Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ երաժիշտներն աջակցում են Հայաստանին

Հոկտեմբեր 14,2020 12:00

ՀԱՖ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ներկայացնում է նրանց ոգեւորող նամակները

Վերջին 20 տարում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (ՀԱՖ) նվագախումբը մեր մշակութային օջախներից ամենաշատն է հյուրընկալել երաժիշտների ողջ աշխարհից։

«Առավոտի» հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեզ տրամադրեց պատերազմական օրերին նրանց մի մասի նամակները։

Լեգենդար թավջութակահար Սթիվեն Իսերլիս (Անգլիա)
«Ես պաշտում եմ Հայաստան այցելելը, որտեղ ես այնքան շատ եմ եղել, որտեղ ես այնքան շատ ընկերներ ունեմ, քանզի երբ դու մեկ անգամ ընկերանում ես հայերի հետ, նրանք դառնում են ողջ կյանքի համար ընկերներ: Ես ցավում եմ, սա այնքան դժոխային է: Ես գիտեմ՝ ոչ ոք չի ուզում պատերազմ։ Ես ուզում եմ, որ դուք ապահով ու առողջ լինեք, իմացե՛ք, որ ձեր ընկերները սպասում են, որ այս ամենը շուտ ավարտվի։ Համբուրում եմ հայկական հողը»։

Լիոր Շամբադալ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր (Իսրայել)
«ՀԱՖՆ-ի իմ սիրելի ընկերներ եւ գործընկերներ, Հայաստանի երաժիշտներ, իմ սիրտը ձեզ հետ է, եւ ես աղոթում եմ ձեր անվտանգության եւ խաղաղության համար: Ես հպարտանում եմ հայի ոգով, դուք պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։ Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են, որ դուք շարունակեք նվագել եւ խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ»:

Աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկո (Ռուսաստան)
«Պատերազմը սարսափելի սատանայական գործիք է, որը ոչ միայն զրկում է մեզ ապագայից, այլեւ որպես չբուժվող վերք մնում է մեր պատմության մեջ։ …Ես պացիֆիստ եմ: Ողջ սրտով ու հոգով ես դեմ եմ, որ մարդը զենք վերցնի մեկ այլ անձի դեմ: Մենք եղբայրներ ու քույրեր ենք բոլորս այս մոլորակի վրա: Ես եղել եմ եւ կլինեմ նրանց հետ, ովքեր այսօր տառապում են, ովքեր հուղարկավորում են իրենց ծնողներին եւ երեխաներին, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն իրենց ժողովրդի, իրենց երկրի հրաշալի ու խաղաղ ապագայի: Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, ինձ հնարավորություն ընձեռվեց ղեկավարել Տիգրան Մանսուրյանի գրած հիանալի Թավջութակի կոնցերտը (խմբ.՝ հայերի Ցեղասպանությանը նվիրված)։ Այդ կոնցերտը կրում է «Ո՞ւր է Աբել եղբայր քո» ենթավերնագիրը»:

Բրունո Մանտովանի՝ կոմպոզիտոր, դիրիժոր (Ֆրանսիա)
«Ես եղել եմ Ստեփանակերտում եւ Արցախի այլ տարածքներում, դա հրաշալի լեռնային վայր է՝ շատ գեղեցիկ անտառներով։ Հայկական մշակույթն ու ճարտարապետությունը, ոչ միայն եկեղեցական, շատ մեծ ժառանգություն է տարածաշրջանի համար։ Եվ բոլոր նրանց համար, ովքեն գիտեն Հայաստանի եւ Արցախի պատմությունը, մեծ հարված է ներկա պահին տեղի ունեցող բարբարոսական եւ կործանարար կոնֆլիկտը։ Տեսնում ենք, թե ինչպես է մի երկիր փորձում ներխուժել հայերին պատկանող հողը՝ թողնելով իր հետեւից բազմաթիվ զոհերի: Բոլոր ինձ դիտող հայերին հայտնում եմ իմ անսահման նվիրվածությունը, կապվածությունն ու աջակցությունը այս փորձությունը հաղթահարելու հարցում: Գիտեմ, ինչպիսի մեծ զոհաբերությունների եք գնում, բայց իմացեք, որ Ֆրանսիայի բնակչության մի մեծ մաս ձեր կողմից է եւ իմացեք՝ այս ամենը շատ շուտ կավարտվի եւ խաղաղությունը կդառնա սովորական բան այդ գեղեցիկ տարածաշրջանի համար»:

