Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարձակվում են եւ էլի կհարձակվեն

Հոկտեմբեր 14,2020 10:00

Ե՞րբ է սկսվել պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՞ն: 2016 թվականի ապրիլի՞ն: 1992 թվականի՞ն, երբ սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները: Ամեն մեկը, հավանաբար, ունի իր սուբյեկտիվ ընկալումը: Անձամբ ինձ համար պատերազմը սկսվեց 1988 թվականի փետրվարի 28-ին Սումգայիթում, որովհետեւ մինչ այդ պահը ես կարծում էի, որ հայերով բնակված ինքնավար մարզը Մոսկվան կարող է փոխանցել Խորհրդային Հայաստանին, եւ խնդիրը դրանով կփակվի: Իհարկե, պատրանք էր, որը, հավանաբար, կիսում էին հայերից շատերը:

Իսկ երբ 1991-ին Խորհրդային միությունը փլուզվեց, մենք այլեւս չէինք հավատում, որ ադրբեջանցիների հետ խաղաղ, քաղաքակիրթ ձեւով կբաժանվենք իրարից, ինչպես Չեխիան եւ Սլովակիան:

Բայց մեզանից շատերն այդպես են մտածում, որովհետեւ դա՛ ենք տեսել մեր աչքով, դա՛ ենք զգացել մեր մաշկի վրա: Իսկ նրանք, ովքեր ապրել են մեզնից առաջ կամ նրանք, ովքեր խորացած են պատմական իրողությունների մեջ, հավանաբար, կհաստատեն, որ մեր ժողովրդի դեմ պատերազմն ընթանում էր նաեւ խորհրդային ժամանակաշրջանում՝ առանց հրացանների կրակոցների եւ հրանոթների համազարկերի: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, 1988 թվականին ժամանակին հայաբնակ Նախիջեւանում մնացել էր միայն երկու հայկական գյուղ: Կամ արդյո՞ք նույն Սումգայիթը խորհրդային շրջանում չէր:

Մնացած փաստերը չթվարկեմ՝ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է: Իսկ դրանից առաջ՝ Օսմանյան կայսրությունում մի՞թե հայերի դեմ պատերազմ չէր մղվում:

Միակ տարբերությունն այն է, որ 1918-20 թվականներին եւ 1991-ից սկսած մենք ունենք պետություն եւ բանակ, եւ հայորդիները հնարավորություն ունեն դիմադրելու մեր դեմ տարվող պատերազմում, իսկ դա, համաձայնեք, հսկայական տարբերություն է: Թուրքերը, ինչպես նաեւ 20-21-րդ դարերում նրանց գործիքը հանդիսացող ադրբեջանցիները, գերադասում են պատերազմել անզեն մարդկանց դեմ, ու երբ տեսնում են, որ իրենց դիմադրում են, դա, ըստ ամենայնի, նրանց համար անակնկալ է: Պարզապես պիտի հաշվի նստեն այն իրողության հետ, որ այլեւս անպատիժ չեն մտնի մեր տները, չեն սպանի կամ աքսորի անզեն մարդկանց:

Իսկ որ հարձակվել են եւ դեռ հարձակվելու են, դա, իր հերթին, չպիտի անակնկալ լինի մեզ համար: Հարձակվել եւ հարձակվելու են՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության, անգամ անկախ նրանից, արվում են մեր արտաքին քաղաքականության մեջ սխալներ, թե ոչ (իհարկե, արվում են, բայց դրա մասին խոսելու ժամանակը չէ): Հարձակվում են այսօր, հարձակվելու են նաեւ վաղը, եթե նույնիսկ մի քանի օրով, շաբաթով կամ ամսով հրադադար հաստատվի: Հարձակվելու են ժողովրդավարական, ավտորիտար կամ բռնապետական Հայաստանի վրա:

Պարզապես հրադադարի օրերին նույնպես պետք կլինի հասկանալ, որ պատերազմը շարունակվում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն».
    Եղիշե
    «Հարձակվում են եւ էլի կհարձակվեն» ձեր տան վրա: Դուք պատրա՞ստ եք պաշտպանել ձեր տունը:

  2. Հ.Շ. says:

    . Չէին յարձակեր, այս կերպով եւ այս տարողութեամբ չէին յարձակեր, եթէ անցած 28 ամիսների ընթացքին՝ զիրար բզկտելու ընթացքում չլինէինք, միաժամանակ՝ Ռուսաստանից հեռանալու չափազանցուած յաւակնութիւններ ցուցաբերելով:

