Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկան հող հանձնողներ, հող հանձնելը բոլորովին այլ երեւույթ է». Նարինե Դիլբարյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2020 11:09

Նախօրեին արտախորհրդարանական ուժերի կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի գնահատմամբ, հանդիպումը տեղեկատվության փոխանակման եւ խորհրդատվական նպատակ է ունեցել։ Նրա հետ զրուցել ենք հանդիպման մանրամասներից։

– Հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Դաշնակցության եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներում կան տարբերություններ։ Ի՞նչ մոտեցումների մասին է խոսքը։

– Դաշնակցությունն առաջ էր քաշում հրադադարի․․․ որոշ բաներ կան, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք փակագծեր չբացել, բայց խնդիրն այն է, որ իրենք այնտեղ եւս մասնակցելով ռազմական գործողություններին՝ ունեին առարկայական առաջարկ, ուղղակի իրավիճակին վերաբերող առաջարկներ՝ կադրերի, զինամթերքի եւ այլնի առումով, այլ ոչ թե ռազմավարական կամ դիվանագիտական առաջարկներ։ Ես նկատեցի, որ վարչապետն այդ խնդիրների հանդեպ եւս ըմբռնում ցուցաբերեց, եւ որոշվեց հետագայում քննարկել մասնագիտական  հարթակներում։

– Հանրությանը հետաքրքրում է նաեւ՝ «ոչ մի թիզ հող» մոտեցումն այսօր է՞լ է գերակա, այս համատեքստում ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանդիպումից։

– Մենք չքննարկեցինք «ոչ մի թիզ հող» հանձնելու թեման։ Ես իմ խոսքում նշեցի, որ Հայաստանում չկան հող հանձնողներ, որովհետեւ հող հանձնելը բոլորովին այլ երեւույթ է։ Հայաստանում կարող է կան գործակալներ, եւ ցավով նշեմ, որ վարչապետն էլ ցավով արձանագրեց, որ այսքան տարի Հայաստանում չունենք պրոֆեսիոնալ հետախուզական եւ հակահետախուզական ծառայություններ, եւ մեծ գործ կա անելու ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտում, այլեւ այս։ Եվ իմ համոզմամբ՝ բացի այդ գործակալական ցանցից, որը պետք է բացահայտվի եւ ադեկվատ գնահատվի, չկա մարդ, որը հանձնելու է հող։ Մենք ունենք հայրենասիրության մեծ դաշտ։

– Իսկ ովքե՞ր են այդ գործակալները կամ, ինչպես վարչապետն է ասում՝ դավաճանները։

– Նրանց հենց պատկան մարմինները պետք է բացահայտեն, թե ովքեր են, որ սահման են գնում եւ ինչ խնդրով։ Գիտեք, դա թուրք-ադրբեջանական խնդիրն է՝ «բաժանիր, որ տիրես», տարածիր խուճապ։ Դրանցով պետք է զբաղվել արհեստավարժորեն, այսինքն՝ պետք է զբաղվեն հետախույզներն ու հակահետախույզները։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031