Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ տնտեսվարող սուբյեկտները պետք է այս պահին պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները պետության նկատմամբ. «Փաստ»

Հոկտեմբեր 14,2020 09:30

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս օրերին կարևորում է այն մոբիլիզացիան, որը ցույց տվեց մեր հասարակությունը: «Հայ ազգը չափազանց մեծ մոբիլիզացիա ցույց տվեց: Իհարկե, հասկանալի է, որ մեր տնտեսությունն այդքան էլ լավ վիճակում չէ: Մինչ այս էլ կային խնդիրներ թե՛ տնտեսական հարաբերությունների, թե՛ աշխատատեղերի, թե՛ նոր բարիք ստեղծելու, թե՛ նաև եկամուտների առումով: Բայց, անկախ այդ առկա խնդիրներից, գոյություն ունեցող այս պատերազմական իրավիճակում մեծ մոբիլիզացիա եղավ: Այդ դեպքում մեր յուրաքանչյուր քաղաքացի առաջնորդվեց պետության կարևորության հրամայականով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա մի քանի կարևոր հանգամանք առանձնացրեց այս պահի համար: «Ընդհանրապես, թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ տնտեսվարող սուբյեկտները պետք է այս պահին պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները պետության նկատմամբ:

Հարկերը պետք է պատշաճ ձևով վճարել: Երկրորդ կարևոր հարցը պետք է լինի դրանց չափազանց ռացիոնալ օգտագործումը: Խոսքը թե՛ բյուջետային ծախսերի, թե՛ «Հայաստան համահայկական հիմնադրամին» նվիրաբերած գումարների մասին է: Պետք է ապահովվի այդ ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հստակ լինի այն նպատակը, որի համար ուղղվում կամ ուղղվելու են ծախսերը: Որքան էլ նվիրատվությունները կարևոր են, բայց ինչպես բոլոր երկրների համար, այնպես էլ մեզ համար հիմնականը բյուջեն է: Բյուջեն է, որ կարողանում է լուծել հատկապես սոցիալական բնույթի խնդիրները»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ դրամը, այնուամենայնիվ, շարունակում է կայուն մնալ, տնտեսագետը կարևորեց Կենտրոնական բանկի դերը: «Կենտրոնական բանկը իր ձևավորման օրվանից մինչ օրս, թերևս, ամենակայացած և շուկայական ժամանակակից մեխանիզմներին ամբողջությամբ համապատասխանող ինստիտուտն է:

Բոլոր դեպքերում, ԿԲ-ն իր գործիքակազմով, իր մոտեցումներով, փաստորեն, անում է գրեթե անհնարինը՝ թե՛ վարկային ինստիտուտը կարգավորելու, թե՛ փոխարժեքը պահպանելու տեսանկյունից»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031