Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը «Սյունյաց երկիր» պարբերաթերթի հետ զրույցում անդրադարձել է մարզի իրավիճակին՝ նշելով, որ բոլոր ենթակառուցվածքները, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ թիկունքի աշխատանքն ապահովող պետական այլ կառույցները բնականոն եւ անխափան գործում են։
«Ժամանակի հրամայականով, հարկ եղած դեպքում, աշխատանքներին մասնակցում են նաեւ սյունեցիները։ Մեր բնակիչները 24-ժամյա ռեժիմով պատրաստակամ են պատկան մարմինների հետ ուս-ուսի իրականացնել առաջին հերթին հումանիտար օգնությունների անխաթար տեղափոխումն ու դրանց պահեստավորմանն առնչվող աշխատանքները»,–ասել է մարզպետը:
Հունան Պողոսյանի խոսքով` այդ ամենը տեսնում եւ գնահատում են, սակայն, բոլորի գերլարված աշխատանքի պատճառով դրանց դեռ չեն անդրադառնում ու դրա ժամանակը կգա։
«Մեկ բառով ասեմ՝ իրականացվում է ավելին, քան հնարավոր է»,–իր միտքն է եզրափակել Հունան Պողոսյանը: Վերջինիս խոսքով, Սյունիքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կենսունակությունը ու այսօր էլ բացառություն չէ, սյունեցին մնացել է նույն նվիրյալը՝ անկոտրում, անսասան, լավատես եւ հզոր:
Կարդացեք նաև
Հունան Պողոսյանի խոսքով՝ ինքը հպարտ է, որ երկրի համար վճռորոշ այս օրերին գտնվում է Սյունիքում: «Ինքս ինձ համարում եմ Սյունիքի մի մասնիկը։ Սյունեցին այսպիսի ժամանակներում իրեն զգում է որպես երկրի զինվոր ե՛ւ թիկունքում, ե՛ւ առաջնագծում: Հաղթելու ենք անպայման…»,–եզրափակել է Սյունիքի մարզպետը։
Ի դեպ, «Սյունյաց երկիր» թերթի լրագրողներն առաջնագծից վերադառնալիս՝ մարզի բնակավայրերից մեկում թիկունքի աշխատանքներին ծանոթանալիս են հանդիպել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ քաղաքացիների եւ զինվորականների հետ ինչ-որ հարցեր քննարկելիս։