Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նպատակադրված տների վրա էին խփում». պատմում է 2 տարեկան Արծվիկի մայրիկը, որը կորցրել է դստերը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 14,2020 07:00

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ ոչ միայն Արցախի սահմանների ողջ երկայնքով՝ հայոց բանակի դեմ, այլև՝ իր մահաբեր զենքերն ուղղեց նոր արթնացող խաղաղ բնակչությանը: Առաջին հարվածներից Մարտունի քաղաքի իրենց տան բակում զոհվեց ութնամյա աղջնակ (պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ երեխան ինը տարեկան էր, սակայն ինը դեռ չէր բոլորել)։

Փոքրիկը վեր էր թռել հեռվից լսվող պայթյունների ձայնից ու հարազատների հետ շտապել նկուղ: Նրա եղբայրը՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած երկու տարեկան Արծվիկը, այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է:

Մայրը՝ տիկին Անահիտը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ նույնիսկ տագնապի ազդանշան չի եղել, միանգամից սկսվել են պայթյուններն իրենց տների վրա: «Տագնապի ձայն չենք լսել, միանգամից մեզ վրա պայթեց»,- ասաց նա:

Ամեն ինչ կատարվել է վայրկյանների ընթացքում, նկուղ հասնել չեն հասցրել: «Ես էի, փոքր տղաս՝ Արծվիկը, ութամյա աղջիկս: Հարևան կին կար, նրան ավելի մոտ էր հարվածը, ինքը մահացել էր տեղում: Տեգրակինս, որ ծանր վիրավորվեց… Ես ու ամուսինս ուշագնաց եղած վիրավորներին դրել ենք ավտոբուսի մեջ (ինքն էդ ավտոբուսի վարորդն է), տարել ենք Մարտունու հիվանդանոց, էնտեղ իմացել, որ աղջիկս ու հարևանը չկան արդեն… Տեգրակինս էր ծանր վիճակում, էրեխու հետ ուղարկեցին Ստեփանակերտ, հետո էլ՝ ինձ»:

Ճշտող հարցին՝ ինքն է՞լ էր վիրավոր, նա պատասխանեց. «Վիրավոր էի, ուղղակի էդ պահին ցավ չէի զգում, հետո էլ, դե, օգնում էի էն վիրավորներին, որ ուշագնաց վիճակում էին, իմ աչքերը բաց էին, ականջներս էին խլացած… Ու հենց էդ պահին, որ մենք ավտոբուսով շարժվեցինք, տեսանք, որ հարևանի կտուրին ռումբ գցեցին, տեսանք՝ ոնց տունը կրակ ընկավ: Նպատակադրված տների վրա էին խփում»:

Տիկին Անահիտը նշեց, որ իրենց տների մոտ չկան ռազմական օբյեկտներ, իսկ հարվածները գալիս էին ուղիղ տներին. «Խաղաղ բնակավայրի են խփում, խաղաղ բնակիչների»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031