    . Նախկինները (ներառեալ ԼՏՊ-ն) այս էին կամ այն էին, իրողութիւնը այն է որ, 1994-ից 2020՝ այս տեսակի ու այս չափով պատերազմ տեղի չէր ունեցած, եւ Թուրքիան չէր համարձակած այս աստիճան ռազմական ոտնձգութիւններու ձեռնարկել այս տարածաշրջանում: (Ի դէպ, վերեւ որ գրուել է, թէ շատերը չէին հասկանում որ անհնար է՝ ազերի թուրքերի հետ հաշտութիւն եւ գոյակցութիւն, այդ տեսակ հայերից շատ աւելի մեծ թիւով հայեր, ի մասնաւորի Հայաստանի եւ նոյնիսկ Արցախի մէջ, չէն հասկացած որ այդպէս է ոչ միայն ազերի թուրքերի պարագային, այլ նաեւ Թուրքիոյ թուրքերին: Երկուսին ել «թուրք» էիք կոչում, առանց գիտակցելու թէ միեւնոյն բանի մասին էք խօսում: Սակայն ոչինչ, թուրքերի հետ հաշտութեան հաւատացող, նոյնիսկ «թրքահայեր» ալ կային: Ու դեռ կը լինեն: )

    . Եթէ ռուս խաղաղապահներ տեղաւորուին, դրա յանցաւորը Ռուսաստանը չէ, այլ մենք: Որ չկարողացանք մենք մեզմով պահել մեր Արցախը: Եւ խօսքը վստահաբար մեր զինուորների մասին չէ, այլ՝ 1991-էն ի վեր մեր քաղաքական ղեկավարութիւններին: Բայց ոչ միայն: Քանզի 1994-էն ետք, ընդհանուր Հայութիւնը, բոլոր մակարդակների վրայ, սկսեց տեւաբար թուլանալ, անհոգ ու անգիտակից դառնալ, իր ազգային էութիւնը ժխտել եւ ուրանալ:

    Չդիմացանք:

  3. Քաղաքացի says:

    Եթե անցած 28 տարիների ընթացքում Հայաստան երկիրը նյութապես չոչնչացվեր, եթե անցած 20 տարիների ընթացքում չվաճառվեին Հայաստան երկրի ինքնավարությունը և ամբողջ ռեսուրսները Ռուսաստանին, եթե անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը չենթարկվեր անխնա թալանի, եթե անցած 20 տարիների ընթացքում մտածեին ոչ թե դղյակների, այլ սահմանին կանգնած զինվորի հագ-ու-կապի, սպառազինության մասին, եթե անարդարության և հուսալքության պատճառով երկրի կեսը չբռներ գաղթի ճանապարհը, ապա այսօր երկիրը շատ ավելի մարտունակ կլիներ: Եթե չլինեին վերջին 28 ամիսը, որի ընթացքում հայկական բանակը զգալի կերպով սպառազինվեց, ամրապնդեց բոլոր դիրքերը, ինժիներական հագեցվածության տեսանկյունից, զինվորը կուշտ փորով հաց կերավ և նորմալ կոշիկ ունեցավ, մենք ոչ թե 18 օր, 18 ժամ չէինք կարող դիմադրել այսպիսի հարձակմանը: Առաջին անգամն է, որ համոզված ենք՝ մեր հանգանակությունների ամեն մի լուման գնում է ի նպաստ մեր երկրի: Այսօրվա ռազմական attache-ն փաստում է, որ այսօրվա 20 տարեկան զինվորները արիությամբ և ռազմական հմտությամբ գերազանցեցին իրենց հայրերին: Աշխարհն է զարմացած այս փաստով: Այո, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, քանի որ նահանջելու տեղ այլևս չունենք: Կրկին անգամ ամրապնդվեցինք այն գիտակցության մեջ, որ ինքդ պետք է կարող լինես, հույսդ դնելով ինքդ քեզ վրա, այդ պարագայում դաշնակիցների պակաս էլ չես ունենա: Իսկ ռուսը ինպես որ կար, այնպես էլ մնացել է:

    • Հ.Շ. says:

      անցած 20 տարիների ընթացքում, այսպիսի պատերազմ տեղի չունեցաւ

      իսկ ամէն դէպքում, այդ ձեր կարծեցեալ «թերացումները» սրբագրելու համար, լիքը ժամանակ ունէր այժմու վարչակարգը

      հասկանալի է, որ չէք ուզում յանցաւոր զգալ ներկայի հարիւրաւոր մեր երեխաների մահուան համար, բայց՝ այդպէս է. այս պատերազմը ուղղակի՛ արտադրանքն է, ձեր այդ յեղափոխութեան

      “own it”, ինչպէս կ’ըսեն ամերիկացիները

  4. Լավատես says:

    Հարձակվում ենՔ եւ էլի կհարձակվենՔ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031