Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող հրամաններ տալ Լեռնային Ղարաբաղին․ Մնացականյանը՝ ՌԲԿ-ին

Հոկտեմբեր 14,2020 13:51

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կատարած 2-րդ այցի ընթացքում հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ պարբերականին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, հակամարտությունում Թուրքիայի ունեցած դերին և մոսկովյան բանակցություններին։

Հրադադարի ռեժիմի պահպանման մասին

«Իրավիճակը շատ անկայուն է։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան վերսկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները հիմնականում հարավային ուղղությամբ։ Հադրութ քաղաքում դիվերսիոն ներթափանցման փորձ եղավ։ Ջաբրայիլի ուղղությամբ ադրբեջանական կողմը մեծ ուժեր կենտրոնացրեց, փորձում էին գոնե մի բանի հասնել։ Այդ ամբողջ ընթացքում չէին դադարում քաղաքներին, մասնավորապես Ստեփանակերտին, հասցվող հարվածները։ Ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ հրադադարի պահով իրավիճակը միանշանակ չէ, սակայն ոչ մի դեպքում չի կարելի կորցնել այդ հնարավորությունը։ Առաջին քայլը մարդասիրական նպատակներով կրակը դադարեցնելն է։ Անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, թույլ չտալ, որ մարտական գործողությունները վերսկսվեն։ Այդ իմաստով վերիֆիկացիոն մեխանիզմները շատ կարևոր են»,- ասել է Մնացականյանը։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ շատ կարևոր է հասնել այդ մեխանիզմների կիրառմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին շատ դրական դեր է խաղում այդ գործում։ Իսկ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմ են այդ մեխանիզմների հաստատմանը ԵԱՀԿ համանախագահության շրջանակներում։ Սակայն արդեն մի քանի տարի Ադրբեջանը չի ցանկանում համաձայնել այդ մեխանիզմների հաստատմանն ու հրադադարի ռեժիմի ամրացմանը։

Ջաբրայիլի շրջանում տիրող վիճակի մասին

«Այսօր տեղին չէ խոսել ինչ-որ բան վերահսկելու մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքերը ճեղքվել են, ձեռնարկվում են հակառակորդ կողմի ցանկացած հաջողություն չեզոքացնելու փորձեր, պաշտպանության ուժերը հետ են շպրտում հակառակորդին։ Հակառակորդը երկու շաբաթվա ընթացքում օգտագործել է իր ամբողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, անօդաչուներ, ստացել են Թուրքիայի անմիջական և աներկբա աջակցությունը՝ F-16, հրամանատարական և օդային կառավարում։ Բացի այդ, ներգրավվել են ահաբեկիչ-գրոհայիններ Սիրիայից, Լիբիայից, որը լիովին փոխում է հակամարտության համատեքստը։ Սակայն այս 2 շաբաթվա ընթացքում Արցախը ցույց տվեց, թե ինչ է նշանակում պաշտպանություն և ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, սեփական տունը, ընտանիքը և պատմական հայրենիքը»,- ասել է նախարարը։

Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ի բանակցությունների մասին

«Բանակցությունները շատ բարդ և զգայուն հարցերի էին վերաբերում։ Շատ տարբեր կետեր քննարկվեցին ամենատարբեր ձևակերպումներով։ 11 ժամ պետք եղավ, որպեսզի կարողանանք համաձայնության գալ այդ 4 կետերի շուրջ, որոնք ձևակերպեցինք համատեղ հայտարարության մեջ։ Եվ այստեղ շատ կարևոր էր Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի դերը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այս փուլում ձեռնպահ մնալ մեկնաբանություններից կամ մանրամասներից։ Ինձ համար այս պահին ավելի կարևոր է արդյունքի հասնել։ Կան հարցեր, որոնց շուրջ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, սակայն կարևորն այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին և հետևաբար մեր ժողովուրդներին»։

Անդրադառնալով Թուրքիայի ունեցած դերին՝ Մնացականյանը նշել է, որ Անկարան ակտիվ դեր է խաղում Հարավային Կովկասում, սակայն Հայաստանը չի կարող ընդունել կամ ողջունել նման մասնակցությունը։

«Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում։ Սակայն դա դրսևորվում է Հարավային Կովկասում ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականության արտահանման մեջ։ Ադրբեջանին միակողմանի ագրեսիվ աջակցելու մեջ, ահաբեկիչների ներգրավելով»,- նշել է նախարարը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում պետք է հաշվի առնվի հենց Ղարաբաղի կարծիքը:

«Անհնար է բանակցային գործընթացից բացառել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, դրա բնակչությանը, որն ունի իր ընտրած իշխանությունը։ Ինչպես էլ նրանց կոչեն ադրբեջանական քարոզչության մեջ, կան իրողություններ։ Եվ դա, ի դեպ, ընդունում են բոլորը՝ թե՛ համանախագահները, թե՛ կողմերը։ Ղարաբաղն ունի իր խոսքը։ Այն, որ Ղարաբաղը նստած չէ բանակցությունների սեղանի շուրջ, չի նշանակում, որ մենք մեր հերթին չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ։ Բայց եթե մեկը կարծում է, թե մենք զանգում ենք Ղարաբաղ և աջուձախ հրամաններ տալիս, ապա այդ մարդը բացարձակապես չի պատկերացնում հայաստանյան ու ղարաբաղյան իրողությունները, գաղափար չունի մեր կյանքի և փոխհարաբերությունների մասին։ Մենք չենք կարող հրամաններ տալ Լեռնային Ղարաբաղին, բայց կարող ենք աշխատել նրանց հետ։ Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք որոշում կայացնել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության։ Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության դեմ հարցն այդքան սուր է դրված, քանի որ նրանց համար կարևոր է ցույց տալ, թե դա հայ-ադրբեջանական հակամարտություն է, իսկ Ղարաբաղն առհասարակ գոյություն էլ չունի։ Բայց իրականությունն այլ է»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031