ներառյալ նրա մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչները, ենթարկվում են համակարգված և զանգվածային ռմբակոծությունների՝ միջազգային համաձայնագրերով արգելված կասետային ռումբերի և տարբեր տրամաչափի այլ զենքերի կիրառմամբ։ Դրա արդյունքը մարդկային զոհերն են և ավերածությունները: Այս գործողություններն ուղղված են Արցախի ժողովրդին պատմական հայրենիքից զրկելուն, զանգվածային վայրագություններ և ցեղասպան քաղաքականություն իրականացնելուն, ինչը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Թուրքիայում 105 տարի առաջ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների, Արցախի հայկական եկեղեցիների կանխամտածված թիրախավորումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, և նրանք կկրեն ամբողջ պատասխանատվությունը այդ ռազմական հանցագործության համար:

Շատ երկրներ և կազմակերպություններ արդեն հաստատել են կասետային զինամթերքի օգտագործումը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ: Amnesty International-ը վերջերս արած իր հայտարարության մեջ ասում է, որ իրենց փորձագետներին հաջողվել է տեղորոշել Ստեփանակերտի տարածաշրջանի այն բնակելի թաղամասերը, որոնց վրա կրակել են արձակել ադրբեջանական զինված ուժերը:

Թուրքական ռազմական անձնակազմը, Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են պատերազմական գործողություններին: Թուրքիայի դերն այս հակամարտության մեջ պետք է դիտարկել Սիրիայում և Լիբիայում նրա մասնակցության, ինչպես նաև Միջերկրական ծովում ծովային սահմանների շուրջ Հունաստանի և Կիպրոսի հանդեպ Թուրքիայի վարվող ագրեսիվ քաղաքականության համատեքստում:

Աշխարհը պետք է ընդունի, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են քաղաքակրթության առաջնագծում: Պետք է ընդգծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար սա պարզապես հայերի նկատմամբ վրեժխնդրության կամ ատելություն սերմանելու միջոց չէ. բանն այն է, որ Հայաստանը՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի վերջին խոչընդոտն է: Այսօր Թուրքիան իր առջև հստակ նպատակ է դրել՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Մի՛ զարմացեք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողվի: Մի՛ զարմացեք, եթե նրանք փորձեն ներգրավել (ինտեգրել) իրենց կայսրության մեջ, ո՛չ միայն Հունական կղզիները, այլ նաև Բալկաններն ու մայրցամաքային Եվրոպան:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ թիրախավորումը խստորեն դատապարտվեց, որպես տարածաշրջանի կայունության անընդունելի սպառնալիք:

Հայաստանը վերահաստատում է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը, և շեշտում, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, և որ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ վճռականորեն կխափանվի: Մենք պետք է վերադառնանք 1994-95 թվականների հրադադարին:

Հայաստանը հետևողականորեն մերժում և դատապարտում է՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը Ադրբեջանի և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ վարվող ագրեսիային:

Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ համատեղ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ էապես մեծացնելով լայնածավալ պատերազմի ռիսկերը և պատրաստելով Կովկասում ահաբեկչության հանգրվան: Թուրքիան պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քննարկումներից: Սա պատերազմ է՝ հանուն հայ ժողովրդի անկախության, ազատության և արժանապատվության: Թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ պետք է անհապաղ դադարեցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031