Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի մեկնաբանությունը «Lragir.am» գործակալությանը Հունաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության կապակցությամբ

Հոկտեմբեր 14,2020 00:24

«Ողջունում ենք ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի նախօրեին Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պետք է ընդունեն և ընկալեն նախարար Ն. Դենդիասի հայտարարությունում հստակ ներկայացված ճշմարտությունը՝ «Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակների՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Միջերկրական ծովի հարավ-արևելք, ընդհանուր հայտարարը Թուրքիան է… Հենց Թուրքիան է գործում որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարող»։ Այս մասին Lragir.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան և շատ այլ երկրներ հաստատել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազում Թուրքիայի՝ մտահոգություն առաջացնող քաղաքական և ռազմական ներգրավման փաստը։

Արդեն երկու շաբաթ է միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ամերիկյան պետությունների կազմակերպության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) նախագահների, տասնյակ երկրների, հոգևոր առաջնորդների, առաջատար համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունների, հարյուրավոր խորհրդարանականների, միաձայն խոսում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, քաղաքացիական բնակչության պաշտպանության և բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտության մասին։

«Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մերժել այս կոչերը՝ ուղղորդելով և հրահրելով Ադրբեջանին՝ շարունակելու Արցախի ժողովրդի հանդեպ բարբարոսական և ցեղասպան գործողությունները», – ասել է Մասիս Մայիլյանը։

Կրակի դադարեցումից ադրբեջանա-թուրքական ուժերի փաստացի հրաժարումը միանշանակ ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան, որը չի հասել իր առջև դրված նպատակներին և այդ իսկ պատճառով շահագրգռված չէ պատերազմի ավարտով ու տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմամբ, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի ու միջազգային ահաբեկիչների ձեռքով Հարավային Կովկասում իր ծավալապաշտական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու փորձերից։

Արցախի ԱԳ նախարարը կարծում է, որ այժմ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի և տարածաշրջանում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրանքի ուժով գործողություններ։ «Անհրաժեշտ է կանգնեցնել արյունահեղությունը, սանձել Հարավային Կովկասում թուրքական էքսպանսիան, վերջ դնել Եվրոպայի խորհրդի տարածք միջազգային ահաբեկիչների արտահանմանը և Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներին։ Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ղեկավարները պետք է պատասխանատվության կանչվեն Միջազգային քրեական դատարանի առջև»,- գտնում է Մասիս Մայիլյանը։

«Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին ընտրել պատմության արդար կողմը և գործուն միջոցներով պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու իրավունքը», – նշել է Արցախի ԱԳ նախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031