Դայշին Կաշիմոտո՝ անվանի ջութակահար (Ճապոնիա)
«Ես իսկապես ցնցված ու տխուր եմ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցող հիմնախնդրի վերաբերյալ ողբերգական լուրերով։ Որպես երաժիշտ, ես հավատում եմ ներդաշնակությանը ոչ միայն երաժշտության մեջ, այլ հատկապես մարդկանց միջեւ, ես հավատում եմ համերաշխությանն ու աջակցության ուժին՝ սահմանների ու պատերի փոխարեն։ Պատերազմը բացարձակ անընդունելի է եւ խորապես տխրեցնում է ինձ։ Ես խստորեն հորդորում եմ պատասխանատուներին անմիջապես դադարեցնել բռնությունը եւ անհապաղ եղանակ գտնել խաղաղության վերադառնալու համար»։

Յենս Բրաուն՝ Գրեմմի մրցանակակիր, Bis Records-ի ձայնային ռեժիսոր (Գերմանիա)
«Պատերազմն անիմաստ է, այն ոչինչ չի բերում, բացի մարդկային տառապանքից ու դժբախտությունից, ովքեր անցնում են դրա միջով: Այն ավերում է կյանքեր, հազարավոր կյանքեր, երբեմն՝ մի ողջ սերնդի: Ես անչափ մոտ եմ իմ բազմաթիվ հայ ընկերների հետ: Ես բախտ եմ ունեցել աշխատել նրանց հետ ինչպես Երեւանում, այնպես էլ արտասահմանում, ես բազմաթիվ նախագծերի եմ մասնակցել հայ երաժիշտների, կոմպոզիտորների եւ դիրիժորների հետ: Այդ մարդկանց ես սրտիս խորքում եմ պահում՝ հատկապես այս օրերին»:

Աննա Տիֆու, ջութակահարուհի (Իտալիա)
«Սիրելի՛ ընկերներ, կարծում եմ՝ բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ է կատարվում հիմա Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Բոլորդ էլ, ինչպես եւ ես, եղել եւ աշխատել եք Հայաստանում կամ աշխարհի որեւէ այլ վայրում հայերի հետ։ Ձեր փորձով կարող եք փաստել, թե ինչ ասել է նրանց համար ընկերություն եւ թե ինչ արժեքների կրողն են նրանք։ Դժվարության ցանկացած պահի հայը հաստատ կզանգահարի՝ ճշտելու համար՝ ինչպե՞ս ենք ու ինչի՞ կարիք ունենք՝ իսկապես պատրաստ լինելով օգնել։

Ագրեսորների ու ահաբեկիչների դեմ կռիվ տալով՝ այժմ նրանք ունեն մեր օգնության կարիքը։ Աշխարհը լուռ է, բայց մենք չպետք է լռենք։ Հիմա չափազանց կարեւոր է ճիշտ գործողություններ անել։ Եկե՛ք բոլորս կանգնենք Հայաստանի կողքին։ Նրանք խաղաղություն են ուզում, իսկ մենք պետք է աջակցենք նրանց այս պայքարում»:

Դիմուտ Պոպեն՝ ալտահարուհի (Գերմանիա)
«Ողջույն, սա ընդամենը մի փոքրիկ հաղորդագրություն է գեղեցիկ ու խաղաղ Շվեյցարիայից՝ ի աջակցություն հայերի։ Իմ կյանքի ընթացքում ես շատ անգամներ եմ այցելել Հայաստան եւ շփվել ՀԱՖՆ-ի ու ճանաչված դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: … Հայաստանը մի երկիր է, որը ես անսահման սիրում եմ: … Հայաստանը տեսել է Ցեղասպանություն եւ տառապել է ավելի, քան կարելի է։ … Տեսնել ատելությունից դրդված հանցագործություններ՝ այրված եկեղեցիներ, ավերվող դպրոցներ, ինձ անսահման տխրեցնում է։ Սա անընդունելի է։ Ես հղում են հույսի եւ լույսի ջերմագույն ողջույններս իմ հայ քույրերին եւ եղբայրներին Հայաստանում եւ իմ բոլոր հայ երաժիշտ ընկերներին Սփյուռքում»։

Պատրաստեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031