«Քուն ու դադար կորցրել ենք, իմ որդին ու եղբորս որդին առաջնագծում էին, կարդում էինք անմահացածների ցուցակները, բայց բոթը ցուցակից շուտ եկավ։ Ախպորս տղան՝ Էրիկը զոհվեց»,–մեզ հետ զրույցում ասաց 18-ամյա զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Պետրոսյանը։ Էրիկը Երեւանից է, ծնողների միակ որդին էր, քույր եւ եղբայր չունի, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։
«Խելացի, գրագետ տղա էր, «Թումո»-ում էր սովորել, ասում էր՝ հոպար, բանակից գամ, շարունակելու եմ, սաղ աշխարհը իմ մասին պիտի խոսի, որպես գիտնական Էրիկ Պետրոսյանի»,–ասաց հորեղբայրը։ Հորեղբոր խոսքով՝ էլի բոլորը, աշխարհը Էրիկի մասին է խոսում, բայց որպես արցախյան գոյամարտի անմահացած նահատակի։
«Ծնողները ցավը կուլ են տալիս, բայց արցունքները խեղդել չի լինում, մինուճարին, որի հետ մեծ հույսեր էին կապում, նվիրեցին հայրենիքին»,–ասաց Արմեն Պետրոսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