«Հայրիկիս ընկերոջ տղան ժամկետային զինծառայող է, սահմանին կանգնած։ Շատ էինք վախեցել, ոչ մի լուր չունեինք։ Ամբողջ օրը լարված զանգում էր ընկերոջը, լուր իմանալու։ Երեկոյան հայրիկս ինձ տարավ պարապմունքի եւ ասաց, որ գնում է ընկերոջ տուն, այս ծանր պահին նրա ընտանիքի կողքին լինելու եւ աջակցելու»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է 16-ամյա Էլենը՝ նկարագրելով այն ապրումները, երբ հայրն էլ է ասել, որ պատրաստվում է Արցախ մեկնել: Էլենը ադրբեջանական բանակի հարձակման մասին լուրը հորից է լսել՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան: Նրա խոսքով, հայրն այդ գիշեր ուշ է վերադարձել եւ հայտնել, որ գնում է. «Սկզբում մտածեցի, թե կատակում է լարվածությունը թուլացնելու համար, բայց, երբ տեսա, որ իջավ խանութ ու մի քանի տուփ ծխախոտ գնեց, հասկացա, որ ամեն ինչ լուրջ է։ Հայրս բանակում ծառայելու տարիներին ավագ լեյտենանտ է եղել եւ բնական է, որ նման իրավիճակում առաջին հերթին առաջնագիծ նրան եւ այլ հմուտ զինվորականների էին տանելու»։
Ասում է՝ տնից դուրս գալիս հայրը ժպիտով է հրաժեշտ տվել եւ մինչեւ զինկոմիսարիատ մեկնելն անգամ դստերը դպրոց է տարել. «Դպրոց գնալու ճանապարհին ոչինչ չխոսեցինք։ Ոչ նա որեւէ բան բացատրեց, ոչ էլ ես ավելորդ հարցեր տվեցի։ Դպրոցի մոտ հրաժեշտ տվեցի նրան, համբուրեցի, ամուր գրկեցի ու խնդրեցի խոստանա, որ անպայման վերադառնալու է` ողջ եւ առողջ»։
Էլենի խոսքով, հոր մեկնելն իր վրա սկզբնական շրջանում ծանր ազդեցություն է թողել. «Գիտակցում էի, որ այս ամենը 2-3 օրում չի ավարտվելու, այլ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Արցախի հարցին վերջնական լուծում տրվի։ Վախենում էի, շատ էի վախենում, որ հանկարծ պատերազմում արձակված մի փամփուշտը ճակատագրական կլինի ինձ ու ընտանիքիս համար։ Մեկնելու առաջին օրից ի վեր օրական ընդամենը մի անգամ էր զանգում հնարավորության դեպքում, նույնիսկ դեպքեր են եղել, երբ օրերով լուր չենք ունեցել նրանից։ Զանգերն էլ շատ կարճ էին տեւում. համոզվում էի, որ ողջ եւ առողջ է, քաղցած չէ, չի մրսում եւ վերջ։ Հիշում եմ՝ մի անգամ պատերազմի 4-րդ օրը զանգեց եւ կարողացա խոսափողի այն կողմից լսել կրակոցների ձայնը։ Այդ պահին ինձ ռազմաճակատում զգացի. այդ ամենը այնքան մոտ էր, այնքան սարսափելի, որ մարմնովս դող անցավ։ Շատ զարմացա հորս հանգստության վրա, ասաց` ուր որ նա գնացել է միշտ կրակոցի ձայներ է գալիս եւ ամեն ինչ սովորական է դարձել արդեն»,-պատմում է Էլենը։
Հայրն ասել է, որ Արցախը գեղեցիկ վայր է, եւ երբ այս ամենը վերջանա անպայման ընտանիքով գնալու են այնտեղ, արդեն ազատ ու անկախ Արցախ՝ ժինգյալով հաց ուտելու: Էլենն ասում է՝ ժամանակի հետ ավելի գիտակցաբար է մոտենում հարցին. «Եթե ասեմ, որ էլ չեմ վախենում, որ անհանգստությունս իսպառ վերացել է, չէ, բայց արդեն սկսել եմ իրավիճակին սթափ նայել։ Հասկացել եմ, որ հայրս, քեռիներս ու եղբայրներս հիմա առաջնագծում կանգնած են իմ հանգիստ քնի, իմ ապագայի, իմ ընտանիքի խաղաղ կյանքի համար։ Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ հպարտ եմ, շատ հպարտ եմ, որ ունեմ նման հայր ու եղբայրներ, որոնք ամեն ինչ անում են իրենց հարազատներին պաշտպանելու համար։ Արդեն քանի գիշեր է գլուխս հանգիստ դնում եմ բարձին, քանի որ հավատում եմ այն հզոր տղաներին, որ ապահովում են իմ խաղաղ քունը»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այդ հավատը հոր եւ հայ զինվորների ուժի նկատմամբ՝ ներքին խաղախություն է տվել իրեն, քանի որ հասկացել է այն փաստը, որ նրանք գիտեն՝ ինչ են անում, որ դա անում են հանուն իր, հանուն իրենց ընտանիքների ու հայրենիքի։
«Այս պատերազմը շատ բան փոխեց եւ դեռ կփոխի իմ կյանքում։ Սկսեցի հասկանալ ու գնահատել այն, ինչ ունեմ, այն ինչ տվել է ինձ Աստված ու այն, որ այս աշխարհում խաղախությունից վեր ոչինչ չկա։ Հպարտ եմ իմ ազգով, որը այս օրհասական պահին այսչափ միասնաբար ու համախմբված է գործում, հպարտ եմ այն 7 տարեկան երեխայով, որը փորձում է անել ամեն բան, իր փոքրիկ լուման ունենալու համար այս գործում, հպարտ եմ այն ծնողով, որն արցունքն աչքերին, բայց ժպիտը դեմքին ճանապարհում է իր որդուն հայրենիքի համար պայքարելու, քաջ գիտակցելով, որ այնտեղից քչերն են վերադառնում։ Հպարտ եմ այն 18-19 տարեկան հայրենասեր տղաներով, որոնք ռազմաճակատում առանց վախի պայքարում են իրենց հայրենիքի, իրենց պատկանող այդ փոքր հողակտորի համար»,-ասաց Էլեն Չախոյանը։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2020