Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն իսկ անհնար է շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ, բայց ուշ չէ». Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 14,2020 13:44

«Կոչ եմ անում ոչ միայն նյութական, դա շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք»,- քիչ առաջ տեսաուղերձով այսպիսի կոչ արեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա փաստեց՝ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը շարունակվում է: Նախագահը վստահեցրեց՝ Արցախի ՊԲ-ն այդ ընթացքում շարունակել է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նաև մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ:

Արայիկ Հարությունյանը հատուկ ընդգծեց՝ մարտական գործողությունների ընթացքում իրենց լավագույնս են դրսևորել մայր Հայաստանից և սփյուռքից ժամանած հայրենակիցները, հիշատակեց հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարտական ընկերներին, ինչպես նաև ժամկետային հերոս երիտասարդներին:

Խոսելով միջազգային արձագանքի մասին՝ Արցախի նախագահը հայտարարեց. «Տեսնում ենք նաև ՌԴ-ի և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Գիտեք՝ վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և հայտարարություն է կատարվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում վերսկսել բանակցությունները: Բայց ի՞նչ է տեղի ունեցել. հակառակորդը հակառակը, օգտվելով առիթից արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ:

Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեզ համար հումանիտար ստանձնած առաքելությունների առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ չնայած արդեն իսկ անհնար է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ: Բայց հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ: Ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո հաջողության դեպքում նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերը, որոնք շահագրգռված են»:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց՝ մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 1992-1994 թվականները, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու Հադրութի և այլն: Նախագահը հավաստիացրեց՝ մեզ հաջողվել է հաղթել, քանի որ հավատում էինք հաղթանակի ու հայտարարեց. «Այսօր էլ հավատում ենք, հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել և, ամենակարևորը, մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը սփյուռքում ապրող ղարաբաղցիների, ՀՀ-ում ապրող մեր եղբայրների: Օրհասական պահն է այսօր հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու, փոխարենը անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու: Մենք պետք է պատվով շարունակենք ապրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031