Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի Անկարային փաղաքշելը». Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 14,2020 09:11

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:

Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ: Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031